Դեմենցիայի տարատեսակների զարգացման պատճառները տարբեր են, սակայն դրանց մոտ 40 տոկոսը կապված են ռիսկի այն գործոնների հետ, որոնց վրա մարդը կարող է ազդել՝ իր կենսակերպում փոփոխություններ կատարելով։ Միչիգանի համալսարանի նյարդաբաններն առանձնացրել են 10 խորհուրդ դեմենցիայի զարգացման ռիսկի գործոնները նվազեցնելու համար։
Դեմենցիան ձեռքբերովի հիվանդություն է՝ թուլամտություն, որն ուղեկցվում է նախկինում ձեռք բերված կայուն գիտելիքների տարբեր չափերով կորուստներով, նոր գիտելիքների ձեռք բերման դժվարացմամբ, ճանաչողական գործառույթի կտրուկ իջեցմամբ։
Վերահսկել զարկերակային ճնշումը
Նյարդաբան Ջուդիթ Հայդեբրինկը, որն Ալցհայմերի հիվանդության Միչիգանի հետազոտական կենտրոնի ղեկավարներից մեկն է, խորհուրդ է տալիս 40 տարեկանից սկսած փորձել սիստոլիկ ճնշումը պահել մինչև 130-ի սահմանում, ինչը կօգնի նվազեցնել դեմենցիայի, մտավոր խանգարումների, կաթվածի և ինֆարկտի վտանգը։
Պահպանել լսողությունը
Կենտրոնի տնօրեն Հենրի Փոլսոնը խորհուրդ է տալիս պաշտպանիչ ականջակալներ կրել բարձր ու երկարատև աղմուկի պայմաններում և լսողական սարքեր օգտագործել ըստ անհրաժեշտության։ Վերջերս կատարված հետազոտությամբ պարզվել է, որ տարեց մարդիկ, որոնք լսողության կորստի ախտորոշումից շատ չանցած լսողական սարքեր են ստացել, հաջորդ 3 տարվա ընթացքում ավելի քիչ են ենթարկվել թուլամտության զարգացման վտանգին։
Կարդացեք նաև
Խուսափել օդի աղտոտվածությունից, ջանքեր ներդնել օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար
«Գնալով համալրվում են տվյալները, որոնք ապացուցում են կապը օդի աղտոտվածության, գազերի և աղտոտիչների ու մտավոր գործառույթների նվազեցման, դեմենցիայի միջև», -ասել է դոկտոր Հայդեբրինկը։ «Հուսադրում է այն փաստը, որ օդի որակի կայուն բարելավումը, ըստ երևույթին, նվազեցնում է դեմենցիայի զարգացման վտանգը»։
Օդի միկրոսկոպիկ աղտոտիչները այնքան փոքր են, որ կարող են հաղթահարել օրգանիզմի պաշտպանիչ պատնեշները՝ քայքայելով թոքերը, սիրտն ու ուղեղը։
Կանխել գլխի վնասվածքները
Սպորտով զբաղվելիս կամ շինարարություն իրականացնելիս կրեք համապատասխան հանդերձանք, պաշտպանիչ միջոցներ, մեքենա վարելիս մի մոռացեք ամրագոտիները կապելու մասին, քանի որ գլխուղեղի վնասվածքները կարող են խաթարել գլխուղեղի նորմալ աշխատանքը։ Անհապաղ դիմեք բժշկին, եթե կասկածում եք, որ ուղեղի ցնցում կամ գլխի վնասվածք ունեք:
Չափից շատ չխմել ու չծխել
Անգամ մեծ տարիքում ուշ չէ ծխելը թողնելը։ Ինչպես նաև արժե սահմանափակել ալկոհոլի օգտագործումը։ «Վաղուց է հայտնի, որ ալկոհոլի չարաշահումը կապվում է գլխուղեղի վնասվածքների ու թուլամտության զարգացման վտանգի հետ։ Օրական մեկ բաժակը բավարար է», – ասում է դոկտոր Հայդեբրինկը:
Մտավոր աշխատանք կատարել
Նյարդաբանները խորհուրդ են տալիս զբաղեցնել միտքը։ Գտեք այն, ինչ ձեզ դուր է գալիս՝ ինչ-որ դասընթացներ, նոր հոբբի, գլուխկոտրուկներ, խաղեր և այլն։
Ըստ ԱՀԿ-ի, սպասվում է, որ մինչև 2050 թ․-ը աշխարհում դեմենցիա ունեցողների թիվը կհասնի մինչև 131, 5 միլիոնի։
Պահպանել սոցիալական շփումը
Դոկտոր Փոլսոնի խոսքով՝ կարևոր է շփումն ընկերների ու ընտանիքի անդամների միջև։ Կարող եք նաև հասարակական գործունեության տարբեր ձևերում ներգրավվել՝ մասնակցել միջոցառումների, կամավորություն անել և այլն։
Ճիշտ սնվել ու զբաղվել սպորտով
Բժիշկները խորհուրդ են տալիս սնվել սրտի համար օգտակար մթերքներով իսկ սպորտով զբաղվել ողջ կյանքի ընթացքում։ Դիետան ներառում է մրգերը, բանջարեղենն ու օգտակար ճարպաթթուները, որոնք պաշտպանում են ավելորդ քաշից, զարկերակային բարձր ճնշումից, խոլեսթերինի բարձր մակարդակից ու դիաբետից․ հիշյալ խնդիրները, ինչպես հայտնի է, նպաստում են թուլամտության զարգացմանը։
Քնել
Լիարժեք քունն օգնում է ամրապնդել հիշողությունները՝ նոր հմտություններ սովորելու հնարավորություն ընձեռելով։
Հոգ տանել հոգեկան առողջության մասին
Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է սթրեսը, իսկ հասարակական գործունեությունն ու հոբբին կարող են կանխարգելել դեպրեսիայի զարգացումը։ Մի հետաձգեք բժշկին դիմելը, եթե մտահոգված եք ձեր հոգեկան առողջությամբ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Michigan Medicine
Գլխավոր լուսանկարը՝ Justine Ross-ի