«Պատերազմից երկու տարի անց ԱԱԾ համակարգմամբ ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովը զբաղվում է գերիների, անհետ կորածների որոնողական աշխատանքներով եւ վերադարձով։ Տեղյակ ենք, որ միայն մեկ նիստ է եղել։ Թե ինչ է քննարկվել, չի ասվում՝ գաղտնիության քողի տակ։ Հանրությունը չգիտի՝ ԱԱԾ-ն ի՞նչ է անում։ Նախորդ տարի հունվարին Ադրբեջանը միակողմանի դադարեցրել է աճյունների որոնումը։ Ստացվում է, որ ոչ մի քայլ տեղի չի ունեցել։ Դուք ինչո՞վ եք զբաղվում»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Սիմոնյանն արձագանքեց, որ հարցը բացասական ենթատեքստ ուներ․ «Երբ կգա ժամանակը, որ հանձնաժողովը հրապարակային կամ այլ ձեւով զեկույց կունենա, վստահ եղեք, որ այն կլինի։ Սխալվում եք, որովհետեւ երեք նիստ է եղել։ Պետք է հաշվի առնել, որ վարչապետի որոշմամբ այդ հանձնաժողովը տարեվերջին է ստեղծվել։ Խոսքն ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովի մասին է։ Մանրամասները չեմ կարող ասել։ Հաշվետվություն չեմ կարող ներկայացնել այսօր այդ թեմայով։ Եթե ձեզ հետաքրքրում է, կարող եք դիմել ծառայություն»։
Թովմասյանը պնդեց, որ հրապարակային միայն մեկ նիստ են տեսել․ «Եթե ավելին եք արել, պետք է իմանանք։ Տեղյակ չեն նաեւ գերիների եւ անհետ կորածների հարազատները, որոնց հետ պարբերաբար հանդիպում եմ։ Նրանց հարցերին չեմ կարողանում պատասխանել, որովհետեւ ԱԱԾ-ն ինձ տեղեկություն չի տրամադրում՝ գաղտնիության քողի տակ։ Գոնե դուք ծնողներին հրավիրեք եւ իրազեկեք, որ մարդիկ անորոշության մեջ չմնան»։
Անդրանիկ Սիմոնյանն արձագանքեց․ «Պետք չի չարչարվել, որովհետեւ ԱԱԾ տնօրենն ամենօրյա ռեժիմով ընդունում է շահառուների խմբերին։ Երեկ մի քանի ժամ հանդիպում է ունեցել 80-ից ավելի այս գործով հետաքրքրվող մարդկանց հետ։ Չեմ հասկանում, այդ ովքե՞ր են, որ ԱԱԾ-ից չեն կարողանում տեղեկություն ստանալ։ Ասեք, իմանանք։ Վստահեցնում եմ, որ ԱԱԾ տնօրենը, չնայած ծանրաբեռնվածությանը, ընդունում է գերիների ու անհետ կորածների հարազատներին ու ամեն հարցի պատասխանում է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ