Լրահոս
Օրվա լրահոսը

37 թեկնածու, 37-ն էլ՝ գործազուրկ․ Անիի ՏԻՄ ընտրությունները գնալով հետաքրքրաշարժ են դառնում

Փետրվար 28,2023 22:11

Անի խոշորացված համայնքում, որտեղ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ իշխանություն ձևավորել, մարտի 26-ին սպասվում են նոր ընտրություններ։

Այս անգամ ընտրապայքարին ավելացել է ևս մեկ քաղաքական ուժ՝ նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ մասնակցում էին երեքը՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում էր Անի խոշորացված համայնքի 18 տարվա ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, և նորաստեղծ « Հայկական երազանք» կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածու Ագուն Սաղաթելյանն է։

Մրցապայքարը ընթացել էր Արտակ Գևորգյանի գլխավորած քաղաքական ուժի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։ ՔՊ-ն ձայների քանակով զիջել էր «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքին, սակայն քաղաքական ուժերից և ոչ մեկը չէր կարողացել միանձնյա իշխանություն ձևավորել, ավելին կտրականապես հրաժարվել էին կոալիցիա կազմել ու արդյունքում նշանակվել են նոր ընտրություններ։

Անիի ՏԻՄ ընտրություններում առաջին անգամ մասնակցող «Իմ հզոր համայնք» քաղաքական ուժը մեր ուշադրությունը գրավեց նրանով, որ առաջադրել է 37 թեկնածու, 37-ն էլ գործազուրկ։

Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սկզբում գրանցվել են 39 թեկնածուներ, որոնցից սակայն երկուսը՝ Համլետ ու Հարություն Սարգսյաններն ինքնաբացարկ են ներկայացրել, նրանց անուն-ազգանունները սև գծով ջնջված են։ Ի դեպ, նրանք ևս գործազուրկներ են։ Այս ցուցակում ընդգրկված են նաև ՀՅԴ-ականներ։

Aravot.am-ը «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Արմենակ Նաջարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ցուցակում բացառապես գործազուրկների ընդգրկելը։

Մենք Արմենակ Նաջարյանին հարցրեցինք՝ աշխատող մարդկանց չընդգրկելով՝ մի՞թե մտավախություն է ունեցել, որ նրանց նկատմամբ իշխող ուժի կողմից ճնշումներ ու հետապնդումներ կլինեն։

Արմենակ Նաջարյանը սկզբում պարզաբանեց, որ որևէ մտավախություն չի ունեցել, պարզապես պատահականություն է եղել, որ թեկնածուներն այս պահին գործազուրկ են։

Մեր դիտարկմանը, թե բողոքներ ենք ստանում առ այն, որ իշխող քաղաքական ուժը իր մրցակիցների վրա ճնշումներ է գործադրում, համոզում, երբեմն հարկադրում է, որ նրանց թեկնածուները ինքնաբացարկ հայտնեն, մեր զրուցակիցն ասաց, որ սկզբում նախատեսել էին 44 հոգանոց ցուցակ, սակայն հետո ներկայացրեցին 39 հոգուց բաղկացած։

Ըստ նրա, իշխող ուժը ոմանց կարողացել է համոզել, որ իր կուսակցության ցուցակում չընդգրկվեն։ Ճնշումների արդյունքում 39 հոգուց մնացել են 37-ը։

Մեր հարցին՝ եթե բոլոր թեկնածուները գործազուրկ են, ի՞նչ լծակ են օգտագործում ճնշելու, մեր զրուցակիցը պարզաբանեց՝ տվյալ դեպքում բարեկամանական կապերի վրա են ներազդում։

Նշենք, որ Արմենակ Նաջարյանը նախորդ ՏԻՄ ընտրություններում զբաղեցնում էր Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքի ցուցակի երկրորդ համարը։

Մենք հարցրեցինք՝ ինչպե՞ս հասկանալ Արտակ Գևորգյանից առանձնանալը, մի՞թե չեն մասնակցում հետագայում Գևորգյանին միանալու, նրան սատարելու հատուկ նպատակով։

Արմենակ Նաջարյանը պարզաբանեց, որ նախորդ ՏԻՄ ընտրություններին չհասցրեց նոր կուսակցություն ստեղծել, այդ պատճառով մասնակցեց Արտակ Գևորգյանի ցուցակով, հիմա մասնակցում է հաղթանակ տանելու տրամադրվածությամբ։ Վաղվանից սկսվում է քարոզարշավը, մտադիր են հանդիպումներ ունենալ բոլոր տեղանքների բնակիչների հետ։

Ի դեպ, գործազուրկների թվով երկրորդ տեղում Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքն է։ Այս քաղաքական ուժը ներկայացրել է ճիշտ այնքան թեկնածու, որքան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Թեկնածուների թիվը երկու մրցակիցների դեպքում էլ 63-ն է։

Այս քաղաքական ուժի դեպքում թերևս գործազուրկ մարդկանցով ցուցակ կազմելը ինչ-որ տեղ հասկանալի է․ նրանց մեջ մեծ թիվ են կազմում պաշտոնազուրկները․ բանն այն է, որ Անիում սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններով իշխանություն չձևավորվելու արդյունքում վարչապետի հրամանով ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՔՊ-ի թեկնածուն Արման Սարիբեկյանը։

Վերջինս էլ 5-6 ամսվա ընթացքում հասցրեց ազատվել Անի խոշորացված համայնքի բոլոր վարչական ղեկավարներից, բացի Անի կայարանի վարչական ղեկավարից, որին տեղափոխեցին Բագրավան՝ նշանակելով այդ համայնքի վարչական ղեկավար։ Սակայն մեր տեղեկություններով, նրան օրերս պաշտոնազրկել են, քանի որ բնակիչները բողոքի են դուրս եկել, թե ինչու են այլ համայնքից ղեկավար բերել։ Ստիպված պաշտոնի են վերադարձրել Բագրավանի նախկին վարչական ղեկավարին՝ ընտրություններին ընդառաջ ժողովրդի սրտով գնալու ու իշխող ուժի նկատմամբ համակրանք շահելու նպատակով։

ՔՊ-ական Արման Սարիբեկյանի՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո համայնքապետարանի աշխատակիցների 95 տոկոսն էլ ինքնակամ է ազատվել աշխատանքից։ Ըստ մեզ հասցեագրված բողոքների, այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ աշխատանքից ազատվեն անգամ մանկապարտեզի տնօրեններ, հավաքարարներ, դաստիարակներ, դայակներ, աղբաթափման վարորդներ, գարաժների պահակներ։ Մի խոսքով, 100-ից ավելի մարդիկ են ազատվել աշխատանքից։

Շատերը Արտակ Գևորգյանի պաշտոնավարումից հետո դիմում են ներկայացրել ու հեռացել, վարչական ղեկավարներին էլ ուղղակիորեն պաշտոնազրկել են։ Մի խոսքով, եթե 18 տարվա համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած ցուցակը բնութագրելու լինենք, չենք սխալվի, եթե ասենք՝ պաշտոնաթողների կամ պաշտոնազրկվածների ցուցակ։

Ամենախայտաբղետը ՔՊ-ի ցուցակն է։

Ցուցակում տեղ են գտել համայնքապետարանի աշխատակիցներ՝ համայնքապետի տեղակալ, խորհրդական, համայնքային մի շարք ծառայողներ, մի խումբ վարչական ղեկավարներ՝ Սառնաղբյուրի, Անիվանի, Աղինի, Ձորակապի, Լանջիկի, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, Հայկաձորի։ Կան ֆերմերներ, դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ, բժիշկ, անգամ ֆրանսերենի թարգմանիչ, ՏՏ ոլորտի մասնագետ, դերձակ, էլեկտրիկ, մատնահարդար, խոհարար, հրուշակագործ, վարորդ, մեխանիզատոր։

Տպավորություն է, որ այստեղ ոչ մի մասնագիտության տեր մարդու չեն նեղացրել, միայն թե մի պայմանով, որ բոլորը համալրեն ՔՊ-ի շարքերը։ Այս ցուցակում մեծ մասը կուսակցականներ են, 63 հոգուց անկուսակցական է ընդամենը 9-ը։

«Հայկական երազանք» կուսակցությունն էլ, որը գլխավորում է Ագուն Սաղաթելյանը, ունի 32 թեկնածու։ Թեկնածուների մեծ մասը՝ բացի 2-ից, անդամագրված են նորաստեղծ կուսակցությանը։

Ագուն Սաղաթելյանը «Բարոն Ռեսթ» ՍՊԸ-Ի տնօրենն է, այս ցուցակում ևս բավական մեծ թիվ են կազմում գործազուրկները՝ 24 հոգի, կա նաև ՍՊԸ-ների տնօրեններ, բետոնագործ, պահակ, վարորդ։

Վաղվանից սկսվում է քարոզարշավը։ Անիում բավականին ինտրիգային ընտրություններ են սպասվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728