Շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գեւորգյանը թեեւ նախապես հայտ ներկայացրել էր՝ հանդես գալու մարտի 18-ից 29-ը Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում կայանալիք կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում, սակայն հարգելի պատճառով չի մասնակցի: Նրա փոխարեն մրցավայր մեկնելու է վերջերս Հայաստանի շախմատի ֆեդերացիային անդամագրված ռուս երիտասարդ շախմատիստուհի Պոլինա Կոբակը, որը հունվար ամսին կայացած Հայաստանի կանանց 78-րդ առաջնությունում ինը հնարավորից վաստակելով 4,0 միավոր՝ զբաղեցրել էր 6-րդ տեղը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Պոլինա Կոբակը, իսկ, ընդհանուր առմամբ, արդեն հայտավորվել է 138 շախմատիստուհի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ