Սեւան բժշկական կենտրոնի տնօրենը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին: Տնօրեն Արամ Նիկողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սեւան քաղաքի ոստիկանության բաժին, հայտնել է, որ փետրվարի 7-ին իր աշխատասենյակ են ներխուժել քաղաքապետի վարորդը, նրա մերձավորը, «քաղաքապետի հանձնարարությամբ ծեծի են ենթարկել» իրեն ու բժշկական կենտրոնի վարորդ Դերենիկ Ղուկասյանին: Հատուկ պաշտպանված հիմնարկում ծեծն ուղեկցվել է բարձր հայհոյանքներով: Նկատենք, որ առկա են տեսախցիկներ: Ըստ տուժողի, սակայն, ոստիկանությունից որեւէ արձագանք չի եղել՝ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ:
Տնօրենը դիմել էր նաեւ ՀՀ վարչապետին, Պետական վերահսկողության ծառայության պետին, ՄԻՊ գրասենյակին: Ըստ նրա, Սեւան քաղաքում ստեղծված ամենաթողության մթնոլորտը վկայում է այն մասին, որ «տեղի ոստիկանության եւ քննչական մարմինների կողմից օբյեկտիվորեն հնարավոր չէ իրականացնել հանցագործության դեպքի լրիվ եւ բազմակողմանի քննություն, քանի որ ակնհայտ է՝ քննություն կատարող մարմինները կաշկանդված են քաղաքապետ Ս. Մուրադյանի գործոնով, քաղաքապետը, նրա մերձավորներն ապօրինի ազդեցություն են ունենալու վկաների եւ վարույթի մասնակիցների նկատմամբ»:
Տեղում շարունակելը վտանգելու է նախաքննության, արդար դատաքննության իրավունքի իրականացումը: Վարչապետից ակնկալում է պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահումները կանխելը, իսկ գլխավոր դատախազից՝ միջոցներ ձեռնարկել վարույթը հանրապետական քննչական մարմին ուղարկելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
28.02.2023