Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյան․ Արցախի ժողովուրդն այս իրավիճակում ևս ի ցույց դրեց իր իմաստությունը և այս ծանր պայմաններում խոր գիտակցումով մոտեցավ իրավիճակին․ «Դրօշակ»

Մարտ 01,2023 11:56

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ

—Արդեն երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Այս աննախադեպ իրավիճակում ի՞նչ մթնոլորտ է Արցախում և ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրությունը:

—Անցած երկու ամսվա ընթացքում կուսակցական մարմինները և ԱՀ ԱԺ պատգամավորները առիթներ ունեցել են անմիջականորեն շփվելու ժողովրդի հետ և ստուգելու ժողովրդի ընդհանուր տրամադրությունն ու տրամադրվածությունը: Անշուշտ, բավականին բարդ է իրավիճակը. 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո պատերազմի ծանր հետևանքների պայմաններում քաղաքական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, բարոյահոգեբանական և ամենակարևորը՝ անվտանգային առումներով Ադրբեջանը ձեռնարկում է հերթական քայլը, որն ունի հատուկ նպատակ՝ բարոյահոգեբանական ճնշում գործադրել և Արցախից ժողովրդին տարհանելու գաղափար սերմանել: Ժողովրդի տրամադրվածությունը շատ համահունչ է այն գաղափարներին ու նպատականերին, որոնք մենք նախանշել ենք 1988-ին, այն մոտեցումներին, որ վերջին 30 տարիներին տիրում էր ոչ միայն Արցախում, այլև ընդհանրապես համայն հայ ժողովրդի մեջ: Շատ կարևոր է, որ Սփյուռքի մեր հայրենակիցներին ևս փոխանցվի այս պատգամը և այստեղ տիրող տրամադրությունը. Արցախը շարունակում է պայքարը:

—Որքանո՞վ է Արցախի իշխանություններին հաջողվել ապահովել կենսագործունեությունը, ինչպե՞ս են գործում պետական հիմնարկները, սպասարկման և մյուս ծառայությունները:

—Սա սովորական իրավիճակ չէ, պետք է հասկանալ, որ գտնվում ենք ոչ միայն պատերազմական, արտակարգ իրավիճակում, այլև այնպիսի իրավիճակում, որի մեջ կայինք 90-ական թվականների սկզբին: Հիշենք, որ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղը ամբողջապես կտրված էր մայր հայրենիքից, չկար ցամաքային կապ, մեր կապը մասամբ ապահովվում էր օդային ճանապարհով, ավելի ստույգ՝ ուղղաթիռներով, իսկ այսօր օդային ճանապարհը փակ է, ցամաքային կապն ամբողջովին արգելափակել են Ադրբեջանի, այսպես կոչված, «էկոակտիվիստները» և ստեղծել նոր իրավիճակ:
Իշխանությունների ձեռնարկած քայլերի շնորհիվ հնարավորություն է ընձեռվել նախ և առաջ ճշգրտել մեր ունեցած կարողությունները, մեր անվտանգային պարենային պաշարները, ռեսուրսները, ինչպես նաև մշակել բաշխման համապատասխան մեխանիզմներ։ Սահմանած կտրոնային համակարգը մեղմել է ընդհանուր կացությունը և ստեղծել համակարգված իրավիճակ: Թեև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի, ինչպես նաև ռուս խաղաղապահների հետ վարած բանակցությունների շնորհիվ հնարավորություններ են ստեղծվել, այդուհանդերձ շատ կարևոր է ժողովրդի կողմից իրավիճակի ընկալման գիտակցությունը: Հավանաբար մեր թշնամիները ակնկալում էին նաև ներքին սոցիալական ընդվզումներ, բայց Արցախի ժողովուրդն այս իրավիճակում ևս ի ցույց դրեց իր իմաստությունը և այս ծանր պայմաններում խոր գիտակցումով մոտեցավ իրավիճակին, նույնիսկ իշխանությունների բացթողումներն ու որոշ վրիպումներ աննկատ մնացին: Ստեղծվել է կառավարելի կացություն, ընդհանուր մատակարարումները բավարարում են բնակչության գոնե նվազագույն կենսական պահանջները:

— Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ, ի՞նչ կարող էր անել և ի՞նչ պետք է աներ Հայաստանի իշխանությունը:

—Վերջին չորս տարիներին առիթներ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։ Հետպատերազմյան շրջանում ակնհայտ էր, թե ինչպիսի քաղաքական գիծ են ընդունել Հայաստանի իշխանությունները, ինչի հետևանքով մենք հայտնվել ենք քաղաքական մեկուսացման մեջ: Անցած 30 տարիներին ԱՀ և ՀՀ համատեղ գործունեության շնորհիվ մենք կարողացել ենք ստեղծել մեզ համար կենսունակ պայմաններ: Հետպատերազմյան շրջանում առավել անհրաժեշտ էր, որպեսզի ՀՀ իշխանությունները հոգածություն տածեին և նաև նոր քաղաքական վարքագիծ դրսևորեին Արցախի ապագայի և այն հիմնախնդիրների նկատմամբ, որոնք ծառացած են մեր առջև: Ցավոք սրտի, հակառակ գործընթացն է ընթացել և ընթանում. Հայաստանի իշխանությունները որոշ նյութական և սոցիալական խնդիրների լուծման փաստերը ներկայացնելով որպես Արցախի ժողովրդին և Արցախի ապագային միտված հիմնական աջակցություն ու օժանդակություն՝ թյուր տպավորություն են փորձում ստեղծել:

Արցախի հարցով կարևոր են Հայաստանի իշխանությունների կողմից երկու ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքական և անվտանգային: Անշուշտ, անվտանգային հարցերն առաջնային են:

Անվտանգային համակարգի մեջ մենք նախ և առաջ դիտարկում ենք Հայաստանի Հանրապետությանը՝ որպես Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի: Հայաստանը հրաժարվել է անվտանգային երաշխավորի պարտականությունից: Այս մասին պաշտոնապես չի հայտարարվում, չի բարձրաձայնվում, բայց իրականությունն այն է, որ Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, այն, ինչ ակնկալում ենք և այն, ինչ մեզ անհրաժեշտ է:

Իհարկե, կան համագործակցության որոշակի դրսևորումներ և համատեղ որոշ քայլեր, բայց սրանք բավարար չեն, անհրաժեշտ է ամուր և միասնական անվտանգային համակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով, որը ստեղծվել էր տասնամյակների տքնաջան աշխատանքի շնորհիվ, այո՛, այն այսօր խոցված է, անդամալույծ, սակայն կարևոր է գիտակցել, որ առանց այդ միասնական համակարգի մեր հայրենիքը խոցելի է լինելու: Այստեղ է Հայաստանի իշխանությունների հիմնական դերակատարությունը: Տեսնում ենք, թե ինչպես են իրենց որդեգրած անհասկանալի քաղաքական վարքագծով, հետևողական քայլերով և տարբեր պատճառաբանություններով ամբողջապես փլուզում երկրի անվտանգային համակարգը։

Հաջորդ խնդիրը քաղաքական պաշտպանվածության հարցն է, որի կարիքը զգում է Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովուրդը: Հայաստանի իշխանությունները վարչապետի, ԱԳՆ, Անվտանգության խորհրդի քարտուղարի կամ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով չեն ստեղծում այն պայմանները, որոնց միջոցով Արցախը պետք է հնարավորություն ունենա ներկայանալ միջազգային բեմահարթակում: Այստեղ ևս նկատելի է Հայաստանի իշխանությունների կողմից ոչ միայն պարտադրված նահանջ, այլև միտումնավոր հետքայլ: Ըստ իս՝ դրա մեջ ակնառու է Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի դերը։

 

Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Հոֆվածն ամբողջությամբ՝ «Դրօշակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031