Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Ուլուբաբյան. Էսօրվա դրությամբ խնդիրն ավելի ծանր է, որովհետեւ ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ Հայաստանի ղեկավարությունը հարցին նայում են այնպես, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ «Հրապարակ»

Մարտ 01,2023 11:06

Փետրվարի 26-ին լրացավ արցախյան շարժման եւ «Ղարաբաղ կոմիտեի» ձեւավորման 35-ամյակը։ «Ղարաբաղ կոմիտեն» արցախյան շարժման ղեկավար մարմինն էր, որն իր առաջ նպատակ էր դրել ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունների ուշադրությունը բեւեռել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի պահանջի վրա։ Հետագայում Կոմիտեն այլ նպատակ էլ դրեց իր առաջ` Հայաստանի անկախացումը ԽՍՀՄ-ից։ 1988-ի փետրվարին ստեղծված Կոմիտեն կազմակերպել եւ ղեկավարել է ժողովրդի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները, ինչպես նաեւ ազդեցություն ունեցել Արցախում զուգահեռաբար ծավալվող պայքարի վրա, պահել կապն արցախցիների եւ այնտեղ շարժումը ղեկավարողների հետ։ 1988 թվականի փետրվարի 26-ին էլ հայտնի գործիչ, արցախյան ծագում ունեցող Իգոր Մուրադյանը հայտարարել է «Ղարաբաղ կոմիտեի» ստեղծման մասին։

Ղարաբաղի կազմկոմիտեի անդամներից Հրայր Ուլուբաբյանը նմանություն գտավ մեր օրերի եւ անցյալի միջեւ` նշելով, որ այսօր իրավիճակն ավելի ծանր է ու բարդ։ «Նմանություն կա, այն ժամանակ էլ էինք պայքարում Ադրբեջանի դեմ, եւ Արցախն Ադրբեջանից ազատագրելու եւ Հայաստանին վերամիավորելու խնդիր էր, եւ այսօր էլ՝ 35 տարի անց, փաստորեն, հարցը չենք լուծել։ Արցախն Ադրբեջանի կազմում չէր կարող լինել, ամբողջ 70 տարի պայքարել է Ադրբեջանի կազմում լինելու դեմ եւ ազատագրվել է, բայց էսօրվա դրությամբ խնդիրն ավելի ծանր է, ավելի բարդ իրավիճակ է, որովհետեւ ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ Հայաստանի ղեկավարությունն արդեն հարցին նայում են այնպես, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Դա պիտի բացառվի, Արցախը պիտի լինի Հայաստանի կազմում»,- ասաց Ուլուբաբյանը։

Նրան հարցրինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ արցախահայությունն Ադրբեջանի կազմում անվտանգ լինի՝ նկատի ունենալով, որ Հայաստանի իշխանություններն այսօր հենց այդ օրակարգով են բանակցում։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ խոսքն արցախահայության իրավունքների մասին է, այլ ոչ Արցախի կարգավիճակի։ «Այսօրվա իշխանությունները, ղեկավարը՝ կոնկրետ, որ մտածում է, թե Արցախն Ադրբեջանի կազմում կարող է մնալ, նա կա՛մ տգետ է, կա՛մ՝ դավաճան: Դա բացառվում է, որ Արցախը նորից մտնի Ադրբեջանի կազմ։ Ամբողջ 100 տարվա ընթացքում Ադրբեջանն իր գոյությունը սկսել է հայերի ցեղասպանությամբ, եւ պետք է ընդունենք, որ Ադրբեջանը Թուրքիայի երկրորդ պետությունն է եւ Արեւմտյան Հայաստանում ցեղասպանություն իրականացնելուց հետո անցել է Արեւելյան Հայաստան։ Մեր ղեկավարներն իրոք կա՛մ տգետ են, կա՛մ էլ դավաճան, եթե, իմանալով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին իրականացնում է Մեծ Թուրանի ծրագիրը, իսկ այդ Մեծ Թուրանը նշանակում է, որ կա՛մ պիտի հայերին թուրքացնեն, կա՛մ պիտի արտաքսեն, կա՛մ էլ պիտի կոտորեն, հիմա այդ բարեկամական, բարիդրացիական կամ չգիտեմ՝ հարեւանական․․․ Այդ խաղաղության պայմանագիրը գնում է կնքի, բանակցում է նրանց հետ, որ այս 3 պայմանից ո՞րը ստանա։ Թուրքը 100 տարի է՝ այդ մտքից չի հրաժարվել, եւ Ադրբեջանի ղեկավար Ալիեւն ամեն առիթով ասում է, որ Զանգեզուրն ու Երեւանն էլ են իրենցը, պիտի գրավեն։ Ո՞նց պիտի գրավեն, կոտորելով, չէ՞։ Միայն հո Սումգայիթում չի՞ ցեղասպանություն եղել, Նախիջեւանը դատարկելն էլ էր ցեղասպանություն»:

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031