Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Անի Ավետիսյան

Մարտ 01,2023 10:04

«Մա՛մ, ճամփան բացե՞լ են»։

Արդեն որերորդ օրն է, գրեթե ամեն օր աղջիկներիս այս հարցին պատասխանս էլի նույնն է. «Դեռ ոչ»։

Ես մայր եմ, որն ունի 2 դուստր։ Իսկ իրենց համար այսօր ամենակարևոր հարցն է դարձել, թե արդյո՞ք Արցախի ճամփան բաց է։

Փոքր աղջիկս 4 ամսական էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ամուսինս իր ընկերների հետ մեկնեց Արցախ։ Օրերով լուր չէի ստանում, բայց փորձում էի ուժեղ լինել։ Գիտեի, որ չպիտի զանգեմ, բայց անհանգստությունից տեղս չէի գտնում ու ամեն օր լուսացնում էի բաց աչքերով։ Երբ անունը գրվում էր հեռախոսիս վրա, ասես նորից էի ծնվում, ուրեմն ամեն ինչ լավ է իր հետ։ Բոլորս թմբիրի ու տառապալից անհանգստության մեջ էինք։ Շաբաթներ անց նա վերադարձավ լրիվ այլ մարդ, նրա աչքերը էլ չէին փայլում, ասես ամբողջովին այն մարդը չլիներ, ով ժպիտով էր գնում գիտակցված մահվան։ Ապրեցինք դառը ու նվաստացուցիչ կորուստ։ Բայց այն չավարտվեց։

Այսօր աղջիկս հարցնում է, թե ինչի՞ են փակել Արցախի փոքրիկների ճանապարհը, նրանց կյանքի ճանապարհը` խոշոր աչուկների տակ հազիվ թաքցնելով արցունքները։ Ինքն Արցախում դեռ չի եղել, բայց հստակ գիտի, թե որտեղ է այն, գիտի, որ իրենն էլ է Արցախը։ Կապ չունի, փոքր, թե` մեծ, պետք է հստակ գիտակցում ունենանք, որ Երևանը երևանցունը չէ, Արցախն էլ՝ արցախցունը, կա հայրենի հող և այն հայինն է։

Ես ինչ բառերով էլ բացատրեմ, միևնույնն է, իմ փոքրիկի համար պարզ չէ, թե ինչի՞ համար է այդ սխալը, ինչի համար են այդ պատերազմերը։ Այդ տարիքում արդեն հասցրել է տեսնել պատերազմ, գիտի թե ով է հայի թշնամին, քանի որ իր ականջով է լսել պայթող արկերի ձայնը, զգացել վառոդի անտանելի հոտը։ Գիտի, որ երբ թշնամին կրակում է, մենք պետք է նկուղ գնանք, թեև սեպտեմբերյան դեպքերի ժամանակ նկուղում չենք եղել, բայց իր մոտ էդպես է տպավորված։ Իմ աղջիկները գիտեն, որ մեր պատուհանից հիմա երևում է սահմանը, թշնամու դիրքերը, բայց վստահ են, որ հայ զինվորներն իրենց պաշտպանում են։

Ես մեկն եմ էն բազում մայրերից, ով հստակ գիտի, թե ինչ պետք է անի հանուն մեր երկրի. «Ես պետք է պայքարող ու հաղթող երեխաներ մեծացնեմ»։  Հայը պետք է ուժեղ լինի։ Ախր էդ ինչպե՞ս հայը կարող էր թույլ լինել, ո՞ր հայի մեջ չկա անկոտրում ոգին, ո՞ր հայն է ընկճվող, այդ ո՞ր հայը պայքարող չէ։ Հայը «հայ» է, ինքն ունի վեհություն ու խիզախություն։

Հայ մայրը պիտի նժդեհներ լույս աշխարհ բերի,  պիտի ազգային ոգով մեծացնի իր երեխաներին, տղա, թե աղջիկ, պետք է անկոտրում կամքը փոխանցի իր զավակներին, պիտի սովորեցնի հայրենասիրություն։ Իսկ զինվոր որդու համար ուժեղ մայր լինելը կկրկնապատկի զինվորի քաջությունը։ Մայրե՜ր համայն հայության, դուք եք գալիք սերնդի պատասխանատուն, հաղթող սերնդի կերտողը։ Մեր սերունդը հստակ գործ ունի անելու հանուն մեր երկրի, հանուն Արցախի, պետք է արթնացնի յուր որդիների միջի սողոմոններին, պիտի թիկունք լինի, որ իր որդին հստակ առաջ գնա ու պայքարի հանուն այս մի բուռ հողի, որ դեռ խոնավ է արյամբ, յուր եղբայրների արյամբ։ Արթնացի՜ր երևանցի, արթնացի՜ր աբովյանցի, արթնացի՜ր վանաձորցի, արթնացի՜ր, լա՜ո, արցախցին արթուն քեզ է սպասում, դարձիր թիկունք, ուս ուսի տուր ու սարերը շուռ տվեք միասին։

Հայ մայրն աղոթում է, հավատում է, որ կլինենք միասնական ու կվերականգնենք մեր երկրի ամբողջականությունը ու կպահպանենք մեր Անկախությունը ու այդ խաղաղ երկրում հայ կինը կրկին կմայրանա,  որովհետև հստակ գիտի՝ էլի խիզախ հայորդի է աշխարհ գալու, Թեհլերյան է նա ծնելու։

Պայքարը շարունակվում է մեր՝ մայրերիս կողմից։

Անի ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031