Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարող է անջատվել Արցախի հարցի լուծումից։ Հենց այդ պայմանագրով էլ կարող է դա նախատեսվել»․ Ավետիք Չալաբյան

Փետրվար 28,2023 15:43

«Գործող իշխանություններն անցյալ տարի հայտարարում էին, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրեն, բայց որևէ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Համախմբում» շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Ըստ նրա՝ շատ հաճախ հայտարարություններն ու իրականությունը տարբերվում են։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ ներսից լուրջ դիմադրություն կա այս հարցում, նաև իշխանության ներսում կա այդ դիմադրությունը։ Այս առիթով ասաց․ «Մարդիկ հասկանում են, որ չակերտավոր խաղաղության պայմանագիրը նոր պատերազմի դուռ կարող է բացել։ Դա հնարավորություն կտա Ադրբեջանին երկու տարվա դադարից հետո նորից գնալ ագրեսիայի՝ ունենալով ավելի բարենպաստ պայմաններ։ Դրա համար իշխանության ներսում էլ որոշ մարդիկ հասկանում են, որ գուցե պետք չէ նման թղթի տակ ստորագրել»։

Ըստ Ավետիք Չալաբյանի՝ նույնիսկ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում պարտադիր չէ, որ Արցախը թողնվի Ադրբեջանի կազմում։ Մանրամասնեց․ «ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարող է անջատվել Արցախի հարցի լուծումից։ Հենց այդ պայմանագրով էլ կարող է դա նախատեսվել՝ օրինակ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փոխադարձ սահմաններն են ճանաչվում այն մասով, որ դեռ չեն վերաբերվում Արցախին։ Արցախի կարգավիճակը, Արցախի և Ադրբեջանի սահմանների կարգավորումը, փախստականների խնդիրները կարող են մնալ ապագայում։ Բանակցային գործընթացում նման տարբերակ դիտարկվում է։ Որևէ կերպ այսօր չպետք է ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որն Արցախի հարցը կարող է փակած համարել։ Չի կարելի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կդառնա միջազգային իրավունքի դե ֆակտո մաս, ինչպես Կարսի պայմանագիրը։ Պետք է խաղաղության բանակցությունները շարունակվեն այնքան, մինչև կգանք այն հանգրվանին, որ Արցախի կարգավիճակի հարցը նորից կդառնա առանցքային»։

Ավետիք Չալաբյանի վստահեցմամբ՝ Ադրբեջանին ևս պատերազմ անհրաժեշտ չէ։ Նա լուրջ գին է վճարել 44-օրյա պատերազմի համար, երկրում ծնելիությունը 15000-ով նվազել է մեկ տարվա ընթացքում։ Այս առնչությամբ ասաց․ «Պետք է օգտագործենք բոլոր հաղթաթղթերը, որ մենք բանակցային գործընթացն աստիճանաբար բերենք միջազգային իրավունքի և արդարադատության դաշտ։ Այն հիմա ուժի անհամաչափ կիրառման դաշտում է, որտեղ մենք տանուլ ենք տալիս»։

Ըստ Ավետիք Չալաբյանի՝ ՀՀ այս իշխանությունները լուրջ կախված են հանրային կարծիքից։ Նա նկատեց․ «Մենք պետք է թույլ չտանք, որ առնվազն Արցախի հարցում կարողանան նրանք հանրային կարծիքի վրա ազդել։ ՀՀ բնակչության 95 տոկոսը համարում է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Մենք պիտի կարողանանք այդ կարծիքը իշխանությանը պարտադրել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728