Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ շղթա՝ ընտանիքում բռնություն կատարածի ձեռքին․ կծախսվի մոտ կես միլիարդ դրամ

Մարտ 01,2023 12:08

Ընտանիքում բռնության կանխարգելման համար ՀՀ ներքին գործերի նախարարությունը հեղինակել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումների նախագիծը, որով նախնական հաշվարկներով հատուկ հսկողության 200 ձեռնաշղթաներ ձեռք կբերվեն՝ բռնություն գործադրած անձանց ամրակցելու համար։ Նախագիծն այսօր քննարկվում է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում։

Նախագծի զեկուցող, ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանից (լուսանկարում) ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվեց՝ հայտնի է, որ արդեն կիրառել են նման սարքեր, եւ դրանք արդյունավետ են․ որքա՞ն գումար է պահանջվելու դրանք ձեռքբերելու համար։

Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ 560 միլիոն դրամ կպահանջվի համակարգի ամբողջական ներդրման համար․ «Ներպետական մատակարարող չունենք։ Փորձում էինք գտնել։ Եղավ փորձ, բայց այն հաջող չէր։ Հիմնական մատակարարները միջազգային են»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հարցրեց՝ քանի՞ կին ու երեխա է բռնության ենթարկվել․ «Իրո՞ք այդ մակարդակի է բռնությունը ընտանիքներում, որ կարիք է առաջացել կես միլիարդ ծախսել՝ այդ համակարգը ներդնելու համար»։

Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ միայն 2022թ․-ին ընտանիքում բռնության մասին 1547 հաղորդում են ստացել․ «Ընտանիքում բռնության դեմ պայքարը շատ կարեւոր է։ Եթե անգամ մեկ դեպք ունենանք, ապա այն ազդակ է, որպեսզի քայլեր ձեռնարկենք»։

Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Լավ է, որ բռնության ենթարկվողին պաշտպանում ենք, բայց չեք մտածե՞լ, որ պետությունը նաեւ խնդիր ունի այդ կես միլիարդի կեսը գործածելով՝ պարզել պատճառները։ Օրինակ՝ թմրանյութերի սարսափելի տարածում կա։ Լավ չէր լինի՞ այդ գումարով թմրանյութերը տարածողներին հայտնաբերել, որովհետեւ ընտանիքում բռնությունները լինում են նաեւ թմրամոլության պատճառով»։

Փոխնախարարը համաձայնեց, որ թմրամոլությունը բռնության պատճառներից մեկն է, բայց չի կարելի կենտրոնանալ մեկ ոլորտի վրա եւ անտեսել մյուսները։

ՔՊ-ից Էդուարդ Աղաջանյանն էլ հարցրեց՝ այդ համակարգն ինչպե՞ս է աշխատելու։ Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Սա կկիրառվի այն դեպքում, երբ նախազգուշացում կատարելուց հետո մեկ տարում անձը կրկնակի խախտում կանի։ Էլեկտրոնային հսկողության միջոցը բռնարարի ձեռքին կամ ոտքին համապատասխան շղթայի ամրացում է ենթադրում։ Բռնության ենթարկվածի մոտ եւս սարք է տեղադրվելու, որպեսզի մոտենալուն պես ազդակը ստանանք։ Ոստիկաններն են ստանալու ազդակը»։

Ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նախագծի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանին հարցրեց՝ որտեղի՞ց են եզրահանգել, որ հենց 200 հատ ձեռնաշղթա պետք է ձեռք բերեն, լուրջ ուսումնասիրություն կա՞։ Մարինա Ղազարյանը պատասխանեց, որ միջազգային փորձն են ուսումնասիրել. «Փորձագետներն են նշել, որ կա 200 դեպք»։ Կյուրեղյանը կրկնեց հարցը՝ որտեղի՞ց ծնվեց 200 թիվը։

Մարինա Ղազարյանը վրդովվեց․ «Կներեք էլի, այնպիսի հարց եք տալիս, աբսուրդ է։ Ես չեմ տվել այդ թիվը»։

Հետո պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց՝ ՀՀ-ում ընտանիքներում բռնության դեպքերն իրականում ավելին են, քան արձանագրված թվերը։

ՔՊ-ից Էդուարդ Աղաջանյանն էլ ելույթում դիմեց Արմենուհի Կյուրեղյանին․ «Փոխնախարարն ասեց, թե ընդհանուր քանի ահազանգ կա տարվա կտրվածքով։ Բա այդ թիվը որտեղի՞ց, տիկին Կյուրեղյան։ Ինքներդ ճշտեք այդ թվերը, հետո խոսեք»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031