Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն դատվում «Մարտի 1»-ի մեղավորները

Մարտ 01,2023 10:00

2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների թիվ մեկ պատասխանատուն եւ թիվ մեկ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է: Այն միջոցները, որոնք կիրառվել էին ցուցարարների դեմ, ոչ միայն անօրինական էին, այլեւ՝ աներկբայորեն վկայում էին, որ ոստիկանությունը, բանակը եւ օլիգարխների զինված կազմավորումները դաժան բռնության ուղիղ հրահանգ ունեին: Մարտի 1-ի էջը կփակվի ու այլեւս քաղաքական շահարկումների նյութ չի դառնա այն ժամանակ, երբ այդ սպանդի բոլոր մեղավորները կանգնեն դատարանի առաջ:

Այդքանով հանդերձ՝ թույլ տվեք հիշեցնել, որ համարյա հինգ տարի առաջ ապրիլին իշխանություն է փոխվել, եւ այն մարդկանցից շատերը, որոնք հիմա նստած են պալատներում եւ շքեղ «պադավատների» հետեւի նստարաններին, իրենց քաղաքական կարիերան արել են նաեւ մարտի 1-ի հանցագործությունը խարազանելու միջոցով: Ամբողջ խնդիրն այն է, որ խարազանելը մի բան է, իսկ պետական աշխատանքով զբաղվելը՝ բոլորովին ուրիշ: Մասնավորապես, ներկայիս իշխանությանը չի հաջողվել պատասխանատվության կանչել Ռոբերտ Քոչարյանին: Սկզբնական շրջանում նրա դեմ առաջ էր քաշվել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը, եւ առաջին իսկ օրվանից բոլորին, այդ թվում՝ ոչ մասնագետներին, պարզ էր, որ այդ մեղադրանքը որեւէ իրավական հեռանկար չունի: «Պողպատե մանդատը», մուրճով թափահարելը՝ իհարկե, կարող է խորը տպավորություն թողնել համապատասխան մտավոր ցենզ ունեցող ընտրազանգվածի վրա: Բայց կոնկրետ արդյունքների հասնելու, այդ թվում՝ մարտի 1-ի մեղավորներին պատասխանատվության կանչելու համար, պոպուլիստական բացականչությունները քիչ են: Այստեղ պետք է հանգիստ, մեթոդական եւ պրոֆեսիոնալ աշխատանք:

Ռոբերտ Քոչարյանը եւ «Մարտի 1»-ի մյուս մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում գուցե նաեւ այն պատճառով, որ երկրորդ նախագահը «քիմիա» ունի Վլադիմիր Պուտինի հետ: Եվ, եթե 2018-19թթ. այդ «քիմիան» կարելի էր արհամարհել, ապա այսօր դա, թերեւս, վտանգավոր է ներկայիս իշխանության համար:

Չեմ ուզում խղճիս վրա մեղք վերցնել, բայց այստեղ հնարավոր է, կան նաեւ «աշխարհիկ» թեմաներ: Համենայնդեպս, Քոչարյանի ընտանիքի հետ կապված բիզնեսները, մեղմ ասած, անմասն չեն մնում պետական պատվերներից: Մյուս կողմից էլ՝ 2008 թվականի սպանդի համար անօրինական ջոկատներ տրամադրած օլիգարխները հիմա իշխանության լավագույն բարեկամներն են:

Այնպես որ՝ սպանված տասը հոգու հարազատները դեռ պետք է սպասեն: Եթե, իհարկե, սպասում են…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Պարոն Աբրահամյան
    Մարտի 1ի “մեղավոր” նշանակելը աղետ բթրեց մեր գլխին 2018 ապրիլի տեսքով։ Մասսայական անկարգություններն հրահրողների մեղավորությունը չեք էլ քննարկում։ Նույնիսկ Սահմանադրական դրույթն այն մասին որ առանց դատարանի դատավճռի ոչ ոք մեղավոր չի կարող ճանաչվել Ձեզ համար միևնույն է, կարևոչը 2րդ նախագահին փնովեք։
    Դրա համար էլ այս ստահակներն կարողանում են իշխանությունը պահել

  2. Հայ says:

    Առաջին հերթին պետք է դատվեն կատարողները, բայց դա շատ լուրջ վտանգ է ներկայացնում գործող իշխանության համար,քանի որ կատարողները հրաման են կատարել՝ պաշտպանել իշխանավորի կամքը: Հայաստանի իշխանությունները վերաբերվել եւ վերաբերվում են ուժային կռույցներին, որպես սեփական թիկնապահների, եւ եթե կատարողը դատապարտվի նման արարքի համար, ուժային կառույցների եւ իշխանության միջեւ կվերանա “տեր ու ծառա” սկզբունքը, որը թեեւ լավ է պետության համար,բայց վատ՝ իշխանության համար:

  3. Հայ says:

    Պարոն Սահակ,այդ ողբերգության ամենաքիչ մեղավորը դա Ռոբերտ Քոչարյանն է,գլխավոր մեղավորները կատարողներն են:Իսկ եթե Դուք մեղքի բեռը ուզում եք դնել մասայական “անկրգությունների մասնակիցների” ,կամ կազմակերպիչների վրա, ապա ասեմ, որ նրանցից մեկը ես եմ, թեեւ ես չեմ մասնակցել մարտի մեկի “անկարգություններին”:
    Իսկ Դուք կարո՞ղ եք ասել,որ կրակողներից մեկը Դուք եք:

  4. Ալֆրեդ says:

    Քոչարյանի ինչին էր պետք զոհերը։Առանց զոհերի էլ իշխա ությունը կարող էր ճնշել ցուցարարներին։Մարտի 1ի զոհերը ավելի շատ հենց ընդիմությանն էր պետք։

  5. Ալֆրեդ says:

    Եթե իշխանությունը մեղավոր լիներ մարտի 1ի համար այսօրվա իշխանությունը վաղուց բացահայտած կլիներ դա։

  6. Garo says:

    Լևոնական քարոզչության միֆերը։ Մարտի 1-ին օլիգարխների բանդաներ եղել են, բայց եղել են լևոնական օլիգարխների Գռզոյի, Վեդիալկոյի Մանվելի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի հավաքագրած բանդաները։ Ընդանրապես մարտի 1ը շատ մանր դեպքա երկրի պատմության մեջ։
    Եղել են մասսայական անկարգություններ, պետությունը ուժա կիրառել եղել են զոհեր։
    Ցանկացած երկրում տենց դեպքեր լինում են։
    Մենակ մեր մոտը որ տենց մանր իրադարձությունը դարձրել են եսիմ ինչ։

  7. Լավատես says:

    Եթե մանկլավիկության հանդեպ զզվանքն ավելի շատ լինի, քան քաղաքականությամբ զբաղվելը, ես ամեն նորմալ մարդու նման կմտնեմ ընտրապայքարի մեջ, բայց ամեն ընտրողի ձայնի համար ինձ պատեպատ չեմ տալու, ես ի՛մ ընտրողներին եմ ընտրելու, իմ ընտրողներն էլ ի՛նձ են ընտրելու: Իմ ընտրողը պետք է հստակ ձեւակերպի իր պահանջները, որոնք ես պետք է իրականացնեմ իշխանության գալուց եւ միաժամանակ պետք է ենթարկվի այն օրենքներին, որոնք ես հստակ կներկայացնեմ մինչ ընտրությունները, որոնց իմ ընտրողները պետք է ենթարկվեն իմ իշխանության գալուց: Եթե ընտրողի պահանջն ինձ համար անընդունելի է կամ էլ իմ ապագա օրենքները անընդունելի են ընտրողի համար, մենք փոխանակվում ենք վիզիտկաներով եւ ցտեսություն իրար ասում: Իմ կռիվը ոչ թե իմ մրցակիցների հետ է լինելու, այլ իմ համախոհ ընտրողների հետ, երբ նրանք ինձ կփորձեն պարտադրել իրենց պահանջները, իսկ ես կփորձեմ պարտադրել նրանց իմ օրենքները: Երբ այդ կռվի արդյունքում գանք վերջնական համաձայնության իմ ընտրողների հետ եւ յուրաքանչյուր ընտրողի հետ ստորագրեմ համաձայնագիր, այդ ժամանակ էլ կմասնակցեմ ընտրություններին: Սա ֆանտաստիկայի ժանրից է, բայց երբ ունենք այդքան շատ խելոք քաղաքագետներ ու վերլուծաբաններ, թող իրենց միասնական մեկ թեկնածուն ընտրեն իրենց միջից եւ հասցնեն իշխանության: Դա կլինի ձեր հաղթանակը: Ժողովուրդը սիրում է հաղթողներին եւ հնարավոր է մուլտիպլիկատիվ արդյունք: Խոսելու հետ մեկտեղ նաեւ գործե՛ք: Հաղթանակ գործողների՛ն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031