Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական վերնախավը նախ եւ առաջ մոլորեցնել է փորձում սեփական ժողովրդին. Խոջալուի սպանդի իրական հեղինակները. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 28,2023 12:12

Ուղիղ 31 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ջոկատները, դիրքավորվելով Խոջալուի արեւմտյան ափի ուղղությամբ եւ ռազմական ակտիվ գործողություններ ծավալելով հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ, կարողացան լռեցնել Ստեփանակերտն անդադար հրետակոծության տակ պահող կրակակետերը, լիովին մաքրել հայ բնակչության անվտանգությանն սպառնացող զինյալների որջը:

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը տրվեց Խոջալուի ճնշման ռազմագործողությունը սկսելու հրամանը: Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատ միջանցք թողնելով բնակչության համար, բոլոր ուղղություններով հարձակման անցան: Առաջնահերթ ազատագրվեց դեռեւս 1990 թ. հոկտեմբերից ազերիների կողմից զավթված Ստեփանակերտի օդանավակայանը: Ապա, շարունակելով առաջխաղացումը, հայկական ջոկատները ձեռնամուխ եղան հակառակորդի ռազմական մյուս հենակետերի ոչնչացմանը: Թշնամուց առգրավվեցին հարյուրավոր միավոր մարտական զենք, զինամթերք եւ այլն: Մինչեւ ատամները զինված ելուզակները երկար դիմադրել չկարողացան, խուճապի մատնվեցին ու դիմեցին փախուստի: Ասել է թե` նրանք ավելի վաղ հայտնվեցին Աղդամի մատույցներում, քան խաղաղ բնակչությունը… Եվ պարտությունից գազազած թշնամին, կատարելով Ադրբեջանի քաղաքական որոշ ուժերի (նախագահ Ա. Մութալիբովի հակառակորդների) պատվերը, սկսեց ոչնչացնել ընդամենը մեկ օր առաջ իր պաշտպանության տակ առած բնակիչներին: Խոջալուի ճնշմամբ Բաքվի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ավելի սրվեց հակամարտությունը: Եվ ընդամենը մեկ շաբաթ չանցած Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը գահընկեց արվեց:

Անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին, Ադրբեջանի քարոզչական մեքենան մոլեռանգորեն փորձում է իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ «ցեղասպանություն»:

Անժխտելի է, որ Խոջալու բնակավայրում անհամեմատ շատ են եղել սպանված ադրբեջանցիները: Դժբախտաբար, նրանց մեջ կային ոչ քիչ թվով կանայք ու երեխաներ: Սակայն նրանք սպանդի են ենթարկվել ոչ թե Խոջալուի, այլ` Աղդամի մատույցներում, Շելի գյուղի մոտ, ուր «հսկում էին» ազերի զինյալները: Ու, եթե դրան ավելացնելու լինենք, որ հայկական կամավորական ջոկատները հեռանալու համար Կարկառի հունով միջանցք էին տրամադրել խաղաղ բնակիչներին, իսկ ծերերին, կանանց ու երեխաներին տեղափոխել Ասկերան եւ հանձնել Աղդամի ներկայացուցիչներին, ապա ավելի պարզորոշ կդառնա, թե ովքեր են եղել «Խոջալուի եղեռնի» անմիջական կազմակերպիչները:

Ինչպես հայտնի է, այդ մասին առավել հստակ անդրադարձել է Ադրբեջանի նախկին նախագահ Ա. Մութալիբովը` «Նեզավիսիմայա գազետա» թերթի 1992 թ. ապրիլի 2-ի համարում հրապարակված հարցազրույցի մեջ. «Այդ ամենը, ինչպես վկայում են սպանդից հրաշքով փրկված մի խումբ ադրբեջանցիներ, կազմակերպել է ընդդիմությունը, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժեր գործել են նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, որ շատ կազմակերպված ու գործիմացաբար են վերաբերվում նման իրադարձություններին, թույլ տային, որ ֆաշիստական գործողությունների մեջ իրենց մերկացնող փաստաթղթեր ձեռք բերեն ադրբեջանցիները: Միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը թողել էին: Հետեւաբար, ինչո՞ւ պիտի նրանք կրակեին: Դա բացառվում էր: Հենց որ տեխնիկան շրջապատեց Խոջալուն, հարկավոր էր դուրս բերել բնակչությունը: Ես նման հանձնարարություն տվել էի, բայց թե ինչու չէին կատարել, ինձ համար պարզ չէ…»:

Խոջալուի իրադարձությունները, որոնք խաղաղ բնակչության սպանդի պատճառ դարձան, անկասկած, Ադրբեջանում ներքաղաքական մթնոլորտի ծայրաստիճան լարման, մասնավորապես` քաղաքական խարդավանքների եւ իշխանափոխության հետեւանք են:

Ի դեպ, Ա. Մութալիբովը «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում հաստատել է նաեւ, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ եւ տեղեկացել, որ «Խոջալլու բնակիչներին միջանցք է տրամադրվել»: Խոջալլու ողբերգական դեպքերի մասին հավաստի տեղեկություններ է հաղորդում տեղանքում նկարահանումներ կատարած ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը, ով 1992 թ. մամուլում հայտարարել է, թե երբ ինքը երկրորդ անգամ նկարահանել է զոհվածների դիակները, նկատել է, որ «առաջին եւ երկրորդ նկարահանումների միջեւ ընկած ժամանակահատվածում որոշ դիակներ խոշտանգված են»: Նա փաստորեն ակնարկել է, որ դրանք կատարվել են ոչ հայկական կողմից, քանի որ «դիակները գտնվել են այն տարածքում, որոնք այդ պահի դրությամբ չէին վերահսկվում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից»: Հատկանշական է, որ տված հարցազրույցից մի քանի ամիս անց Չ. Մուստաֆաեւն անհասկանալի հանգամանքներում զոհվել է…

Զավեշտական է, սակայն, որ ադրբեջանական քարոզչական մեքենան, քաղաքականացնելով խնդիրը, փետրվարի 27-ը հայտարարել է «հայ ժողովրդի դեմ բողոքի օր» ու շարունակում է ամենատարբեր ձեւաչափերով շրջանառել Խոջալուի թեման:

Կեղծելով իրականացված ողբեգության իրական պատճառները, ադրբեջանական վերնախավը նախ եւ առաջ մոլորեցնել է փորձում սեփական ժողովրդին` խորացնելով թշնամանքը, հակահայկական տրամադրություններ ստեղծում, լռության մատնելով, որ այդ գյուղը դարձել էր Ադրբեջանում իշխանության համար ներքաղաքական պայքարի թատերաբեմ, եւ որ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը մարտական գործողությունների գոտուց անարգել դուրս գալու մարդասիրական միջանցք էին թողել…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728