Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Սևակ Վարդումյան

Մարտ 01,2023 13:04

Վերածնունդ՝ Արցախյան երկրորդ շարժում սկսելով

Այս օրերին, երբ հայ հասարակությունը մտովի 35 տարի հետ է գնացել ու հիշում է՝ ինչպես էր մեկ մարդ դարձած՝ Երեւանի Թատերական հրապարակից (այժմ՝ Ազատության)  «Ղա-րա-բաղ» վանկարկում, աչքիս առաջ դեռ ամիսներ առաջ՝ 2022-ի տարեվերջին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած երկու հանրահավաքներն են գալիս՝ մեկը հոկտեմբերի 30-ին, մյուսն արդեն Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց հետո՝ դեկտեմբերի 25-ին։

Ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ հանրահավաքի ժամանակ Ստեփանակերտում չեմ եղել (երկրորդին ներկա լինել չէի էլ կարող, Բաքուն արդեն փակել էր Լաչինի միջանցքը), տեղի ունեցող իրադարձություններին ուղիղ եթերով եմ հետեւել, ու հավատացնում եմ՝ հայկական երկրորդ հանրապետությունից եկող ֆանտաստիկ էներգիան, չհանձնվելու, չկոտրվելու, Արցախը հայկական պահելու արցախցու վճռականությունն անգամ էկրաններից այս կողմ կարելի էր զգալ։

Այսօր, երբ Հայաստանն ու Արցախն իսկապես պատմական ծանր օրեր են ապրում, ու բոլորիս համար է մշուշոտ հայկական երկու հանրապետությունների ճակատագիրը, մարդիկ մեկը մյուսին կամ պարզես իրենք իրենց, մտքի մեջ, դեռեւս պատասխաններ չունեցող հարցեր են տալիս՝ ի՞նչ անել, ո՞ւմ սպասել, ավելի ճիշտ՝ ո՞ւմ փնտրել իրար ատող ու չհանդուրժող հասարակության մեջ։

Պատմությունը վկայում է՝ հիմնախնդիրների լուծումը միշտ էլ որակյալ փոքրամասնությունն է հանձն առնում, ու երբ արդեն ուղենշվում է հաջողության հասնելու գրավականը, մեծամասնությունը գնում, կանգնում է այն փոքրամասնության կողքին, որին գուցե ամենատարբեր որակումներն է տվել։ Մեկ բան նույնպես հստակ է՝ մարդիկ կառավարության գլխին, ամբիոնի մոտ ու երկիրը ներկայացնող միջազգային ամենատարբեր հարթակներում վճռական մարդու, ոչ թե օդը թրատող ճառասացի են ուզում տեսնել։ Հարցի պատասխանը, թե ո՞ւմ կամ ինչի՞ սպասել, ըստ իս՝ Արցախյան երկրորդ շարժում սկսելու մեջ է։ Հայաստանը՝ որպես պետություն, ձեւավորվել ու անկախացել է Ղարաբաղյան շարժմամբ, Արցախի ազատագրումն է Հայաստանին Հանրապետություն դարձրել։ Ու թեեւ 1988-ից մինչեւ մեր օրեր Արցախը ստիպված եղավ մի քանի պատերազմների միջով անցնել, բայց Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանն ու հայերը կարողացան հայկական երկու հանրապետություն հռչակել, կերտել ու պահել դրանք։

Հայաստանի հետագան, վստահ եմ, ինչպեսեւ 1988-ին, այնպես էլ այժմ Արցախից է կախված: Հենց Արցախյան երկրորդ շարժումը կարող է շնչառության տալ  44-օրյա պատերազմից հետո այդպես էլ ուշքի չեկող Հայաստանի հանրապետությանը, այս օրերին կենաց-մահու կռիվ տվող շրջափակված Արցախին ու հայությանը ոտքի հանել: Ստեփանակերտից եկող ազդակներն իրական բալասան կարող են դառնալ համայն հայության համար, հետեւաբար՝ վերընձյուղվելու համար նորից Արցախի ու Արցախյան հարցի շուրջը միաբանվելու կարիք կա, քանի որ պահն, այո, օրհասական է, մե՜ծ պայթյունն՝ անխուսափելի: Եվ ուրեմն՝ պետք է գործել Երեւանից, բայց՝ Արցախի օրակարգով:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031