Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց կա. Ալեն Սիմոնյանը՝ բանակցությունների առցանց ռեժիմի մասին

Փետրվար 28,2023 13:39

«Ես նման մարդկանց չեմ մեկնաբանում: Ներողություն, բայց մարդու անուն եք տալիս, որին բացի ձեզնից եւ մի քանի հոգի իր մտերիմներից, ոչ ոք լուրջ չի վերաբերվում»,- այսպիսի պատասխան տվեց այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ հրապարակած փաստաթղթի մասին հարցին, որում Արցախի եւ արցախահայերի ճակատագիրը որոշում է Ադրբեջանի Սահմանադրության համաձայն:

Մեկ այլ հարցի՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Բերձորի միջանցքը բացվելու է եւ սքանավորող անցակետեր են տեղադրվելու. համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ինքն ուրախ է, որ Արցախի օրինական իշխանություններն են բանակցում եւ որոշումն իրենք են կայացնելու, ՀՀ իշխանությունը չի խառնվում այդ հարցերին: Ինքը նաեւ տեղեկություն չունի, թե Արցախից ովքե՞ր ու ի՞նչ են բանակցում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնից ազատվելու մասին Երեւանի դիրքորոշման մասին հարցի պատասխանն էլ եղավ. «Ինչպես նշանակման ժամանակ տեսակետ չուներ, այնպես էլ ազատման ժամանակ տեսակետ չունի»: Նա հստակեցրեց, որ Ռուբեն Վարդանյանի թե նշանակման, թե ազատման հարցերում Երեւանը դերակատարում եւ հետաքրքրություն չի ունեցել:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց նաեւ, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթաց կա՝ արձագանքելով դիտարկմանը, որ խոսվում է բանակցությունների առցանց ռեժիմի անցնելու մասին, բայց դրանք չի կարող մանրամասնել-բացահայտել, միայն կարող է ասել, որ միջազգայնորեն ընդունված սկզբունքների վրա է ամեն ինչ ընթանում:

«Մենք չենք կարող Խաղաղության համաձայնագրի մեջ ՀՀ-ի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության մասով ականներ դնել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հստակեցնելով, որ իր պատկերացմամբ՝ Արցախի հարցը չի կարող տեղ ունենալ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հստակեցման մեջ: Միաժամանակ, նա չի ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը հրաժարվում է Արցախի ժողովրդի ճակատագրից:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով էլ, նա կարծում է, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ շատ մոտ ենք կանգնած հարաբերությունների կարգավորմանը, թե ի՞նչ կստացվի՝ ժամանակը ցույց կտա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728