Հաագայի դատարանի որոշումը՝ Բերձորի միջանցքի մասով միջանկյալ միջոց կիրառելու եւ միջանցքը բացելու մասին, հայկական կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում, եւ ԱԺ նախագահ Ալենի Սիմոնյանը խոստանում է, որ «ադրբեջանցիները դրանից երջանիկ չեն լինելու». այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել էր՝ հույս ունի, որ 2023-ը բեկումնային է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ առիթով լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Ես չգիտեմ՝ ինքն ինչ նկատի ունի, որովհետեւ նա մի օր մի բան նկատի ունի, հետո պարզվում է՝ ուրիշ բան նկատի ուներ, հետո պարզվում է ինքը ներքին լսարանի համար էր ասում: Անշնորհակալ գործ եմ համարում մեկնաբանել իր ասածները: Մենք մեր երկրի շահերն առաջ տանելու, մեզ համար լավ պայմաններ ստանալու ուղղությամբ պետք է աշխատենք»:
Հարց հնչեց նաեւ՝ ո՞վ պետք է լինի այն միջազգային երաշխավորը, որը պետք է ապահովի ԼՂ ժողովրդի իրավունքները, նա պատասխանեց. «Ով կարող է իրականացնել դա հողի վրա: Եթե ենթադրենք, ինչ-որ մի երկիր ցանկություն ունի, բայց չի կարողանալու իրականացնել, այդ համաձայնագիրը ուժ չի ունենալու: Հիմա ձեւական ինչ-որ բան կնքել, հետո ասել՝ չի գործո՞ւմ… Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է ինչ-որ երաշխիք ունենան: Հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրականացումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություն հայտնում: Պետք է հասկանանք՝ արդյոք մեխանիզմ անհրաժեշտ է: Մենք կարծում ենք, որ մեխանիզմը միանշանակ անհրաժեշտ է»,-եղավ Ալեն Սիմոնյանի պատասխանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ ի՞նչ նորություններ կան Հայաստանի՝ Ադրբեջանին փոխանցած նոր ր առաջարկների մասով, որոնք խաղաղության պայմանագրին են վերաբերվում: Ալեն Սիմոնյանը տեղեկություն չուներ:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ