Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Դավիթ Սարգսյան

Մարտ 01,2023 14:38

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»

Դպրոցական նստարանից մեզ պատմում են Տիգրան Մեծի աշխարհակալ պետության ստեղծման և Տիգրանի փառքի մասին։ Բայց այդ դասը ոչինչ է, եթե այն չես զգում։ Իսկ ինձ համար դա զգալու միայն մեկ տեղ կար ամբողջ Հայաստանում և Արցախում՝ Տիգրանակերտը, որն, ի դեպ, Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է։ Այն ոչ թե եզակի կառույց է, այլ մի ամբողջ անսամբլ՝ միջնաբերդ, ամրացված թաղամաս, բազիլիկ եկեղեցի, դամբարանադաշտ, քարայր, ջրանցք, ամրոց և այլն։

Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ հասցրել էին լինել այնտեղ, երբեք չեն մոռանա այդ զգացողությունը։ Երբ կանգնում էիր Տիգրանակերտի բացված միջնաբերդի պարիսպների վրա, նայում առաջ՝ հարթավայրին, մտովի պատկերացնում էիր այդ վաղմիջնադարյան քաղաքի եռուն կյանքը, եռուզեռը, անցուդարձը, փառքը, անգամ Տիգրանի կերպարը։

Պատկերացնում էիր մեր թվարկությունից առաջ 1-ին դարում հիմնադրված այդ քաղաքը՝ թաղված այգիների մեջ, ամբողջությամբ սպիտակ կրաքարից՝ լեռան լանջն ի վեր։ Ապա` տեսնում առջևդ փռված Ակնայի ավերակները, հիշում, որ այն արցախյան առաջին պատերազմում հայկական զենքի փառահեղ հաղթանակի վկայությունն է։ Ակնան հենց այդպես՝ ավերակների մեջ, իբրև երբեմնի ծաղկուն ադրբեջանական քաղաք, առաջացնում էր Տիգրանի հաղթանակների պատմականության զգացողությունը։

Հայաստանի որևէ այլ հնավայրում հնարավոր չէ զգալ պատմական այն մասշտաբայնությունը, որը կար Արցախի Տիգրանակերտում։ Ինչպես Ազոխի քարանձավը կամ մյուս նախաքրիստոնեական հուշարձանները, Տիգրանակերտը ևս հայտնվել է թշնամու արյունոտ ճիրաններում, ու դրանից հայկական հետքը ջնջվելու է։ Այն, ինչ հնարավոր էր փրկել՝ մինչև Ակնայի հանձնումը դուրս բերվեց Տիգրանակերտի թանգարանից և այսօր պահվում է Երևանում՝ որպես անցյալի վերհուշ, ու նույնիսկ ցուցադրված չէ։

Տիգրանակերտը լիովին իրավունք ունի դասվելու Հորդանանի Պետրայի կամ Սիրիայի արդեն ավերված Պալմիրայի շարքին՝ իբրև համաշխարհային մշակույթի կոթող։ Նույն մասշտաբայնությունն է, նույն անտիկ մոնումենտալիզմը, անգամ նույն պատմական ճակատագիրը և նույնիսկ քաղաքային մշակույթի որոշ նույնատիպ դրվագներ։ Հարևան ազգերից յուրաքանչյուրը կերազեր իր հնագույն պատմության նման կենդանի վկայություն պահպանած լինել։ Մի քանի եկեղեցական համալիրների պահպանության հիմնահարցերի շարքում քիչ է խոսվում Արցախի Տիգրանակերտի պահպանման անհրաժեշտության մասին։ Տիգրանակերտը զբոսաշրջային ուղերթների մոդայիկ ուղղություն չէր, ինչպես Շուշին կամ Գանձասարը, այդ պատճառով մեր բնակչության մեծագույն մասն այնտեղ չի եղել և չի էլ կարող պատկերացնել կորստի գինը։ Մինչդեռ այն հայկական պետության սահմաններում պեղված նախաքրիստոնեական ժառանգության թագն ու պսակն էր։

Հնագիտական արշավախումբը՝ պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, 15 տարի շարունակ՝ 2005-ից 2020-ը, հետևողականորեն պեղեց հնագույն հայկական այս բնակավայրը և դրանով իսկ գիտականորեն ապացուցեց Արցախի և ազատագրված տարածքների պատկանելությունը հայ ժողովրդին դեռևս վաղնջական ժամանակներից։

Միգուցե տարօրինակ թվա, որ այս պահին կյանքի ու մահվան կռիվ տվող Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանների մասին չեմ խոսում, այլ արդեն կորսված տարածքի։ Բայց ինձ համար Արցախն անմասնատելի ու անքակտելի է՝ Մռավի լեռներից մինչև Արաքսի հովիտ։ Առհասարակ, պետությունները և պետականաստեղծ ժողովուրդներն առանձնանում են նախևառաջ հավաքական պատմական հիշողությամբ, որը ենթադրում է, մի կողմից, հնարավոր թշնամիների նկատմամբ շարունակական զգոնության պահպանում, մյուս կողմից՝ սեփական սխալների հետ առերեսում և հետագայում դրանց բացառում։ Հատկապես թշնամու սպառնալիքի գիտակցումը փոքր ժողովուրդների ինքնապահպանման կարևորագույն կռվաններից է։ Հակառակը՝ հավաքական հիշողության խաթարումը, օտարումը, աղճատումը պարարտ հող է ստեղծում հայրենահանձնման համար։

Մենք երբևէ չենք կարող և չպետք է համակերպվենք Քարվաճառի ու Ակնայի, Շուշվա և Ջրականի կորստի հետ, եթե ուզում ենք պահել Ստեփանակերտն ու Երևանը։ Հայաստանի հնագիտական հարուստ ժառանգության կարևորագույն նմուշները՝ և՛ Ազոխի քարանձավը, և՛ Տիգրանակերտի պեղավայրը, թշնամուն են անցել, իսկ դրանց պատմության աղճատումն արդեն սկսվել է։ Եվ ցավոք՝ անգամ Հայաստանում շատերն իրենց հաշիվ չեն տալիս, որ Արցախի պատմությունն ու հիշողությունն այնքան հայահամ ու հայահոտ են, որ դրանք մեծագույն ջանքերի գնով ադրբեջանականացնելը որևէ քննության չի դիմանում։

Օրինակ, ի տարբերություն խորհրդային տարիներին արհեստականորեն ադրբեջանականացված Շուշիի՝ զավթված Հադրութն իր ամենադժվար օրերին էլ հայաբնակ է մնացել։ Լցնելով այդ հարցում պետական լռության բացը՝ պատերազմից ամիսներ անց տեղահանված հադրութցիները ստեղծեցին «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն և փորձեցին բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքների մասին։ Հենց Հադրութում է 1988-ի փետրվարի 12-ին տեղի ունեցել Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան շարժման փաստացի հիմնադիր Իգոր Մուրադյանի կազմակերպած առաջին հանրահավաքը։ Այդպես էլ Շարժումը սկսվել է՝ մի քանի օր անց՝ փետրվարի 20-ին, վերաճելով Ստեփանակերտում և Երևանում միաժամանակյա պատմական աննախադեպ ցույցի։

Շուշիի նշանային կարևորությունը հաշվի առնելով՝ շատ է խոսվում անառիկ բերդաքաղաքի անկման պատճառների և դրա կորստի ցավի մասին, մինչդեռ Արցախի հարավի մարգարիտը՝ Հադրութը, պակաս ցավալի կորուստ չէ։ Նա, ով պատմական Դիզակ գավառը չի տեսել, չի բարձրացել Դիզափայտ լեռը, չի տեսել Կատարո վանքը, մոմ չի վառել 13-րդ դարում կառուցված Գտչավանքում, և իհարկե՝ չի եղել Ազոխի քարանձավում, ունակ չէ լիարժեք պատկերացում ունենալու Արցախի հայկականության և հայոց պետության պահպանման հարցում նրա ճակատագրականության հարցում։

Ցավոք, Հայաստանի և Արցախի գլխին կախված գոյաբանական մարտահրավերների ֆոնին՝ հաճախ աչքաթող է արվում Արցախի զավթված շրջաններում մեծ թափով տեղի ունեցող անխնա ադրբեջանականացումը։ Տեղանուններից մինչև քրիստոնեական հուշարձաններ՝ հայկական հետքերն անվերադարձ և վերջնականապես մաքրվում են Արցախից։ Բաքուն արդեն ավանդույթ է դարձրել այսպես կոչված ուդիական համայնքի այցելությունները զավթված Քաշաթաղի շրջան, հատկապես՝ Ծիծեռնավանք, որը 5-րդ դարի հայկական հնագույն վաղքրիստոնեական սրբավայրերից է։ Թշնամին որոշել է առավել «գթասիրտ» գտնվել՝ այն ոչ թե ոչնչացնում է, ինչպես Շուշիի Կանաչ ժամը, այլ աղվանացնում՝ ջնջելով հայկական արձանագրություններն ու անվանումը, Ծիծեռնավանքն էլ կոչելով Աղօղլան։

Նույն ճակատագրին է արժանացել նաև Քարվաճառի մարգարիտը՝ Դադիվանքը։ Որպես վանական համալիր՝ այն արդեն իսկ ամբողջապես աղճատված է, թշնամին այն կոչում է իբր աղվանական, իրականում՝ աղավաղված թյուրքական անունով՝ Խուդավենգ։ Ի դեպ, արդեն ամիսներ շարունակ հայ հոգևորականները և ուխտավորները չեն կարողանում հասնել Դադիվանք, նույնիսկ ռուս սահմանապահների ուղեկցությամբ նրանց արգելում են այցելել վանական համալիր՝ անհեթեթ պատճառաբանություններով։  Փոխարենը լուսանկարներից պարզ է դառնում, որ Դադիվանքի տարածքը թշնամական զորքի համար ճոխ կերուխումների կազմակերպման վայր է դարձել։

Շուշին հետևողականորեն մաքրվում է երբեմնի հայկական ներկայության բոլոր հետքերից։ Հունոտի կիրճի ափին գտնվող Կատարոտը՝ աշխարհի ամենահիասքանչ բնապատկերներից մեկը, դարձել է մուղամի փառատոնի, ձիարշավների, օտարերկրացի պաշտոնյաների այցերի հիմնական վայր։

Հրաշալի հասկանում եմ, որ մրցույթի մասնակիցների մեծագույն մասը գրելու է Արցախի հարյուր հազարավոր հայության էքզիստենցիալ վտանգի, նախևառաջ՝ կյանքի ճանապարհը բացելու և սուր մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտության, միգուցե անգամ դրա ուղիների մասին։ Հնարավոր է՝ Արցախի ժողովրդին հոգեբանական տեռորի մեջ պահելու դեմ գործուն մեխանիզմներ էլ առաջարկվեն։

Հենց այդ պատճառով էլ, կրկնաբանությունից խուսափելու համար, նաև լավ հասկանալով, որ միջանցքը վաղ թե ուշ բացվելու է, Արցախի ժողովուրդն էլ հաստատակամ է լինելու իր պայքարի մեջ՝ ապրել և արարել սեփական հողում՝ հայկական գերիշխանության ներքո՝ անգամ ամենածանր կորուստների գնով, առաջարկում եմ ամենաբարձր մակարդակով հանրային երիտասարդական բազմալեզու նախաձեռնություն սկսել՝ աշխարհին իրազեկելու Արցախի զավթված շրջաններում հայկական ժառանգության ամբողջական ոչնչացման մասին։ Արցախի հայապատկանությունն ապացուցող, տեղեկատվական պրոակտիվ քայլեր ենթադրող նման քաղաքականությունը կարող է իրապես շրջել համաշխարհային հանրային կարծիքը և կարևոր կռվան դառնալ մեր ձեռքում՝ Արցախի բնիկ տերերին վերադարձնելու այն, ինչն իրավունքով մեզ է պատկանում։

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031