Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի:
Նախարար Պապիկյանը շրջել է դիրքում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել դիտարկող անձնակազմի հետ:
Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են սահմանագոտու իրադրության վերաբերյալ: Հրամկազմը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է առաջնագծում իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի կահավորման, նոր ենթակառուցվածքների ներդրման ընթացքի մասին, զեկուցելով, որ դրանք շարունակական են լինելու:
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, ռազմամթերքի և պարենային բավարարումներով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Մարտական հենակետում՝ թեյի սեղանի շուրջ, նախարար Պապիկյանը լսել է պայմանագրային զինծառայողներին, խոսել ատեստավորման արդյունքում սպասվող առավելությունների մասին: Սուրեն Պապիկյանը հորդորել է դիրքապահ անձնակազմին հերթափոխին հաջորդող երկու շաբաթներն օգտագործել ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրացնելու, կրակային հմտությունները կատարելագործելու, մասնագիտական գիտելիքներն ավելացնելու նպատակով, ինչը թույլ կտա ստանալ բարձր գնահատականներ՝ հետագա ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Սուրեն Պապիկյանն այցի ընթացքում հետևել է նաև մարտական դիրքեր տանող ճանապարհների շինարարական աշխատանքներին:
Մարտական դիրքերից վերադառնալու ճանապարհին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Անգեղակոթ համայնքի բնակիչների հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ