Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջակցելու ենք Հայաստանին, քանի դեռ չի հասել իր նպատակին». Լյուքսեմբուրգի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փետրվար 28,2023 15:12

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատը 2015 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Այս օրերին Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի պատվիրակության կազմում առաջին անգամ մեր երկիր է այցելել նաեւ Պատգամավորների պալատի բյուրոյի անդամ Կլոդ Վիզլերը, որի գլխավորած կուսակցությունն ինչպես Ցեղասպանության ճանաչման, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած հայանպաստ բանաձեւերի հեղինակ է:

«Մտահոգված եմ այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով: Ես ընդդիմության ղեկավարն եմ, որը խորհրդարանում մեծամասնություն չէ, սակայն օրենսդիր մարմինը միասնական է իր դիրքորոշման մեջ: Մենք աջակցել եւ աջակցելու ենք Հայաստանին, քանի դեռ վերջինս չի հասել իր նպատակին»,- ասել է Կլոդ Վիզլերը:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենը երկրորդ անգամ է Հայաստանում, բայց տպավորությունները կրկին հագեցած են: «Այս պատերի մեջ այն մարդկանց լռությունն է, որոնք զոհվել են առանց որեւէ պատճառի: Սա պարտավորեցնում է բոլոր այցելողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող են ապրել խաղաղ եւ միասին»,- ընդգծել է հյուրը:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունն ԱԺ Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ փետրվարի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Ջունա Բերնարդը գրառում է կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728