Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոս աշակերտների նոր վերադարձը դպրոց

Մարտ 01,2023 14:30

Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի հ.186 հիմնական դպրոցում անցած շաբաթավերջին՝ փետրվարի 24-ին կազմակերպվել էր հուզիչ միջոցառում: Դպրոցի տնօրեն Մարինա Քոչարյանը տեղեկացրեց, որ բացվելու են 44-օրյա պատերազմում հերոսացած աշակերտների անուններով դասասենյակներ: Այդ դասասենյակները բացվելու են վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Ղամբարյանի եւ ներկայիս ղեկավար Արմեն Մհերյանի աջակցությամբ:

Միջոցառմանը հրավիրվել էին 44-օրյա պատերազմում հերոսացած հայորդիներ Գոռ Եղիազարյանի, Մարտին Մանասարյանի, Արամ Սիմոնյանի, Գեւորգ Գեւորգյանի ծնողները, հարազատները, նաեւ 1993թ. սան՝ իննսունականների պատերազմում զոհված Արամ Ճաղարյանի հարազատները:

Հուզիչ էր, երբ ծնողները բացեցին իրենց զավակների՝ Գոռ Եղիազարյանի, Մարտին Մանասարյանի, Արամ Սիմոնյանի, Գեւորգ Գեւորգյանի անվամբ դասասենյակների դռները, մտան ներս, իսկ դասասենյակներում առանձին անկյունում ներկայացված էին հերոսների անցած ճանապարհը, կենսապատումը, կարճ, բայց իմաստացած ուղին:

Միջոցառմանը հրավիրվել էին ՊՆ ներկայացուցիչներ:
Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի անունից Արամ Սիմոնյանի մայրիկին՝ Նելլի Ավետիսյանին, Գեւորգ Գեւորգյանի մայրիկին՝ Թամարա Գեւորգյանին, Մարտին Մանասարյանի մայրիկին՝ Մարգարիտա Գրիգորյանին, Գոռ Եղիազարյանի մայրիկին՝ Նունե Կարապետյանին պատվոգրեր հանձնեց կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանը:

Ազգությամբ գերմանուհի Լեա Կռաուսը՝ հերոս Գեւորգ Գեւորգյանի հարսնացուն, միջոցառմանը մասնակցելու համար հատուկ այցով էր ժամանել Գերմանիայից: Շնորհիվ Գեւորգի, նա սովորել էր հայերեն: Նա պարգեւատրվեց՝ որպես Զինվորին արժանի կյանքի ընկեր։ Դպրոցի տնօրեն Մարինա Քոչարյանը պարգեւատրվեց ԻՀՄԱ պատվոգրով, որպես` Հայրենասիրությունը դպրոցում սերմանող լավագույն դպրոցի տնօրեն։


Աշակերտները, առհասարակ՝ դպրոցը մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել միջոցառմանը, նրանք իրենց կատարումներով՝ ասմունք, երգ, մասնակիցներին տեղափոխեցին տարբեր դասարաններ, որտեղ դասը վարում էին անմահները՝ Գեւորգը՝ «Ինչպես սիրել, ինչու սիրել», Մարտինն ու Արամը՝ «Դաս ժպիտի ու հույսի», իսկ Գոռը՝ «Դաս նվիրվածության»:


Դասասենյակներից մեկի փակ պատուհանի վարագույրը բացվեց. ապակիներին կանաչ-գարուն ճյուղեր էին պատկերված: Դրանք միշտ հիշեցնելու են կյանքը, զինվոր-դասընկերների թողած պատգամը շարունակվելու է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
28.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031