Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ալբերտ Բազեյանը Համահայկական միացյալ դաշինք է ստեղծում

Փետրվար 28,2023 16:04

Ներկա իշխանությունները բարձիթողի են մատնել բանակը, Ադրբեջանը հրադադարից հետո շուրջ 25 տարի պատրաստվում էր պատերազմի, փոխարենը՝ մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, բանակը հզորացնելու, երկրում օրինականություն հաստատելու ՝ իշխանությունները զբաղված էին սեփական բարեկեցության խնդիրները լուծելով: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու մեր երկիրը հայտնվեց այսօրվա վիճակում:

Նրա խոսքով, դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին կարողացավ վերցնել իշխանությունը, Արցախում հայտարարեց, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորումը սկսում է զրոյական կետից, դադարեցրեց բանակցությունները, պաշտպանության նախարարը հայտարարեց՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»՝ Ադրբեջանին հնարավորություն տալով նոր պատերազմի, որին մենք պատրաստ չէինք:

«Եղավ մեր պարտությունն այդ պատերազմում, մենք չենք կարող մեղադրել մեր ազատամարտիկներին, զինվորներին, բանակին: Բանակն արեց ամեն ինչ, բայց մեր դիվանագիտությունը չաշխատեց, մեր արտաքին դաշնակիցները մեզ ոչնչով չօգնեցին: Մեր պոտենցիալ դաշնակիցները կարող էին լինել Հունաստանը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, այդ նաև Ռուսաստանը, որի հետ պայմանագրային պարտավորություններ ունենք, և ՀԱՊԿ-ի անդամ ենք: Անգամ այն դեպքում, երբ Ադրբեջանը մտել էր բուն Հայաստանի տարածք՝ ՀԱՊԿ-ը մեզ ոչնչով չօգնեց՝ Նիկոլ Փաշինյանին համարելով արևմտամետ քաղաքական գործիչ, սորոսական և նոյեմբերի 9-ին ստորագրվեց մի փաստաթուղթ, որի արդյունքները բավականին աննպաստ են մեր համար: Հենց այնպես, գրչի մեկ հարվածով, մի թղթի ստորագրությամբ տրվեցին տարածքներ, որոնք մեր զինվորները հերոսաբար պահել էին: Ամբողջ Քարվաճառի շրջանը՝ մոտ 300 հազար քառ կմ, այդ թվում՝ նաև Բերձորի շրջանը մենք պահել էինք, միայն հարավային ուղղությամբ էին կարողացել խորանալ և գրավել նաև Շուշին: Ինձ համար անհասկանալի է, հանելուկ է, ինչպես հանձնվեց Շուշին, կամ եղել է դավաճանություն, կամ եղել է շատ վատ կազմակերպված պաշտպանություն»,-նշեց Բազեյանը:

Նա կարծում է, որ հասարակությունը նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո անցկացրած ընտրություններում քվեարկեց Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին, քանի որ հոգնել էր նախկին իշխանությունների անարդարություններից, նույնիսկ ընտրություններից հետո նախկինները չկարողացան «զարթնացնել լաոյին»:

«Հաշվի առնելով, այս հանգամանքները, մենք՝ մի խումբ համախոհներով նախաձեռնել ենք ձևավորելու Համահայկական միացյալ դաշինք, որում ներգրավվելու են բոլոր այն կուսակցությունները, ովքեր ընդդիմադիր են այսօրվա իշխանությանը, ազատամարտիկների հասարակական կազմակերպություններ, մշակութային, ստեղծագործական կառույցները, հայրենակցական միություններ, լրագրողներ և այլն: Անկախ նրանից՝ հայ մարդն ապրում է Հայաստանում, սփյուռքում, թե՝ Արցախում՝ միավորել մեկ համահայկական դաշինքում, մեկ գաղափարի շուրջ՝ պահել և պահպանել Հայաստանն ու Արցախը միասնական: Սա բոլորիս հայրենիքն է»,-հայտարարեց Ալբերտ Բազեյանը:

Նա խոստացավ գարնանը ժողովրդին ոտքի հանել և իշխանափոխություն իրականացնել, որը միջոց կդառնա երկրում ծառացած խնդիրները լուծելու համար: Կոնկրետ քայլերի մասին Բազեյանը չցանկացավ մանրամասնել՝ ընդգծելով, թե իրենք ունեն քաղաքական կոնկրետ ծրագիր, որը հետագայում կներկայացնեն:

Անդրադառնալով Մյունխենյան հանդիպմանը՝ Բազեյանը ասաց, որ հիասթափված է, քանի որ ակնկալիքները չիրականացան: Նա դրական գնահատեց Ռուբեն Վարդանյանի աշխատանքը Արցախում և սխալ համարեց այն հրամանագիրը, որով Վարդանյանն ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից: Նրա կարծիքով, Ռուբեն Վարդանյանի պաշտոնից ազատումը՝ Ալիևի պահանջն էր:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728