Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ակնհայտ շփոթ կա», «այդ ի՞նչ դեպք է եղել, որ բերել եք այս օրենքը»․ Ռուբինյանի ու ընդդիմադիրների հարցերը խաչվեցին

Փետրվար 28,2023 15:55

«Ունեցել ենք գործիչներ, որոնք հայտարարել են՝ վատ չէր լինի, որ ՀՀ-ն Թաթարստանի օրինակով կամ մեկ այլ օրինակով մտնի այլ երկրի կազմ։ Սա հանցատեսա՞կ է։ Կարծիքներ կան նաեւ, որ ԵՏՄ-ին անդամակցությունը եւս ինքնիշխանության որոշակի կորուստ էր»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Կառավարության հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում․ մասնավորապես, հանցակազմը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով։ Խորհրդարանն այսօր այս նախագիծն էր քննարկում։

Լեւոն Բալյանը պատասխանեց․ «Արարքը պետք է զուգորդված լինի բռնի ուժով՝ ուղղորդված ինքնիշխանության դեմ։ Այս տրամաբանությամբ պետք է հասկանալ»։

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ անորոշությունը խորացավ․ «Բռնի ուժով այս հանցակազմը ո՞նց եք պատկերացնում։ Այսինքն, բռնի ուժով ո՞վ է ստիպում։ Նման կոչ անողը բռնի ուժով ի՞նչ պետք է անի»։

Լեւոն Բալյանը դժվարացավ օրինակ բերել, բայց ասաց․ «Նախագծի իմաստն այն է, որ հրապարակային կոչը կամ գործողությունը պետք է զուգորդված լինեն բռնի ուժով կամ ուժի սպառնալիքով»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձեց հստակեցնել․ «Այսինքն, ոչ թե կոչը զուգորդվի բռնի ուժով, այլ կոչի բովանդակությունը լինի բռնի ուժի գործադրման մասի՞ն»։ Փոխնախարարը պատասխանեց․ «Պետք է իրականացվի բռնի ուժով»։ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց, որ պատասխանը, միեւնույնն է, հստակ չէր։

Ապա «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշեց․ «Պարոն Ռուբինյան, հանձնաժողովում այս նախագծի քննարկման ժամանակ հենց այդ անհստակությունից ելնելով էր, որ պարոն Բալյանին առաջարկում էինք իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ միտքը շատ հստակ ձեւակերպել։ Ինչպես տեսնում եք, պարոն Բալյան, նիստում էլ հարցերը նույն բովանդակության են։ Կամ, ՀՀ տարածքի մասին հայտարարությունը, թե դա չի եղել ՀՀ ինքնիշխան տարածքի մաս, կհամարվի՞ քրեորեն պատժելի արարք։ Օրինակ՝ Շուռնուխի մի մասը կամ ճանապարհահատվածը»։

Լեւոն Բալյանը նույն պնդումը կրկնեց․ «Որեւէ կոչ պետք է զուգորդված լինի բռնի ուժով կամ սպառնալիքով»։ Ռուբինյանը միջամտեց․ «Ակնհայտ շփոթ կա, պետք է հստակեցումներ անել»։

Նույն խնդիրները բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը։ Լեւոն Բալյանը պատասխանեց, որ կփորձեն հիմնավորումները որոշակիացնել՝ մինչեւ նախագծի երկրորդ ընթերցումը։ «Գուցե հստակեցնեի՞ք, նոր բերեիք»,-չհամաձայնեց Արթուր Խաչատրյանը եւ շարունակեց,-«գուցե դեպք է եղե՞լ, որ հիմա այս օրենքը բերել եք։ Նման բան է եղե՞լ, ի՞նչ է ձեզ ստիպել այս օրենքը բերել»։

Լեւոն Բալյանը կրկնեց պնդումը, որ մինչեւ երկրորդ ընթերցումը հստակեցումներ կանեն, թեեւ արդեն իսկ արել են․ «Ինչն է ստիպե՞լ։ Մանրամասները չեմ կարող ասել, ես չեմ եղել սրա հիմքերում»։

Արթուր Խաչատրյանն առաջարկեց նախագիծը հետ կանչել, որպեսզի բացատրություններ տա նախագծի հիմքում կանգնած պաշտոնյան․ «Բա ձեր մոտ հարց չի առաջացե՞լ, թե ինչու է այսպես։ Ձեր պատասխաններն այնքան անհստակ են։ Ո՞նց ենք քվեարկելու։ Հետ տարեք սա եւ թող գա նա, ով գիտի, թե այս օրենքն ինչու է ուզում անցկացնել»։

Լեւոն Բալյանն արձագանքեց, որ նախագծի հիմնավորումներում անհրաժեշտությունն արդեն իսկ բացատրված է։

Ելույթների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները նույն հարցադրումները հնչեցրին, իսկ իշխանական խմբակցության պատգամավորներն առաջարկեցին նախագիծը հիմա ընդունել, եւ եթե կարիք լինի, մինչեւ երկրորդ ընթերցումը լրացումներ կանեն։ Մասնավորապես, ՔՊ-ից Արփի Դավոյանն այսպես ասաց։ Իսկ Լեւոն Բալյանը եզրափակիչ ելույթի իրավունք ուներ, սակայն նախընտրեց ամբիոնին չմոտենալ։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728