Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Հովհաննես Գալստյան

Մարտ 01,2023 12:34

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է»

Երբ և որտեղ են ձևավորվել առաջին հայրենիքները բանական մարդու կենսագործունեության ընթացքում՝ դժվար է ասել։ Կամ, գուցե, անհնար է։ Բայց կարող ենք միանշանակորեն փաստել, որ մարդու համար հայրենիքը, ըստ էության, մտավոր-գիտակցական արժեք է։ Ավելին․ հայրենիքը հավաքական գիտակցության արդյունք է։

Երեսունհինգ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությունը, վերահաստատելով իր պատմական գիտակցությունը, ի լուր աշխարհի հայտարարեց, որ Արցախն իր հայրենիքն է, մասնիկը մի ամբողջության, որին մենք՝ հայերս, անվանում ենք Հայաստան։ Այս կոչին արձագանքեցին մայր Հայաստանում և սփյուռքում ապրող հայրենակիցները։ Ահա այսպես սկսվեց հայ ազգի պայքարը հանուն Արցախի ազատության, հանուն մեկ միասնական հայրենիք ունենալու գաղափարի։ Եվ հենց հայրենիքի մասին հավաքական գիտակցումն էր Արցախյան շարժումն առաջ մղողն ու հավատ ներշնչողը։ Մեկ միասնական գաղափար, որի շուրջ կարելի էր համախմբել աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հայերին, նրանց հոգով ու մտքով, մարմնով և ուժով հասցնել այստեղ՝ Արցախ աշխարհ՝ մեր հայրենիք։

Երեսունհինգ տարիների ընթացքում մենք ունեցել ենք և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ, կորուստներ ու ձեռքբերումներ, բայց Արցախի ազատության համար մղվող պայքարի հանդեպ մեր հավատը անքակտելի է։ Մենք այսօր ունենք նոր հրամայական․ Արցախը պահել հայկական։ Իսկ հայկական Արցախ իմ և իմ սերնդակիցների համար պետք է նշանակի, որ կա մեկ աշխարհաքաղաքական կենտրոն՝ Արցախ։ Պետք է նշանակի, որ այլևս ժամանակ չունենք շաղակրատելու, փրկիչներ որոնելու, որովհետև չկան փրկվողներ, կան միայն մարտիկներ․ հանուն արդարության, հանուն ազատության, հանուն այն հողի, որում ապրել են մեր նախահայրերը։ Ուստի հայերիս այսօրվա կարգախոսը չի կարող հնչել այլ կերպ, քան «Ամեն ջանք Արցախի համար, ամեն ջանք հանուն Արցախի»։

Ես ծնվել եմ անկախ Հայաստանում, հաղթական տարիներին, երբ մեր հայրերը մեզ ժառանգեցին անկախ Հայաստանը և անկախ Արցախը։ Այսօր հին աշխարհակարգերի տապալման և նորերի ձևավորման հախուռն օրերին մենք ունենք մեր առջև ծառացած նոր մարտահրավեր․ կրկին միավորել Հայաստանում, սփյուռքում, Արցախում ապրող հայերին մեկ միասնական գաղափարի շուրջ, վերաձևակերպել 1988 թվականին հնչեցված հետևյալ միտքը․ «Արցախը մեր հայրենիքն է, մասնիկը ամբողջության, որին մենք անվանում ենք Հայաստան»։ Իմ և իմ սերնդի առաջնային խնդիրը հենց այս միտքը վերահաստատելն է։ Միայն այս միտքը վերահաստատելուց հետո կարող ենք առաջ տանել մեր հայրերի սկսած պայքարը։ Եվ հենց սա պետք է լինի հենասյունը, որի շուրջ պիտի համախմբվենք ու գործենք հանուն Արցախի ազատության, հանուն արդարության, հանուն հայրենիքի մասին հավաքական գիտակցության։

Ամեն ջանք Արցախի համար, ամեն ջանք հանուն Արցախի։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031