Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեքենաների կմախքները բակերում են, խաղահրապարակներում․ բա դրա համար պատասխան տվող չկա՞»․ Խաչատուր Սուքիասյան

Փետրվար 28,2023 16:25

«Երեւանում նոր աղբավայր կառուցվելո՞ւ է։ Մրցույթը եղավ, հաղթող չեղավ»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր կառավարության հեղինակած՝ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման են ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը։

Վաչե Տերտերյանը նշեց․ «Մրցույթը կայացած չէ, բայց գործընթացը շարունակվում է։ Երեւանի քաղաքապետարանը վճռական է, որ նոր մրցույթ հայտարարվի, ու աղբավայրի աշխատանքները առաջ տարվեն։ Վերջերս քաղաքապետարանում մի քննարկման եմ մասնակցել։ Շփումներ կան տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ արտերկրյա։ Նպատակը՝ Երեւանի գործող կոշտ կենցաղային թափոնների վերամշակման համակարգն արդյունավետ դարձնելն է։ Շինարարական աղբին դա եւս վերաբերում է»։

ՔՊ խմբակցությունից Հովիկ Աղազարյանին էլ հետաքրքրում էր, թե հիմա տարեկան որքան գումար է ծախսվում եւ որքան է ծախսվել «Սանիթեք»-ի ժամանակ։ «Դժվար թե հիշեմ «Սանիթեք»-ի ժամանակ։ Հիմա էլ կզգուշանայի կոնկրետ թվեր ասել, բայց վարձավճարներից հավաքվող գումարները ծածկում են ծախսերի կեսից մի քիչ պակասը»,-պատասխանեց Վաչե Տերտերյանը։

Ապա ՔՊ-ից Խաչատուր Սուքիասյանը դիմեց Տերտերյանին․ «Աղբի տեսակավորման խնդիրը շատ արագ կարող ենք լուծել։ Տարբեր արկղեր են տրվում դրա համար, եւ քաղաքացիներից պահանջվում է, որ տեսակավորեն։ Սա շատ կարեւոր է։ Կուզեի սա արագ անեինք գոնե խոշոր քաղաքներում։ Եվ, մեքենաների կմախքների հարցը․ դրանք ամենուր են։ Բա դրա համար պատասխան տվող չկա՞։ ՏԻՄ մարմիններն ինչո՞ւ չեն հետեւում։ Եկեք օրենք ավելացնենք, որ դրանք հողում թողելը մեծ տույժ ու տուգանք կառաջացնի»։

Վաչե Տերտերյանը համաձայնեց, որ մեքենաների կմախքների հարցը լուրջ է․ «Տարիներ առաջ գոնե տեսանելի տիրույթում վիճակը լավացավ, դրանք հավաքեցին, հանձնեցին, մթերվեց որպես երկրորդային հումք։ Կազմակերպություններ էին դրանով զբաղվում։ Դուք ավելի մեղմ նկարագրեցիք վիճակը։ Հիմա պատկերն ավելի վատ է։ Մայրուղիներում, տուրիստական հատվածներում այդ կմախքների վաճառքի կետեր են»։

Խաչատուր Սուքիասյանը շարունակեց, որ մեքենաների կմախքները նաեւ տարիներ շարունակ նետված են բազմաբնակարան շենքերի բակերում, երեխաների խաղահրապարակներում․ «Եկեք օրենք բերենք։ Կամ նկարենք ուղարկենք համապատասխան մարմին։ Ժամանակակից աշխարհում չպետք է նման բաներ լինեն»։ Վաչե Տերտերյանը խոստացավ մտածել այս խնդրի լուծման ուղղությամբ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728