Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմահարդարման հմտություններն ավելի մշակութային են դարձել, պրոֆեսիոնալ դիմահարդարի դերը՝ կարեւորվել»

Մարտ 01,2023 13:00

«Դիմահարդարումը ինքնավստահություն է հաղորդում կնոջը, հնարավորություն է ընձեռում միաձուլել կնոջ ներքին եւ արտաքին գեղեցկությունը, այդպիսով օգնելով, որպեսզի նա ներդաշնակ լինի իր «ես»-ի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ամերիկաբնակ դիմահարդար Սառան (Սիրուշ Հակոբյան)։ Նա մասնագիտությամբ հոգեբան է, ավարտել է Երեւանի պետական համալսարանը եւ ուսման տարիներին նրան ձգել է դիզայների, ֆլորիստ դիզայների աշխատանքը, զբաղվել է նաեւ զարդերի դիզայնով։

Մեր զրուցակցի խոսքով՝ «Երբ 2013-ին տեղափոխվեցինք ԱՄՆ մշտական բնակության, ինձ մոտ ամեն ինչ փոխվեց եւ ամենակարեւորը՝ հասկացա, որ արվեստը հաղթեց հոգեբանությանը։ Իսկ հիմա արդեն կարող եմ հայտարարել, որ հոգեբանի մասնագիտությունը շատ-շատ է օգնում դիմահարդարիս»։ Իսկ լավագույն արդյունքի հասնելու ամենակարեւոր նախադրյալը մեր զրուցակիցը համարում է աշխատասիրությունը. «ԱՄՆ տեղափոխվելուց հետո ընկերներիս, հարազատներիս օգնում էի դիմահարդարվել եւ հենց նրանց հորդորով սկսեցի խորանալ այս մասնագիտության մեջ։ Դասեր վերցրի Լոս Անջելեսի գեղեցկության քոլեջում, դիմային նկարչության դասեր՝ Գլենդելի քոլեջում, իսկ հետո, ինչպես ընդունված է այստեղ, լիցենզավորվեցի որպես դիմահարդար։ Այնուհետեւ տեղեկացա, որ մեր հայրենակից Աշխեն Կոստանդյանը դիմահարդարման ու վերապատրաստման դասընթացներ է անցկացնում։ Եվ քանի որ իմ էությամբ գերազանցիկ եմ՝ դպրոցն ու համալսարանն ավարտել եմ գերազանցությամբ (ժպտում է- Ս.Դ.), կողմնակից եմ որպես մասնագետ անընդհատ աճելուն։ Նշեմ նաեւ, որ բարդություններից բացարձակ չեմ վախենում եւ գնում եմ մասնագիտական այն ուղղություններով, որոնք շատ դիմահարդարներ կարող են շրջանցել։ Վերադառնամ այսօր արդեն ինձ համար հարազատ մարդուն՝ Աշխեն Կոստանդյանին։ 2017թ. սկսեցի դասընթացների հաճախել նրա մոտ՝ Beauty Fabric-ում։ Արդեն շուրջ երկուսուկես տարի է՝ պատիվ ունեմ աշխատելու այդ հեղինակավոր հաստատությունում։ Շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչների հետ աշխատել եմ տեսահոլովակներ ստեղծելիս որպես դիմահարդար՝ Թաթա, Արման Հովհաննիսյան, Գրիշո…  Մոռացա նշել, որ մեյքափի առաջին դասերը վերցրել եմ Սյուզաննա Հարությունյանից»։


Դիտարկմանը՝ գեղեցկությունն ու նորաձեւությունը, գեղեցիկ կամ նորաձեւ համարվող միտումների փոփոխությունները մեծ ազդեցություն են ունեցել դիմահարդարի մասնագիտության զարգացման վրա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս մասնագիտության սկիզբն ընդունված է համարել 1800-ականների վերջը, երբ հայտնի դարձավ դիմանկարային լուսանկարչությունը։ Այն թանկ հաճույք էր եւ որպեսզի լուսանկարը հաջող ստացվեր, նախապես դիմահարդարվում էին։ Այդ տարիներին էր, որ հայելիներն ավելի մատչելի դարձան եւ շատերը ձեռք բերեցին։ Հենց այդ երկու գործոնները՝ դիմանկարային լուսանկարչությունն ու հայելիները կարեւոր դեր խաղացին դիմահարդարման զարգացման գործում։ Դարերի պատմություն ունի դիմահարդարման արվեստը։ Մինչեւ 20-րդ դարի սկիզբը թատրոնի դերասանները ինքնուրույն էին դիմահարդարվում, ինչպես նաեւ իրենք էին պատրաստում բեմական հագուստները։ Պրոֆեսիոնալ դիմահարդարը, ինչպես նաեւ թատերական կամ կինոյում զգեստների դիզայները ժամանակակից երեւույթ է։ Տեսեք՝ 20-րդ դարի առաջին կեսին դիմահարդարի անունը հիմնականում ստվերում էր մնում։ Բայց հետո արդեն կամաց-կամաց կարեւորվեց դիմահարդարի աշխատանքը, քանի որ անհրաժեշտ էր ստեղծել ներկայացվող ժամանակահատվածին, դեպքերին, միջավայրին համապատասխան կերպար ու դեմք։ Իսկ մեր ժամանակներում դիմահարդարման հմտություններն ավելի մշակութային են դարձել, իսկ պրոֆեսիոնալ դիմահարդարի դերը՝ ավելի կարեւորվել»։
Նորաձեւության ոլորտում տարածված այն միտքը, թե լավագույն նորը մոռացված հինն է, Սառան տարածեց նաեւ դիմահարդարման վրա. «Գոյություն ունի տարբեր դիմահարդարում՝ ծանր, թեթեւ, թաց… Եվ դրանք կարծես ժամանակ առ ժամանակ հերթափոխում են»։

Հետաքրքրությանը՝ հաճա՞խ են հանդիպում «բարդ» հաճախորդներ, դիմահարդարը վստահեցրեց, որ ամենաբարդ հաճախորդներն անգամ ժպիտով են հեռանում, դարձյալ հիշեցնելով, որ այդ հարցում իր օգնականը եղել ու մնում է առաջին մասնագիտությունը՝ հոգեբանությունը, հետո էլ հավելեց. «Հիմնական այցելուներս, բնականաբար, տարբեր ազգությունների կանայք են եւ նրանցից յուրաքանչյուրին  վերաբերվում եմ որպես գեղեցկուհու, անում ամեն ինչ, որ էլ ավելի ընդգծվի նրա անհատականությունը, յուրահատկությունը»։

Կարծիք կա, որ ամենաշահութաբեր մասնագիտություններից է դիմահարդարումը։ Այս առումով մասնագետն արձագանքեց հետեւյալ կերպ. «Չէի ասի՝ ամենա, բայց շահութաբեր է։ Ի դեպ, Ամերիկայում ցանկացած ոլորտի բարձրակարգ մասնագետ գտնում է իր տեղը, հետեւաբար՝ լավ վարձատրվում»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031