Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործել՝ ի հեճուկս գաղափարախոսության

Մարտ 01,2023 12:30

Օրերս Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ կայացավ «Ստեղծագործել՝ ի հեճուկս գաղափարախոսության» խորագրով շնորհանդես-գիտաժողովը։ Ողջույնի խոսքով ելույթ ունեցան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսպեն եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։ Վերջինս կարեւորեց հայ-գերմանական մի քանի դար ձգվող երաժշտական առնչությունները՝ առանձնացնելով Կոմիտասին, Սպիրիդոն Մելիքյանին, Բարսեղ Ղորղանյանին։ Այսօրվա մշակութային ու կրթական համագործակցության համատեքստում նշեց ԵՊԿ եւ Դյուսելդորֆի կոնսերվատորիայի հետ առնչությունը, հիշեց 2022 թվականին բեռլինյան հայտնի «ԿՈՒՍՍ» կվարտետի իրադարձություն դարձած համերգն ու անսամբլի թավջութակահար Միքայել Հախնազարյանի նախաձեռնությամբ կազմակերպված վարպետության դասերը։

2021-ին, Երեւանում, ԵՊԿ 100-ամյակի առիթով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ կայացել էր «Ստեղծագործելը Խորհրդային Միությունում» խորագրով միջազգային գիտաժողով՝ տոտալիտար անցյալին վերաբերող քննարկումների նոր հարթակ ստեղծելու նպատակով, իսկ թեմայով հետաքրքրվող ավելի լայն լսարանին հասանելի լինելու համար զեկուցումները տպագրվեցին։ Փետրվարի 22-ի գլխավոր թեմայի՝ «Ստեղծագործել՝ ի հեճուկս գաղափարախոսության» ժողովածուին անդրադարձավ երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։

Հրատարակությունում ներառված հեղինակներից Վերենա Մոգլը (Դետմոլդի Երաժշտության բարձրագույն դպրոցի գիտաշխատող,  դասավանդում է Համբուրգի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում)  հեռավար տեսակապով  ներկայացրեց «Երգեր, որ կյանքն է գրել. Մյեչեսլավ Վայնբերգի «Հայոց լեռներում» երգացանկը / օպ. 65» խորագրով զեկուցումը։

ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցետ Ծովինար Մովսիսյանը «Հայ երաժշտագիտության սպիտակ էջեր» զեկուցմամբ առաջին անգամ հնչեցրեց ԽՍՀՄ բռնապետական ռեժիմի կողմից դատապարտված հայ երաժիշտների, այդ թվում՝ Արամ Քոչարյանի, Վահան Տեր-Առաքելյանի, Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանի, Գեւորգ Յաղուբյանի, Ռուբեն Թերլեմեզյանի, Բարսեղ Ղորղանյանի անունները, որոնց ձերբակալության մասին վկայությունները պահպանվում են Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի արխիվում։ Բանախոսը զուգահեռեց նույն այդ Խորհրդային Միության տարիների վերելքի՝ կրթամշակութային ծրագրի կառուցողների եւ նորագույն շրջանում քաղաքացիական դիրքորոշման բացակայության ժամանակները։ Կարեւորեց մեր երկրի պատմության հիշողությունը վավերացնելու վաղուց հասունացած հարցը, միաժամանակ հորդորեց նախ հասկանալ, ապա՝ դատապարտել անցյալը, որպեսզի նորից չհայտնվել տոտալիտար ռեժիմի իրավիճակում։

ԵՊԿ Կատարողական արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, արվ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Եփրեմյանը առաջարկված՝ «Ստեղծագործել՝ ի հեճուկս գաղափարախոսության» քննարկման շուրջ հայացքն ուղղել էր հայ ժամանակակից ֆիլմերին։ «Հայ կոմպոզիտորների կինոերաժշտությունը խորհրդային բռնապետության զոհերին նվիրված ֆիլմերում» զեկուցմամբ ներկայացրեց ամերիկահայ ռեժիսոր Մայլք Գյուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը, երաժշտության հեղինակ՝ Անդրանիկ Բերբերյան եւ Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները», երաժշտության հեղինակ՝ Վաչե Շարաֆյան։ Ցեղասպանություն վերապրածի ժառանգը՝ Մայքլ Գյուրջյանի ֆիլմը մեծ հայրենադարձության նախագծի պատմական իրադարձությունների մասին է. հեղինակը վստահ է, որ մենք կարող ենք մեր կյանքը կառուցել ժպիտով, ոչ՝ արցունքներով։ Բանախոսը նկատեց, որ ռեժիսորն իր աշխատանքում կարեւորելով հուզական կողմը՝ երիտասարդ կոմպոզիտորի համար շռայլում է ֆիլմի տարածքը, իսկ Անդրանիկ Բերբերյանը կինոյի թափին համահունչ տեմբրային, ժանրային ու ոճական ճոխ համադրություններ է կիրառել։ Հարություն Խաչատրյանի հերոսի՝ մարդկանց միջեւ կորցրած սերը փնտրող նկարչի կյանքի երեք քաղաքները՝ երեք փախուստի 30 տարիների վավերագրություն է, որտեղ Վաչե Շարաֆյանի երաժշտությունը լսելի է իր զգույշ ու զգացած ներկայությամբ, իսկ երբ զեկուցման ավարտին ֆիլմից դուրս Վաչե Շարաֆյանի նույն երաժշտության ուղեկցությամբ հաջորդեցին Վահան Անանյանի կտավները, մի քանի րոպե տեւած ցուցադրումը ընկալվեց որպես կինո՝ կինոյի մասին։

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊԿ հանրային կապերի պատասխանատու

«Առավոտ» օրաթերթ
28.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031