«Արցախի կառավարող էլիտան կամ լավ չի հասկանում, կամ նպատակային օրակարգով գլխավոր խնդրից շեղում է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, չնայած բանակցային գործընթացում եւ Արցախի անվտանգության հարցով խորը ճգնաժամին, Արցախում առաջնային քննարկումները պաշտոնների, ազդեցության եւ ռեսուրսների բաշխման կամ վերաբաշխման շուրջ են ընթանում՝ մեծ հարված հասցնելով Արցախի կենսունակությանը:
«Ադրբեջանը՝ միջանցքի հետ կապված 4-5 հրապարակային պահանջ էր ներկայացրել եւ դրանցից ընդամենը մեկն էր կապված Ռուբեն Վարդանյանի հեռացման հետ: Այսինքն, Ռուբեն Վարդանյանին ազատելը դեռեւս խնդիրների հանգուցալուծում չէ: Գլխավոր խնդիրներն այս պահին վերաբերում են Կաշենի հանքում ադրբեջանական հնարավոր ներկայությանը՝ ստուգումներից սկսած, ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողությանը: Ռենտգեն սարքի հետ կապված խնդիրը կարծես թե արդեն բանակցված է… այլ բան է՝ արցախցիներն ի՞նչ են ուզում, այլ բան՝ ինչ է ուզում իշխանությունը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանի պահանջները գնալով մեծանում են, իսկ միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից զուտ մարտավարական քայլ էր, որի տակ Ադրբեջանը մի քանի քայլանոց կոմբինացիա է դրել:
Ինչ վերաբերվում է ռենտգեն սարքին, ըստ ընդդիմադիր պատգամավորի տեղեկության, խոսքն առայժմ բեռնատար մեքենաների՝ ռենտգեն սարքով անցկացման մասին է, ինչը Ադրբեջանին հնարավորություն կտա վերահսկել, թե ի՞նչ ապրանքներ են մտնում Արցախ: Այս առումով, նա հիշեցնում է 44-օրյայից հետո Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, որը աստիճանաբար հանգեց անցակետի տեղակայման եւ կարծիք հայտնեց, որ այսպիսով, Ադրբեջանը «տեղ է բացում» եւ որքան հայկական կողմը մտնի ադրբեջանական խաղի կանոնների դաշտ, այնքան մոտեցնելու է Արցախի հանձնումը:
Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնից հեռացվելուց հետո, խոսք եղավ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին. թե Արցախի կողմից ո՞վ է բանակցում, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ գիտի, բայց լավ կլինի, որ արցախյան կողմը հրապարակային խոսի այդ ամենի մասին: Նա նաեւ խիստ կասկածում է, որ ՀՀ իշխանությունները տեղյակ չեն այդ բանակցությունների մանրամասներից, այլ հարց է, որ իրենք հրապարակային տեսակետներ հայտնել են՝ Արցախը զիջելու պատրաստակամության մասին, պարզապես բարձրաձայն այլ կարծիքներ չեն հայտնում, քանի որ դա կարող է վնասել իրենց իսկ իշխանությանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. NEWS.am-ի տեղեկություններով՝ Արցախից հանդիպմանը մասնակցել են 3 պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ եւ Անվտանգության խորհրդի մեկական ներկայացուցիչներ։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը. «Բանակցողների անուններն առ այս պահը չի հրապարակվել ու դեռ չի հրապարակվելու»։