ԱԺ լիագումար նիստում հայտարարությունների ժամին այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը բարձրաձայնեց ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության ահագնացող տեմպերի մասին։ Նա ասաց, որ բացահայտված թվերը վերջին տարիներին կտրուկ աճել են, եւ դա մեծամասամբ պայմանավորված է «Տելեգրամ» ալիքների աշխատանքով։
«Դրանց գովազդները տեսանելի են դպրոցների պատերին, կանգառներում։ Ծավալները պատկերացնելու համար` ոստիկանության տվյալներով հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող 435 «տելեգրամյան» «շոփեր», 35 ալիքներ։ Հարյուրից ավելի չաթեր կան, որտեղ քննարկում են այս կամ այն ալիքի ծառայությունների որակը»,-նշեց Ագնեսա Խամոյանը։
Նա հավելեց, որ անգամ բիտքոյնով վճարումներ են արվում թմրանյութերի համար, իսկ երիտասարդների շրջանում տարածված են սինթետիկ թմրանյութերը․ «Ընդ որում, շատերը համոզված են եղել, որ մետամֆետամինը կախվածություն չի առաջացնում։ Այդպես չէ, իրազեկման պակաս կա։ Նման անձանց տարիքային շեմը երիտասարդացել է։ Ավելացել է օգտագործող կանանց, դեռահասների թիվը։ Սա լրջագույն սպառնալիք է, եւ պետությունը պարտավոր է սա կանգնեցնել, այլապես հիմնավոր կասկած կլինի, որ սա արվում է իշխանության հովանավորչության ներքո»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Տիկին Խամոյան, արդեն ուզում էի շնորհակալություն ասել ձեր ելույթի համար, այն էլ վերջում հարամ արեցիք»։
Կարդացեք նաև
Հաջորդիվ ելույթ ունեցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նկատեց․ «Ամենեւին պարտադիր չի գնահատական տաք պատգամավորի ելույթին»։ Ռուբինյանը պատասխանեց․ «Պարտադիր չի, որ դուք էլ գնահատական տաք իմ գնահատականներին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ