Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու Պուտինը հաջողության չի հասնի

Մարտ 01,2023 15:00

Եվ ինչ է պետք սպասել երկու գիշատիչների կռվից

Արդյո՞ք կայսրությունը պարտադիր չարիք է ենթադրում: Տեսականորեն, այո, իդեալական կլիներ, եթե ցանկացած ազգ, որը ձգտում ունի պետություն ստեղծելու, կարողանար իրականացնել այդ ցանկությունը: 20-րդ դարում այդ գաղափարն առավել բարձր հնչեղություն ստացավ. կոմունիստ Լենինը եւ «կապիտալիստ» Վուդրո Վիլսոնը, ամեն մեկը՝ յուրովի առաջ էին տանում ազգերի ինքնորոշման գաղափարը: Սակայն այն իդեալական պատկերացումները, որոնք ընկած էին «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միություն» եւ «Ազգերի լիգա» նախագծերի հիմքում, չհաջողվեց ամբողջությամբ իրականացնել: Առաջինը դարձավ նույն կայսրությունը՝ հաճախ դաժան, հանցավոր դրսեւորումներով, երկրորդը շատ արագ քայքայվեց:

Բայց եթե փորձենք հեռանալ իդեալական պատկերացումներից եւ հարցին մոտենանք զուտ պրագմատիկ տեսանկյունից, ապա կայսրությունները (այդ թվում՝ այն կայսրությունները, որտեղ մենք՝ հայերս, էինք ապրում) որոշ ժամանակահատվածներում ոչ միայն չարիք էին բերում, այլեւ՝ որոշակի օգուտներ:

Չխորանալով դարերի պատմության մեջ՝ արձանագրենք, որ Խորհրդային կայսրությունը բերել է գրագիտության, արդյունաբերության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտներում որոշակի մակարդակ, որը մենք՝ հայաստանցիներս, 1920 թվականին չունեինք: Առաջին փուլում դրա առավելությունը նաեւ այն էր, որ կոմունիստական նախագծին հավատում էին ոչ միայն ԽՍՀՄ քաղաքացիները, այլեւ՝ աշխարհում միլիոնավոր մարդիկ: Իմ կյանքի օրոք, 1970-80-ական թվականներին այդ նախագծին ոչ ոք չէր հավատում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ՝ աշխարհում, եւ դա, հավանաբար, դարձավ այդ կայսրության քայքայման պատճառներից մեկը:

Այդքանով հանդերձ՝ իմ սերունդը, կարծում եմ, որոշակի առավելություններ ունի մեր երեխաների եւ թոռների հանդեպ: Իմ կյանքի առաջին 30 տարին՝ 1960-90 թվականներին ես ապրել եմ ընդհանուր առմամբ կայուն, ապահով, անվտանգ միջավայրում: Գուցե սխալվում եմ, բայց դա ինձ եւ իմ սերնդակիցներին տվել է որոշակի ներքին հանգստություն, ինքնավստահություն, ինքնաբավություն: 1990 թվականից սկսած, երբ խորհրդային կասրությունը փլուզվեց, եւ մինչ օրս հանգիստ, կայուն վիճակ չի եղել եւ, վախենամ, մոտակա տասնամյակներում չի լինի:

Մի խոսքով, խորհրդային կայսրությունն իր բոլոր սարսափներով եւ մարդակերությամբ, որոշակի օգուտներ էլ բերեց մեզ եւ, կարծում եմ, այլ ազգերին: Կայսրությունները կարող են այն դեպքում գոյություն ունենալ եւ ընդլայնվել (ընդլայնվելը նրանց modus vivindi-ն է, եւ այդ պատճառով դրանք, մեծ հաշվով ոչ մի սահման չեն ճանաչում), եթե իրենց մեջ պարունակում են գաղափարական, քաղաքակրթական, տնտեսական (տեխնոլոգիական), անվտանգային եւ այլ ռեսուրսներ: Խորհրդային Միությունը որոշ ժամանակ այդ ռեսուրսներն ուներ:

Եվ հենց դա՛ է պատճառը, թե ինչու Պուտինն իր ծրագրերում չի հաջողելու. այն Ռուսաստանը, որը նա է ղեկավարում, վերը թվարկած ոչ մի ռեսուրս չունի, կոպիտ ասած՝ «նվաճվող» ազգերին ոչինչ չունի առաջարկելու: Ժամանակին Անատոլի Չուբայսը, երբ ղեկավարում էր РАО ЕЭС– ը, առաջարկում էր տնտեսության վրա հիմնված նախագիծ, որը նա անվանում էր «ազատական կայսրություն»: Դա կայսրական նախագծի ռացիոնալիզացիայի փորձ էր, որը մի քիչ նման էր Ալեքսանդր Գրիբոյեդովի 1820-ականներին առաջ քաշած գաղափարին: Հայտնի դիվանագետն ու գրողն առաջարկում էր Հայաստանում ու Վրաստանում բրիտանական «օստ-հնդկական ընկերության» նման մի բան ստեղծել: Սակայն ցար Նիլոկայ Առաջինը չոգեւորվեց բրիտանական իմպերիալիզմի մոդելով: Մոտավորապես նույն ձեւով Պուտինը չփորձեց կյանքի կոչել Չուբայսի գաղափարները, փոխարենը լսեց Դուգինի նման մարդկանց, որոնք «Երրորդ Հռոմ» իռացիոնալ գաղափարների կողմնակիցներ էին: Եվ որպես կայրությունը վերականգնելու առաջին քայլ՝ որոշեց զենքի ուժով նվաճել, «հպատակեցել» Ուկրաինան:

Ռուսաստանն այդ հարցում չի հաջողի, որովհետեւ պուտինյան կայսրությունը, ինչպես արդեն ասացի, չունի համապատասխան ոչ մի ռեսուրս: Այդ անհաջողությունն ավելի ցցուն է նաեւ այն պատճառով, որ ուկրաինացիների մեծամասնությունը հավատում է այլընտրանքային՝ անգլո-ամերիկյան նախագծին՝ մտածելով, որ դրա շրջանակներում ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին խոսակցություններն անկեղծ են: Ես անձամբ դրան չեմ հավատում՝ մասնավորապես, այն պատճառով, որ Արեւմուտքի սատարումը Սաուդյան Արաբիային, Թուրքիային եւ Ադրբեջանին հաստատ «ժողովրդավարական իդեալներով» պայմանավորված չէ: Բայց պետք է ընդունել, որ այդ նախագիծն ավելի ռացիոնալ է:

Եվ այսպես, կռվում են երկու գիշատիչներ, որոնցից Ռուսաստանը, փորձելով իրականացնել ակնհայտորեն արխայիկ, իռացիոնալ նախագիծ, ոչինչ չունի առաջարկելու եւ, ըստ ամենայնի, պարտվելու է (բայց, իհարկե, չի վերանալու՝ Արեւմուտքին դա պետք չի, որովհետեւ նրա հիմնական մրցակիցը Չինաստանն է): Ամբողջ խնդիրն այն է, որ այդ պարտվելու, եւ, որպես հետեւանք, տարածաշրջանից հեռանալու գործընթացը կարող է տարիներ, գուցե տասնամյակներ տեւել: Սա ես ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր ջուրը չտեսած բոբիկանում են: Այդ տարիների կամ տասնամյակների ընթացքում մենք կարող ենք անդառնալի կորուստներ ունենալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031