Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ ստեղծման արմատներում կանգնած մարդուն ասել՝ գլուխը պատին է տալիս, պատիվ չի բերում խորհրդարանին»․ Գեղամ Նազարյան

Մարտ 01,2023 12:48

Ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ լիագումար նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցադրում էր արել՝ բռնարարների համար կես միլիարդ դրամով ձեռնաշղթաներ գնելու փոխարեն ավելի լավ չէր լինի՞, եթե այդ գումարն օգտագործվեր թմրանյութերի շրջանառությունը կանխելու համար, որովհետեւ ընտանիքում բռնությունների մեծ մասը թմրամոլության հետեւանք է նաեւ։ Նույն խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն էլ խնդրել էր պարզաբանել, թե ինչի՞ց են եզրահանգել, որ հենց 200 հատ այդպիսի ձեռնաշղթա է պետք գնել։

Ամբիոնին մոտեցած ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խոսափողից միացրեց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարություններից մի հատված ու ասաց․ «Ամրագրենք, որ ըստ նրա՝ ՀՀ-ում կան 10% անասունների ընտանիքներ։ Ձեր վարչապետի թեկնածուն է։ Հետո աղմուկ է բարձրանում, ասում են՝ էս ի՞նչ է խոսում այս մարդը, հո հիվա՞նդ չի։ Իսկ շարժման անդամները դա պարզաբանեցին այսպես, որ Վազգեն Մանուկյանի այդ խոսքը վիճակագրական տվյալների մասին է, որում կանայք եւ երեխաները ենթարկվում են ընտանեկան բռնության․․․երկու տարի առաջ ձեր թեկնածուն ասում էր, որ ՀՀ-ում 10% անասունների ընտանիքներ կան։ Գլուխը պատին է տալիս իհարկե, որ նման բան է ասում։ Եվ հիմա դուք ասում եք՝ այդ երկու հարյուր թիվն իրակա՞ն է։ Ձեր վարչապետի թեկնածուն 300 000 ընտանիքների մասին էր խոսում»։

Ելույթին արձագանքելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեգնեց․ «Դե լավ, մարդիկ սխալվել են, վարչապետի սխալ թեկնածու են ընտրել, ամեն անգամ երեսով տալ կլինի՞»։

Նախ, մեջբերենք Վազգեն Մանուկյանի խոսքի շարունակությունը եւս․ «Այդպիսի մարդիկ իրավունք չունեն կին ու երեխա ունենալ։ Պատկերացնում եմ՝ ինչ բռնություններ են տեղի ունենում նման ընտանիքներում․․․Առնվազն 10 տոկոս ընտանիք կա, որ անասունների ընտանիք են: Խոսքը նրանում է, թե մենք կարո՞ղ ենք այդ անասունների ընտանիքը բուժել, ոնց բուժենք, որովհետեւ դրանք համարյա հիվանդ մարդիկ են: Այդ չկամեցող մարդիկ կան, դրանք երեւի մարդկային հոգեբանական վիճակն են: Շատ փոքր մարդուն, երբ իշխանություն ես տալիս, ինքը ինչ ասես կանի: Իսկ հիմա դու իր ընտանիքում տվել ես իրեն 100 տոկոսանոց իշխանություն, դու պատկերացրու ինչեր կանի: Մեր խնդիրը նա չի, որ այդ մարդկանց ձեռք տալով՝ ավանդական ընտանիքներ քայքայվեն: Մեր խնդիրն է գտնել այն նուրբ միջոցը, որը սրանց կվերացնի, բայց մնացած ընտանիքները կպահի մեր ավանդական արժեքների մեջ: Դա է մեր խնդիրը…Մենք ունենք պրոբլեմ եւ այդ պրոբլեմը պիտի լուծենք»։ Սա 2017թ․-ի հայտարարություն է ՀՀ հանրային խորհրդի նիստից՝ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քննարկումների ժամանակ։

Ապա Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց՝ ընտանիքում բռնության դեմ պայքարը կարեւոր է, բայց պատճառների վերացման մասին է պետք մտածել, ոչ թե միայն հետեւանքները վերացնելու․ «Ավելի մեծ ֆինանսական միջոցներ պետք է կիրառվեն՝ պատճառները վեր հանելու եւ չեզոքացնելու համար»։

Ապա ՔՊ-ից Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ուզում է քաղաքացիներից ներողություն խնդրել այս քննարկման որակի՝ ընդդիմության հնչեցրած հարցադրումների համար։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ցավ արտահայտեց, որ ընտանեկան բռնության մասին քննարկումը զվարճանքի առարկա դարձավ։

Հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձավ Ալեքսանյանի ասածներին․ «Անկախ նրանից, թե այս կամ այն քաղաքական գործչի մասին ինչ կարծիք ունենք, բոլորին կոչ եմ անում․ ՀՀ ստեղծման արմատներում կանգնած մարդուն ասել՝ գլուխը պատին է տալիս, պատիվ չի բերում խորհրդարանին եւ առաջնահերթ մեր վարկն է գցում»։

Դահլիճից արձագանքներ եղան։ «Պարոն Աղազարյան, մարդը բան է ասում։ Կարծում եմ՝ պետք է ընդունել»,-տեղից ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031