Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանություններից պահանջում ենք հրաժարվել Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց»․ հայտարարություն

Փետրվար 28,2023 13:03

«Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին` Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է։ Պատմականորեն ԼՂ-ն հազարամյակներ եղել է հայկական տարածք, իսկ 1918-1920-ին, երբ Ադրբեջանն առաջին անգամ իր նկրտումներն է ցուցադրել ԼՂ տարածքների նկատմամբ, միջազգային բոլոր զեկույցներում այն աներկբայորեն ճանաչվել է՝ որպես հայերով բնակեցված տարածք»,-մամուլի ասուլիսի ժամանակ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի կազմակերպիչների հայտարարությունը ներկայացրեց «Համախմբում» շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Հայտարարության մեջ նաև ամրագրված է․ «ԱՀ կայացման միջազգային, իրավական հիմքերն անառարկելի են, և նրանից որևէ նահանջ անթույլատրելի է։ Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելն անընդունելի է։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն՝ առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելն Արցախի ինքնորոշման իրավունքից, ազատագրական պայքարից հրաժարվելն է։ Դա ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և ֆիզիկական անվտանգությունը, այլև, հակառակը, կդառնա հայոց պետականության կործանման և հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը»։

Հայտարարությունը ստորագրողները նաև վստահ են՝ ԱՀ միջազգային ճանաչման քաղաքական, դիվանագիտական մեխանիզմների հնարավորություններն ամենևին սպառված չեն։ Նրանք հայտարարում են․ «Սնանկ են իշխանության քարոզչամեքենայի կողմից սփռվող պնդումները, թե իբր անկախությունից ի վեր՝ դեռ 1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հռչակագրով, ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը նրա կազմում։ Նույն կերպ կեղծ ու անհիմն են այն պնդումները, թե միջազգային հանրությունն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Միջազգային հանրությունը մեզ չի շտապեցնում Ադրբեջանի հետ կնքել այնպիսի չակերտավոր խաղաղության պայմանագիր, որին հաջորդելու է Ադրբեջանի նոր ագրեսիան, անհիմն տարածքային պահանջները, աննկարագրելի ծավալի ռեպարացիաները, որոնց արդյունքը դառնալու է ՀՀ ինքնիշխանության կորուստը»։

Ըստ նրանց՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը ՀՀ-ի հետ վերամիավորվելու հեռանկարով ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտականությունն է, այն բխում է ՀՀ-ի անկախության հռչակագրից և Սահմանադրությունից․ «Սահմանադրական այս պարտականությունից փաստացի հրաժարումը ոչ միայն անօրինական է, այլև դավաճանություն է ՀՀ կենսական շահերի նկատմամբ և հանգեցնելու է իրավական ու քաղաքական պատասխանատվության»։

Հայտարարության մեջ նաև նշված է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար պայքարը հայ ժողովրդի առանցքային առաքելությունն է, որը նոր շունչ պետք է ստանա և դուրս բերվի ներքաղաքական հակասությունների և աշխարհաքաղաքական հակասությունների տրամաբանությունից։

Հայտարարության ամփոփիչ հատվածում նշված է․ «Մենք վճռական ենք հասու բոլոր միջոցներով ՀՀ-ի գործող իշխանություններին հետ պահել Արցախի հարցում վարվող հակաօրինական և կործանարար քաղաքականությունից։ ՀՀ իշխանություններից պահանջում ենք հրաժարվել Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց։ Հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին և կազմակերպություններին, ՀՀ-ի, Արցախի և սփյուռքի բոլոր հասարակական քաղաքական ուժերին կոչ ենք անում միասնական ճակատ ձևավորել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման օրակարգի շուրջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728