«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է»
«Ինչ պետք է անեմ ես և ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի»
«Ի՞նչ պետք է անեմ ես և ի՞նչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի», այս հարցին ուզում եմ պատասխանել շատ հստակ` ապրել Արցախում, շենացնել Արցախը և պայքարել հանուն Արցախի: Գիտե՞ք, պայքարել ասելով չպետք է նկատի ունենալ միայն զինված պայքարը, թերևս արդարության համար նշեմ, որ միջազգային իրավունքի նորմերը այդ հնարավորությունը ևս տալիս են մեզ: Պետք է պայքարել` կրթված և իրավագիտակից հասարակություն ունենալով, պայքարել զարգացած գիտություն ունենալով, հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ անասելի հավատք ունենալով: Արցախի համար պայքարը յուրաքանչյուրիս համար պետք է սրբազան ուխտ լինի, որը երբևէ չպետք է դրժել:
Լեռների զմրուխտե լանջերին թիկնած, արևաշող իմ Արցախը կռվախնձոր է դարձել աշխարհի գերտերությունների ձեռքին: Ընդամենը 120.000 բնակչություն ունեցող Արցախը անմռունչ պայքարում է աշխարհի այս անարդարությունների դեմ: Պայքարում է անցնելով բազմաթիվ փորձությունների, դժվարությունների միջով մի հստակ գիտակցմամբ` ապրել ազատ ու անկախ սեփական հայրենիքում:
Կարդացեք նաև
Ես չեմ ուզում պոռոտախոս, պոպուլիստ թվալ, բայց երդվել եմ, որ որպես ապագա միջազգային իրավունքի մասնագետ, որպես Արցախի զավակ, որպես անասելի հայրենասեր երիտասարդ իմ տեղով, իմ դերով, իմ գիտակցությամբ, իմ գիտելիքով ու կրթությամբ պայքարելու եմ հանուն Արցախիս:
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը գիտակցի,որ Արցախը զուտ տարածք չէ, Արցախը հայի ինքնությունն է, Արցախը մեր բնօրրանն է, Արցախը մեր հայ լինելու վառ ապացույցն է:
Երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, իմ պապերը ելան պայքարի հստակ գիտակցումով, որ ուզում եմ ապրել ազատ ու անկախ իրենց սեփական հայրենիքում, որը բխում է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներից ու նորմերից, սա անժխտելի ապացույց է, որևէ մեկը իրավունք չունի բռնանալ Արցախի ժողովրդի արդար այս պայքարին, բռնանալ իր հիմնարար իրավունքի իրացմանը: Չէի մտածի , որ մի օր ես էլ պապերիս նման դուրս կգայի պայքարի հանուն Արցախիս: Երբ 2020 թվականի սահմռկեցուցիչ պատերազմից հետո Արցախը, Արցախի ժողովուրդը ենթարկվեցին և շարունակվում են մինչև օրս ենթարկվել ագրեսիայի, էթնիկ զտման, ես որպես երիտասարդ, որպես ուսանող կազմակերպեցի ինձ հասակակից ընկերներով պայքար միջազգային կառույցների առջև` ի աջակցություն Արցախի: Ներսումս մի իսկական փոթորիկ էր, աչքերիս առջևով անցնում էր պապերիս պայքարը: Այդ մարդիկ ևս տարիներ առաջ դուրս էին եկել պայքարի նույն գիտակցումով, որ ուզում են ապրել ազատ ու անկախ Արցախում: Ես հպարտանում եմ,որ ես և ինձ նման շատ երիտասարդներ այդ գիտակցության կրողն ենք:
Ուզում եմ մի փոքր խոսել Արցախյան խնդրի իրավական տեսակետից ևս: Միջազգային իրավունքում կա համընդհանուր սկզբունք` ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որով առաջնորդվելով Արցախի ժողովուրդը, իր 1990-ականների հանրաքվեով ամրագրեց, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում: Ցավոք այսօր գերտերությունները հաշվի չեն առնում, որ Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և թույլ չեն տալիս Արցախի ժողովրդին առաջնորդվել միջազգային իրավունքով իրեն տրված այդ հնարավորությամբ: Ինչո՞ւ Կոսովոյի դեպքում կամ այլ տարածաշրջանների, ինքնորոշման սկզբունքը շատ լավ գործեց, սակայն ոչ մեր պարագայում: Ինչ է սա, եթե ոչ մարդու հիմնարար իրավունքի կոպտագույն խախտում:
Ես դիմում եմ մեր հայրենակիցներին, Արցախի և Հայաստանի իշխանություններին, դիմում եմ խնդրանքով, որ Արցախյան այս տարիներ տևող հակամարտությունում առաջնորդվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով և չդադարեն պայքարել հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման: Պետք է գիտակցել, որ Արցախյան հակամարտությունում չկա տարածքային խնդիր, այլ կա ժողովուրդների ինքնորոշման խնդիր և մենք պետք է իրացնենք մեր այդ հիմնարար իրավունքը: Ազգերի ինքնորոշման իրավունքից բխող սկզբունք է` «Անջատում հանուն փրկության» սկզբունքը (remedial secession), սա ևս այն հնարավորություններից մեկն է, որով Արցախի ժողովուրդը կարող է և իրավունք ունի ապրել ազատ ու անկախ: Իրավունքի տեսակետից գործելով և բացառապես իրավունքով առաջնորդվելու պարագայում ես հավատում եմ մեր հաղթանակին: Այսօր Ադրբեջանը և այլ պետություններ առաջարկում են, որ արցախցիները ապրեն Ադրբեջանի կազմում, բայց ինչպես կարող են ապրել մի պետության կազմում, ովքեր բացահայտ հայտարարում են և իրենց գործողությունները ակներև ցուցադրում են, որ նպատակ ունեն էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկել արցախահայությանը: Ինչպե՞ս կարող ենք ապրել մի պետության կազմում, ովքեր ցանկանում են ոչնչացնել մեր ինքնությունը: Ես երազում եմ, որ օր առաջ լուծվի այս խնդիրը, դադարի այս տարիներ տևող հակամարտությունը: Բայց եթե այս հակամարտության լուծումը «ընկնի» իմ ու իմ ապագա սերունդների ուսերին, ապա ես հստակ հայտարարում եմ, որ պայքարելու եմ ամեն հնարավոր և օրինական ձևերով հանուն Արցախի:
Արցախս կարծեք նմանվել է անդունդ գահավիժող մի նավի, որին անդադար խոցում են և դա ավելի է արագացնում գահավիժման ընթացքը: Հարց է ծագում, իսկ կա՞ գահավիժումը կանգնեցնելու միջոց: Ուզում եմ Ձեզ դիմել հստակ համոզմունքով, որ այո’ կա, դա կրթությունն է, գիտելիքն է, մեր երիտասարդությունն է: Առհասարակ, մենք` երիտասարդներս, պետության հենասյունն ենք, պետության ներկան ու ապագան, իսկ հայրենիքի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող երիտասարդն է: Օրեցօր ձևափոխվող և առաջընթաց ապրող աշխարհում միայն արդիական գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով մենք` երիտասարդներս կարող ենք դիմակայել մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին:
Մենք այն շարժիչ ուժն ենք, որով կարող ենք հասնել անհաս թվացող բարձունքներին: Մեր հիասքանչ հայրենիքի լուսավոր ապագան կախված է մեզնից և մեր ապագա սերունդներից:
Ուզո՞ւմ ենք ունենալ ազատ ու անկախ Արցախ, ուրեմն շինարարից մինչև բարձրաստիճան պաշտոնյա, պետք է լծվենք Արցախի շենացման, բարգավաճման հայրենանվեր գործին: Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր հայրենիքում չեն, վերադարձեք հայրենիք և շենացրեք Ձեր հայրենիքը: Գիտեմ շատ դժվարությունների առաջ կկանգնեք, բայց հայրենիքի կարոտը ու անսահման սերը կհաղթահարի այդ խոչընդոտները:
Իմ հայրենակիցներ, հիշե՛ք, որ հողը սիրելով են պահում, հողի վրա ապրելով ու արարելով են պահում և այդ ժամ, ոչ ոք չի փորձի տիրանալ մեր հայրենիքին: Օր ու գիշեր աշխատել, շատ կրթվել ու հավատալ սեփական ուժերին, սա էլ երաշխիքն է իմ նշածի:
Եկե՛ք մեր երիտասարդների մեջ բարձրացնենք գիտելիքի նկատմամբ սերը, եկեք նրանց գիտակցության մեջ սերմանենք, որ ամուր պետություն ունենալու միակ հնարավորությունը` կրթված ու իրավագիտակից հասարակություն ունենալն է: Եթե ունես կրթված, գիտելիքահեն, բանիմաց հասարակություն,ապա վստահեցնում եմ քեզ երբեք ոչինչ չեն կարող պարտադրել: Երբեք չես սայթաքի, իսկ եթե սայթաքես էլ, ապա կկանգնես ամուր ոտքերիդ և հավատքով լի կգնաս առաջ, դեպի քո երազանք, որովհետև Արցախի հանդեպ սերը քեզ չի թողնի նահանջես: Եվ պատահական չէ մեծն հեղափոխական Նելսոն Մանդելայի այն խոսքերը, որ կրթությունն է ամենահզոր զենք, որով կփոխենք ամբողջ աշխարհը:
Դե ուրեմն եկեք՛ զարգացնենք, և հզորացնենք մեր հիասքանչ երկու հայրենիքները` Արցախը և Հայաստանը: Գիտակցենք, որ չկա Արցախ առանց Հայաստանի և չկա Հայաստան առանց Արցախի: Ինչպես մարդը չի կարող առանց սիրտ ապրել, այնպես էլ մենք չենք կարող ապրել ո՛չ առանց Արցախի, ո՛չ առանց Հայաստանի:
Եկե՛ք կանգնեցնենք գահավիժման ընթացքը: Եկե՛ք հավատանք մեր երազանքներին ու նպատակներին և Աստծո օրհնությամբ շարժվենք առաջ, որովհետև այո՛, Արցախի համար պայքարը շարունակվում է՝ ապրելով, կրթվելով, արարելով:
Արցա՛խ, ես սիրում եմ քեզ անսահման սիրով: Ես և իմ սերունդները քեզ երբեք չենք լքի, իմ սեր Արցախ:
Էդգար Արայիկի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ