«Ինչպե՞ս եք երաշխավորելու, որ ատեստավորումն անաչառ ու թափանցիկ է լինելու, ինչպե՞ս եք անաչառությունն ապահովելու։ Արատավոր պրակտիկա կա, որ երբեմն զարտուղի ճանապարհներով են փորձում ատեստավորումն անցնել։ Բարեկամական կապերը շատ են, ծնողն ու երեխան հաճախ նույն տեղում են աշխատում»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ 2 անգամ ատեստավորում չանցած ԱԱԾ ծառայողին կառաջարկվի այլ պաշտոն, որից հրաժարվելու դեպքում աշխատակիցը կարձակվի ծառայությունից։
Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց․ «Գործընթացի լրջությունը փաստում է այն, որ ատեստավորման մեկ հանձնաժողով է ստեղծվելու, ԱԱԾ տնօրենն է անձամբ գլխավորելու։ Կազմում լինելու են նաեւ տեղակալները։ Սա լուրջ շեշտադրում է։ Ատեստավորումը լինելու է երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց։ Առաջինում քսան հարց կա։ 17-ին ճիշտ պատասխանելու դեպքում անցնելու են հարցազրույցին։ Որոշ ծառայողների դեպքում կա նաեւ մարտական-ֆիզիկական պատրաստվածության ստուգարք»։
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ նկատեց․ «Այս նախագծով ատեստավորումն անցնողներն աշխատավարձի բարձրացում կունենան։ Մոտավոր ի՞նչ չափի մասին է խոսքը»։
Կարդացեք նաև
Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց, որ հավելավճարը կսահմանվի կառավարության որոշմամբ, ուստի այս պահին ֆինանսական տեղեկություններ չի կարող ասել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ