Չնայած Ստեփանակերտի եւ Բաքվի ներկայացուցիչների միջեւ ուրբաթ օրը ձեռք բերված պայմանավորվածությանը, Արցախը սնուցող բարձրավոլտ գծի վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել։
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է՝ փոխանակ ԱՀ իշխանություններն Ադրբեջանին պարտադրեին Հաագայի դատարանի որոշումը` աշխարհին ցույց տալով, որ Ադրբեջանը հրաժարվում է այն կատարել, որոշումից բառացիորեն մեկ օր հետո շտապեցին իրագործել Ադրբեջանի նախագահի պահանջը՝ պաշտոնանկ անելով Ռուբեն Վարդանյանին, մեկ օր անց էլ հանդիպեցին ադրբեջանական պատվիրակության հետ՝ այդպիսով ապալեգիտիմացնելով միջազգային դատարանի որոշումը, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթից բացի, Հաագայի դատարանի որոշումը եւս երաշխավորում է Բերձորի միջանցքի անխափան երթեւեկությունը, եւ իշխանությունները պետք է լծվեին դրա իրագործմանը․ «Հիմա էլ, ըստ օդում կախված լուրերի, ադրբեջանական պատվիրակություն պիտի այցելի Կաշենի հանքավայր, դիտարկի, գուցե մոնիթորինգի համար եւ այլն։ Քայլերի նման հաջորդականությունը նշանակում է, որ իշխանությունները գնում են միակողմանի զիջումների ճանապարհով, մի բան, որն անցած տարվա դեկտեմբերի 26-ի հանրահավաքին մերժվեց բոլոր արցախցիների կողմից, ովքեր փողոց դուրս գալով հայտարարեցին, որ չենք գնալու զիջումների, պատրաստ ենք պայքարի։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ պահանջներն ընդունելի են իշխանությունների համար»։ Իսկ գուցե այլ տարբերակ չկա՞ կամ՝ պատերազմի վտանգ կա։ «Ես վստահ եմ, որ այդ պահանջներն ընդունելուց հետո իրենք նույնն են հայտարարելու, մենք պետք է ժամանակ շահենք եւ աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ գործենք։ Բայց մենք էլ ասում ենք, որ, այո, պարտված իշխանություններին հաղթող կողմը հեշտությամբ կարող է ամեն ինչ պարտադրել, այլ կլիներ, եթե պարտվածները սահմանադրորեն ճանապարհ բացեին եւ անցնցում իշխանությունը փոխանցեին կարող ուժերին»։
Գալստյանն ասում է, որ Արցախի քաղաքական շրջանակները տեղյակ չեն նախագահի բանակցություններից, իրենց հետ քննարկում, խորհրդակցություն չի կազմակերպվել, ու տեղյակ էլ չեն, թե ինչ օրակարգով են բանակցում․ «Անգամ չգիտենք, թե ովքեր են մեր կողմից մասնակցել բանակցություններին»։ Երեկ տեղեկություն ունեինք, որ եւս մեկ հանդիպում է նշանակված, սակայն պաշտոնական շրջանակներից հաստատում չստացանք։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: