Փետրվարի 6-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր` Հ. Ջալալյան) Դավիթ Գյուրջինյանն ընդդեմ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գործով կայացրել է որոշում: Դատարանը մերժել է պատասխանող Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներկայացուցչի՝ թիվ ԵԴ/66629/02/22 քաղաքացիական գործով 29.12.2022 թվականին կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջի մասին, միջնորդությունը: Դատարանի գնահատմամբ, պատասխանողի կողմից չեն ներկայացվել այնպիսի հանգամանքներ, որոնք կհիմնավորեն սույն գործով հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի բացակայությունը:
Հիշեցնեմ, որ դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ հայցվոր, ռեկտորի թեկնածու Դ. Գյուրջինյանի միջնորդությունը բավարարել էր մասնակի, եւ որպես հայցի ապահովման միջոց արգելել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին աշխատանքային պայմանագիր կնքել ռեկտոր ընտրված Կարինե Հարությունյանի հետ:
Այս գործով երրորդ անձ է ճանաչվել ՀՀ կառավարությունը, հայցապահանջն է՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքները հաստատելու մասին 09.12.2022 թվականի նիստի թիվ 5 արձանագրությամբ արձանագրված ռեկտորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը եւ այն վերացնելը: Նախնական դատական նիստը նշանակվել է մարտի 21-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
28.02.2023