10 օրից ավելի՝ ՊՆ նախկին վարչական շենքի բնակիչները դրսում են մնացել, եւ նրանց խնդիրն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ շեշտելով, որ անօթեւան մնացած այդ մարդկանց շարքերում կան ծերեր, երեխաներ, կերակրող մայրեր, պատերազմի հետեւանքով հայրենազրկվածներ, մարտական հերթապահություն իրականացնողների ընտանիքներ։
«Մեր համառ ջանքերի շնորհիվ է թույլատրվել վրանների տեղադրումը։ Երեկ տեղեկացա, որ ոստիկանությունը բնակարաններից դուրս է նետում նրանց գույքը, իրերը՝ չսպասելով, որպեսզի կազմակերպվի գույքի տեղափոխումը։ Սա անմարդկային է եւ անթույլատրելի»,-նշեց Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը նաեւ հայտնեց՝ տեղեկություններ ունի, որ մանկահասակ երկու երեխա հոսպիտալացվել է․ «Ո՞վ է պատասխան տալու այդ երեխաների առողջական խնդիրների համար»։
Ելույթի ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց․ «Կփոխանցե՞ք ինձ ձեր տեղեկությունները, որ երկու երեխա առողջական վիճակի վատթարացում են ունեցել։ Փոխանցեք, եթե կարողանանք, մենք էլ ինչ-որ բանով կաջակցենք»։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանը խոստացավ տվյալները փոխանցել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ