Կյանքից հեռացել է Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։
Վարդան Հակոբյանը Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակն է։
Հեղինակել է մոտ յոթ տասնյակից ավել գրքեր, բազում գիտական հոդվածներ։
Վարդան Հակոբյանը ծնվել է 1948 թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի N152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում։ Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից։ Դպրոցական տարիներին զբաղվում էր նաև գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել)։
Կարդացեք նաև
Բաքվի N 152 դպրոցում սովորելու ժամանակ, 9-րդ դասարանում, կոմերիտմիությունից հեռացնում են Վ. Հակոբյանին՝ նրան մեղադրելով «շիրազյան ազգամոլության» մեջ, ազերական հավատաքննիչների ճնշման տակ Վ. Հակոբյանը ստիպված տեղափոխվում և ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գյուղում։
1965 թ. բանաստեղծություններն ուղարկում է Շիրազին, ստանում նրա քաջալերանքը և կնքվում Վարդան Հակոբյան (անձնագրային անունը՝ Սլավիկ) գրական անվամբ։
Բաքու, 60-ական թվականներ, դեռևս ուսանող, աշխատում է (երկու տարի) Բաքվի 26 կոմիսարների անվան մշակույթի հայկական տանը՝ որպես ասմունքող։
1969 թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցնում Ստեփանակերտում՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ՝ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։
Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «Հարություն», «Նարեկ», «Դպրատուն» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը։