Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավելյալ շինարարական ընկերությունների և աշխատուժի կարիք ունենք և ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այս ոլորտում». Գնել Սանոսյանը՝ ԻԻՀ նախարարին

Փետրվար 28,2023 15:34

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը և այլ պաշտոնյաներ։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցությունը։
Սեյեդ Սոուլաթ Մորթազավին իր հերթին ողջունել է նախարար Սանոսյանին և կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները․«Բայց մենք չպետք է բավարարվենք եղածով։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն առավել բարձրացնենք»,-ասել է իրանցի նախարարը՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը նաև Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում։ «Մենք ճանապարհաշինության ծավալները մի քանի անգամ մեծացրել ենք, մեծացել է նաև այլ ենթակառուցվածքների կառուցման ծավալները, ինչը նշանակում է, որ մենք հավելյալ շինարարական ընկերությունների և աշխատուժի կարիք ունենք և ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այս ոլորտում»,-ասել է նախարար Սանոսյանը։

Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ ԻԻՀ մասնավոր հատվածի ընկերությունները մեծ պոտենցիալ ունեն և պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ենթակառուցվածքների՝ ճանապարհների, երկաթգծի, թունելների կառուցման գործում։

Նախարար Սանոսյանը ողջունել է այդ պատրաստակամությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գույքագրել Հայաստանի կարիքները և դրանք դեսպանատան միջոցով փոխանցել իրանական կողմին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728