Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելը չարաշահում է Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները. Լավրով

Փետրվար 28,2023 15:08

Բրյուսելը չարաշահում է Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները՝ այդ թվում, առաջ մղելով մի շարք հարցեր առաջացնող իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն ակնհայտորեն չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Այդ թվում՝ առաջ խցկելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր առաքելությունը Հայաստանի տարածքում, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ դրա մանդատի, գործունեության, շարունակականության և այն ավելացրած արժեքի տեսանկյունից, որն այդ առաքելությունը կարող է ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերում»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ ԵՄ՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարը «Ազատությանը» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիության դիտորդների տեղակայումը Հայաստանում կարող է Կովկասը դարձնել Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հարթակ, ասել էր, որ անզեն դիտորների տեղակայումը ոչ մեկի դեմ ուղղված չէ:

«Ես դժվարությամբ եմ տեսնում, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, բացառությամբ, եթե Ռուսաստանը դա հրահրի իր սեփական գործողություններով: Մենք հարյուր հոգուց բաղկացած անզեն առաքելություն ունենք, որն այստեղ է՝ միայն ավելի մեծ վստահություն և կայունություն խթանելու նպատակով: Այն ոչ մեկի դեմ ուղղված չէ։ Այն այստեղ է միայն խաղաղությանն աջակցելու նպատակով: Եվ ես հույս ունեմ, որ ռուս գործընկերները նույնպես դա ի վերջո կհասկանան, որովհետև ասել, թե անզեն դիտորդական առաքելությունն ուղղված է որևէ մեկի դեմ, իրականում նշանակում է աղավաղել փաստերը»,- ասել էր Քլաարը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728