Լրահոս
Օրվա լրահոսը

Դրական հեռանկարներ՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնող դեղամիջոցի ստեղծման հետազոտություններում

Փետրվար 28,2023 18:10

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի և կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիաները Բելառուսի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի «Մոլեկուլների ֆոտոնիկայի և ֆոտոքիմիայի» կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացնում են հետազոտություններ՝ ստեղծելու այնպիսի նոր դեղամիջոց, որով ոչնչացնեն միայն քաղցկեղային բջիջները՝ չվնասելով առողջները:

«Հայտնի է, որ քաղցկեղային բջիջներում ֆոլաթթվի (վիտամին B9) ռեցեպտորների քանակը, որոնք աշխատում են անտենայի սկզբունքով, 100-300 անգամ ավելի շատ է, քան առողջ բջիջներում: Օգտագործելով այս հանգամանքը՝ մեր կողմից ֆոլաթթվի (ՖԹ) հետ կոմպլեքսավորվել են ցինկ մետաղ պարունակող պորֆիրիններ (ֆոտոզգայուն բնությունում գոյություն ունեցող միացություններ): Ստացված կոմպլեքսները կապվում են միայն քաղցկեղային բջիջների ֆոլաթթվի ռեցեպտորների հետ թիրախային սկզբունքով և, ներթափանցելով քաղցկեղային բջիջների մեջ, լազերի միջոցով լուսավորումից հետո ոչնչացնում են միայն քաղցկեղային բջիջները: Այդ կոմպլեքսներից ընտրել ենք նյութերի ամենաբարձր հարաբերակցությամբ կոմպոզիտը` [ՖԹ + Zn-TBut4PyP], որում հարաբերակցությունը հասնում է 20/1-ի: Կոմպոզիտների հատկություններն ուսումնասիրվել են տարբեր pH-ի և NaCl կոնցենտրացիայի պայմաններում, որոնք բնորոշ են քաղցկեղի համար: Նման կոմպոզիտների ստացման մատչելիությունը հնարավորություն է ընձեռում դրանք կիրառել ուռուցքների թիրախային ֆոտոդինամիկ թերապիայում: Պորֆիրինները կարող են օգտագործվել նաև բակտերիաների, սնկերի, խմորիչների և վիրուսների դեմ պայքարում»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Գյուլխանդանյանը:

Հետազոտությունն իրականացվում է «Ֆոլաթթվի և կատիոնային պորֆիրինների հիմքով նոր վեկտորային կոմպոզիտներ ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայի համար» ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտությն մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

«Հետազոտությունն ունի և՛ հիմնարար, և՛ կիրառական նշանակություն: Այս հետազոտությունների հիման վրա շարունակվելու է այլ նմանատիպ միացությունների (այլ վիտամինների, սպիտակուցների, գիալուրաթթվի), նանոմասնիկների (արծաթե, ոսկե) ու պորֆիրինների կոմպոզիտների ստեղծումը, որոնք կարող են ցուցաբերել ավելի բարձր խնամակցություն և ակտիվություն քաղցկեղային բջիջների նկատմամբ: Հետազոտությունը շարունակվելու է 2023 թ-ին և ավարտից հետո ամենաակտիվ միացությունը (դեղամիջոցը) կիրառվելու և փորձարկվելու է խոշոր կենդանիների վրա, որպեսզի հետագայում կիրառվի մարդու քաղցկեղային հիվանդությունների դեպքում»,- ասաց Գրիգոր Գյուլխանդանյանը:

Հետազոտական աշխատանքում ընդգրկված է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի 3 երիտասարդ գիտաշխատող, ինչպես նաև կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատողներ: Բացի այդ, այս թեմայով ներկայում կատարում են և շարունակելու են 2023թ. կատարել հետազոտություններ 3 ուսանողներ` բակալավրներ և մագիստրոսներ:

Հետազոտության արդյունքները 2022 թ. տպագրվել են հեղինակավոր «Journal of Innovative Optical Health Sciences» ամսագրում, Vol. 15(1), pp. 2142007-1 – 2142007-16, (2022):

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728