Լրահոս
Օրվա լրահոսը

«Է հա, մի ճնշեք, ո՞վ է ճնշում դատախազներին»․ Թադեւոս Ավետիսյանը՝ փոխնախարարին

Փետրվար 28,2023 12:38

Կառավարության հեղինակած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է դրամական աջակցություն վճարել այն զինծառայողներին, ովքեր ունեցել են 1-ին կամ 1-րդ խմբի հաշմանդամություն, եղել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու, բայց վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ․ այս իրավիճակում հայտնվել է 114 շահառու, եւ կանխատեսվում է, որ նոր օրենքի գործարկումից հետո ընդհանուր 160 անձ կդառնա երրորդ կարգի հաշմանդամ եւ կզրկվի հիմնադրամի շահառու լինելու իրավունքից։

«Դուք տեսե՞լ եք որոշ դատախազների հայտարարագրերը, որովհետեւ աշխատավարձի բարձրացման համար նշում եք սոցիալական պայմանների բարելավումը»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով դատախազների աշխատավարձերը կավելանան 92%-ով։

Լեւոն Բալյանը պատասխանեց․ «Ինքս հայտարարագրերի ուսումնասիրություն չեմ արել, չեմ կարող ասել։ Նախատեսվում է ատեստավորում անել դատախազական համակարգի, բայց աշխատավարձի բարձրացումը պայմանավորված չէ ատեստավորումն անցնելով»։

Սիսակ Գաբրիելյանը նշեց․ «Իրականում մենք կողմ ենք աշխատավարձի բարձրացմանը, թող սխալ չհասկացվի»։

Ապա «Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանը դիմեց Բալյանին․ «Դրական է, որ պետական ծառայության ոլորտում աշխատավարձ է բարձրացվում, բայց ձեր առաջարկածով սովորական դատախազը ստանալու է նախարարի, ԱԺ հանձնաժողովի նախագահի դրույքաչափ։ Հիմնավորում եք, որ դատախազները ծանրաբեռնված են։ Բայց զինծառայության մեջ ավելի մեծ է ծանրաբեռնվածությունը, հետեւաբար՝ բարձրացումն ինչո՞ւ չի աշխատում մյուս համակարգերում եւս»։

Լեւոն Բալյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ լավ է, թե վատ, որ այս կամ այն պաշտոնյանի աշխատավարձին է հավասարվում, բայց այս մոտեցմամբ ենք ուզում բարելավել դատախազների սոցիալական վիճակը»։

Թադեւոս Ավետիսյանը պնդեց, որ սոցիալական վիճակը բարելավելու այլ հրատապ կարիքներ կան։ Պատգամավորի համար անհասկանալի մնաց կառավարության մոտեցումը․ «Հիմա ձեզ դատախազությունը պետք է քաղաքական իշխանությա՞ն համար, այդ նպատակո՞վ եք բարձրացնում։ Կամ, որ ասում եք՝ աշխատավարձը բարձրացնելով ուզում եք բացառել դատախազների հանդեպ ճնշումները։ Է հա, մի ճնշեք, ո՞վ է ճնշում դատախազներին։ Աշխատավարձը բարձրացնելիս մեկ է ճնշումների կենթարկվեն։ Խնդիրը պարզ է։ Նեղ քաղաքական նպատակահարմարությամբ 92%-ով բարձրացնում եք դատախազների աշխատավարձը»։

Փոխնախարարն արձագանքեց․ «Չգիտեմ ում նկատի ունեք, երբ ասում եք՝ մի ճնշեք։ Ամեն դեպքում կարծում ենք, որ բարձր վարձատրությունը ճնշումները զսպելու մեխանիզմ է՝ անկախ միջավայրում ծառայողական պարտականություններն իրականացնելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728