«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է»
Մի իրական հերոսի պատմություն, որ կփոխի բոլորիս պատկերացումները…
«Երկու ամիս էր անցել բանակ զորակոչվելուց, երբ երեկոյան թշնամին սկսեց հրետակոծել մեր զորամասը։ Չնայած ես սովոր էի ռումբերի ձայներին, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Չկորցրեցինք մեզ, շատ արագ պատրաստվեցինք ու բարձրացանք դեպի դիրքեր։ Ճանապարհին հիշում էի տատիկիս գրած բանաստեղծությունը, երբ 1994թ. ընտանիքս տեղափոխվել էր Արցախ, որ ապրեցներ ու զարգացներ մեր՝ դարեր շարունակ կեղեքված ու գերության մեջ եղած , բայց արդեն ազատագրված Արցախը։ Ամեն առիթի դա արտասանում էր, որ ինչ ոգևորված ու հպարտ են անցկացրել մութ ու ցուրտ տարիները, դիմացել բազում զրկանքների, միայն թե Արցախը ապրեր։ Ու ճանապարհին արկերի պայթյունի տակ մի բան էի մտածում՝ պարտավոր եմ։ Ես որպես քաղաքացի, հայ տղամարդ ու Արցախում ծնված, պարտավոր եմ մարտի նետվելու, հայրենիքի համար զոհվելու։
Անցան օրեր, ամեն առավոտ լույսը բացվելուն պես սպասում էի, որ կասեն վերջ, հրադադար է։ Բայց, ցավոք, այդ նախադասությունը ոչ ոք չէր ասում, նորություններում չկար, ընտանիքս ռումբերի պայթյունների տակ էր, իսկ ես առաջնագծում մտածում էի անել անհնարինը՝ դրան վերջ տալու համար։
Կարդացեք նաև
Մի օր հայրս զանգեց ու ասեց, որ գալիս է իմ կողքին կռվելու։ Ոչ, հպարտություն չզգացի, այլ հակառակը՝ մի տեսակ տագնապ առաջացավ, չէ որ ես այստեղ իրենց էի պաշտպանում, իսկ հիմա ի՞նչ եմ անելու։ Ընկերներս, հարազատներս, բոլորը կռվում էին։ Կռվում էին հանուն մի բանի՝ ապրելու ու պահելու։ Բայց ո՞նց էինք ապրելու այդքան արյուն իր մեջ ներծծած հողի վրա։ Մտածում էի, բարկանում, զղջում, հուսահատվում, ոգևորվում, ապրում ամեն զգացողություն, բայց երբեք չէի մտածում պարտվել։ Դա իմ արժանապատվությունը կոտնահարեր՝ իմ հայ տղամարդ լինելը։ Ու դա բացառել էի անգամ մտածելուց։
30 օր տեղից տեղ գնալով՝ մեկ բունկեր, հետո մարտի դաշտ, հետո նահանջ ու հարձակում, մի օր սոված, մի օր անձրևի տակ, բայց չէինք կոտրվում։ Տեսնելով ու զգալով սարսափելի իրականությունը՝ մտքով կռիվ էի տալիս ինքս ինձ հետ՝ ի՞նչն է իմ սերունդը սխալ արել, որ այսօր առերեսվում է ցեղասպանության ու արհավիրքի։ Ուզում էի ժամանակը հետ տալ, լավ սովորել, որպեսզի նոր սերնդի պատերազմին դիմագրավել կարողանայի։ Կարծես տասնյակ տարիներով մեծացա այդ մեկ ամսում, ամեն ինչ փոխվեց ինձ համար, հայրենասիրության ու տղամարդկության մասին բոլոր միֆերն անհետացան։ Այլևս այլ մարդ էր դարձել այն 18 ամյա զինվորը, ում համար փոխվեցին կյանքի բոլոր վեկտորները։
Մութը նոր ուզում էր ընկնել, երբ իմացանք, որ շրջափակման մեջ ենք ու պիտի ամեն կերպ դուրս գանք։ Արդեն մաշվել էինք, թե ֆիզիկապես, թե քանակով ու թե հոգով։ Հրաման եկավ, որ պիտի ճեղքենք պաշարումն ու դուրս գանք։ Գիշերով դուրս եկանք ու սկսեցինք վազել, իսկ այդ ընթացքում ես միայն մտածում էի մեր սխալների ու ապագա անելիքների մասին։ Այդ չվերջացող 15 ժամերը ինձ համար խնդիրները ճիշտ ձևակերպելու, նպատակներ դնելու ու մեծ հավատով առաջ գնալու պահեր էին։ Միգուցե ապրելու բնազդն էլ էր, բայց ես մտածում էի մենակ, թե ինչ ենք անելու հետո։ Ու հստակ հասկացա, որ չեմ ուզում մեռնել հանուն հայրենիքի, այլ ուզում եմ ապրել հանուն դրա։
Մեր պետության, ինքնության, գոյության ու արժանապատվության միակ երաշխիքը բանակն է։ Բանակն է, որ քեզ թրծում ու հղկում է երիտասարդ տարիքում, սովորեցնում, որ դու ես պատասխանատու ամեն ինչի համար՝ արված սխալների ու ճիշտ կատարված հրամանների համար։ Ոչ համալսարանում, ոչ էլ դպրոցում, մենք մեզ այնքան պատասխանատու չենք զգում, ինչքան բանակում, որտեղ բոլորի կյանքը քո ձեռքերում կարող է լինել ու դու իրավունք չունես սխալվելու։ Բանակը ստիպում է մտածել բոլորի փոխարեն՝ մի քանի քայլ առաջ, դարձնում է քեզ պատասխանատու։
Այս 35 տարիների ընթացքում մենք չդարձանք պատասխանատու, չգիտակցեցինք մեր ունեցածը պահելու կարևորությունը, սնեցինք մեզ կեղծ արժեքներով ու պատրանքներով։ Ինքներս մեզ դարձրեցինք գառ ու գցեցինք գայլի երախը։ Ես զոհ չեմ, ոչ էլ պարտված, որովհետև իմ սերունդը դեռ պայքար ունի տանելու։ Ամուր բանակ պիտի ստեղծենք նախևառաջ, որտեղից պիտի դուրս գան կոփված դիվանագետներ, գիտնականներ, բիզնեսմեններ, արտիստներ և այլն։ Ամբողջովին պիտի փոխվի մեր բանակի կառավարումն ու դրա հանդեպ մոտեցումները։ Անվտանգությունը ամեն ինչի հիմքն է, իսկ հզոր բանակը՝ դրա երաշխիքը։
30 տարի սերունդներին ոչ միայն չի ասվել ճշմարտությունը, այլ սերունդներից խլվել ու խժռվել է հզոր բանակ ունենալու հնարավորությունը։ Ամեն ինչի պարտությունը գալիս է կառավարումից ու բանակից։ Մեր բանակը չի թրծել լավ դիվանագետների, իրավաբանների, ուղղակի քաղաքացիների։ Այն տարիներ շարունակ եղել է անիմաստ 2 տարիների փորձ, այնինչ պիտի դառնար կամային, կշռադատված ու պատասխանատու քաղաքացի ձևավորելու դարբնոց։ Գիտնականները չգնացին բանակ և ի՞նչ տվեցին մեր երկրին։ Ոչինչ։ Շատ խելացիները իրենց խելքը վաճառեցին օտար երկրներում, իսկ շատերն էլ չհասկացան, թե ինչ է պետք բանակին, պետությանը, ի՞նչ տեխնոլոգիաներ ու հայտնագործություններ պիտի անեին ու ներդնեին, որպեսզի ողջ մնայինք։ Չունեցանք բանակին ծանոթ ճարտարապետներ ու քարտեզագիրներ, ովքեր կկանխարգելեին մեր շրջապատման մեջ հայտնվելը։ Չունեցանք բանակում իրենց ուղին անցած ինժեներներ, ովքեր կնախագծեին անօդաչուներ, նոր սարքավորումներ։ Բոլոր մասնագետները պիտի հղկվեին բանակում, գիտակցեին միասնական գործելու կարևորությունը, թիմային աշխատանքն ու այս հողի վրա ապրելու դժվարությունն ու պարտավորությունը։
Եթե տարիներ առաջ ասեին, որ բանակում աղջիկներն էլ պետք է ծառայեն, ես կծիծաղեի, դեմ կլինեի։ Իսկ հիմա, հասկանալով բանակի իրական դերը, կասեմ, որ դա պարտադիր է, քանի որ իմ պատկերացրած բանակը ոչ թե ուժի, այլ ուժեղի տեղ է, խելքի, գաղափարների ռեալիզացման ու կյանքում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ հմտություններ ստանալու միջավայր է։ Մենք քիչ ենք ու պիտի աղջիկների խելքն ու կարողություններն էլ օգտագործենք։ Դա ամոթ չի ինձ նման տղամարդու համար, այլ պատիվ ու ավելին անելու հույս ու հնարավորություն։
Մենք յուրահատուկ ենք մեր ազգային արժեքներով, մշակույթով ու անցած պատմությամբ։ Ու պիտի դառնանք աշխարհին այլընտրանք ու ունիկալ հնարավորություն տվող երկիր, որոնց շահերը ոչ թե բախվեն այստեղ, այլ բխեն այստեղից։ Ազգ-բանակ, կրթություն ու նոր տեխնոլոգիաներ, միասնական երազանք ու ապրումակցում, հաստատակամություն ու նպատակասլացություն. այս գաղափարներն են մեր լավ պետություն ունենալու հիմքը։
Այս ամենի մասին էի մտածում վազելիս ու մեկ օր հետո արդեն ավելի ապահով վայրում էինք։ Պատերազմի 44-րդ օրը ոչ միայն ամոթի, այլ նաև ծննդավայրս կորցնելու մեծ ցավ տվեց։ Հասկացա, որ էլ չեմ լինելու հայրենի գյուղում, բայց չեմ թաքցնի, ուրախացա նաև, որ հարազատներիս այդ պահին վտանգ չի սպառնում արդեն ու գոնե նրանց կտեսնեմ մի օր։ Ֆիզիկապես առանց վնասվածքների, բայց հոգեպես հազար տեղից խոցված, ծառայեցի մինչև վերջ։
Իսկ ի՞նչ պիտի անի իմ սերունդը։ Պիտի պայքարի։
Ու պայքարը շարունակվում է …»:
Վանիկ ԱՐՇԱԿՅԱՆ