Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինհաշմանդամներին ողջ կյանքի համար պետք է այդ գումարը տալ․ ավարտեք սա, ամոթ է»․ Գեղամ Նազարյանը՝ փոխնախարարին

Փետրվար 28,2023 10:58

Կառավարության հեղինակած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է դրամական աջակցություն վճարել այն զինծառայողներին, ովքեր ունեցել են 1-ին կամ 1-րդ խմբի հաշմանդամություն, եղել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու, բայց վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ․ այս իրավիճակում հայտնվել է 114 շահառու, եւ կանխատեսվում է, որ նոր օրենքի գործարկումից հետո ընդհանուր 160 անձ կդառնա երրորդ կարգի հաշմանդամ եւ կզրկվի հիմնադրամի շահառու լինելու իրավունքից։

«Փաստորեն, 114 վիրավոր զինծառայողներ տեղափոխվելու են երրորդ կարգ, եւ նրանց ֆինանսական վիճակը վատթարացնում ենք։ Փորձում ենք ինչ-որ կերպ փոխհատուցել, բայց իրականում վատթարացնում ենք։ Ու այս թիվը դառնալու է 160, եւ կարգավիճակից կախված՝ հավելավճարները նվազում են»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր այս նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա նշեց․ «Մարտից ուժի մեջ է մտնելու անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, եւ դժվար է կանխատեսել, թե դրանից հետո ինչ պատկեր կունենանք։ Եթե 500 երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներ կան, ապա 160 թիվը հետո կավելանա։ Քանի դեռ համակարգը չենք կիրառել, եկեք չվատթարացնենք այս մարդկանց կարգավիճակը»։

Դավիթ Խաչատրյանը պատասխանեց, որ ոչ թե վատթարացնում են զինծառայողների վիճակը, այլ փորձում են մեղմել ֆինանսական խնդիրները․ «Իրենք 2-րդ խմբից դարձել են 3-րդ խումբ, եւ սա դրական է առողջացման տեսանկյունից, բայց բացասաբար է ազդում ֆինանսական առումով։ Ուստի այս նախագծով երեք տարի շարունակելու ենք նրանց որոշակի գումար վճարել։ Առարկում ենք ձեր առաջարկի դեմ, որովհետեւ նրանք 3-րդ խումբ են դարձել։ Սա արդար չի նրանց հանդեպ, որոնք ի սկզբանե 3-րդ խմբում են եղել»։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հորդորեց․ «Հաշվի առեք, որ ավտովթարի հետեւանքով հաշմանդամություն ստացածների մասին չենք խոսում, այլ նրանց, ովքեր վիրավորվել են հայրենիքը պաշտպանելիս։ Բոլորին եմ խնդրում՝ մի շփոթեք նրանց ընդհանուր հաշմանդամություն ունեցողների հետ։ 160-ի մասին է խոսքը։ Թող լինի 300, բայց պետությանն ի՞նչն է խանգարում, որ 74 000 ստացողը․․․ թող հրաշք կատարվի, եւ բոլորն առողջանան, բայց նրանց ողջ կյանքի համար պետք է այդ գումարը հատկացնել։ Ավարտեք այս քննարկումները։ Ամոթ է, լավ էլի»։

Դավիթ Խաչատրյանը պատասխանեց՝ գիտակցում են, թե ում հետ գործ ունեն եւ չպետք է կասկածել, թե այդ մարդկանց հավասարեցնում են այլ դեպքերով հաշմանդամություն ձեռքբերածների հետ։

Գեղամ Նազարյանը շարունակեց․ «Այդ օրենքը Մարսից չեն գալիս մեզ պարտադրում, մենք ենք գրում։ Պետության համար դա մեծ ծանրաբեռնվածություն չի։ 3-րդ խմբի հաշմանդամ դարձածները կարող էին եւ զոհվել, եւ իրենց ընտանիքները փոխհատուցում էին ստանալու։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ կենդանի հերոսներին արժևորենք, եւ այդ գումարները պահպանվեն»։

Խաչատրյանն արձագանքեց․ «Եթե երրորդ խումբ փոխադրված զինծառայողների համար գումարները պահպանենք, ապա մյուս զինծառայողները եւս նույն կարգավիճակում են։ Անարդար կլինի։ Նրանք նույն առողջական խնդիրն ունեն, բայց հատուցումները բարձր ու ցածր կլինեն»։

Ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց Գեղամ Նազարյանին․ «Ի՞նչն է խանգարում, որ դուք էլ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք։ Առաջարկեք մինչեւ երկրորդ ընթերցումը։ Փոխնախարարը պատրաստ է քննարկել»։

«Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանն էլ նկատեց՝ նախագիծը գովում են, բայց հաշմանդամություն ունեցող զինծառայողները, միեւնույնն է, չունեն զբաղվածություն․ «Չեմ կարծում, որ մեկը մյուսից նեղանա, եթե 50 000 ավել կամ պակաս ստանան»։

Ապա ելույթի ժամանակ Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ սա ոչ թե ֆինանսի խնդիր է, այլ բարոյականության, եւ ցույց է տալիս, թե պետությունն ինչպես է վերաբերվում սահմանների պաշտպանությունն իրականացրածներին․ «Ես էլ չեմ կարծում, որ երրորդ խմբի մյուս հաշմանդամները կբողոքեն անարդարությունից։ Անգամ, եթե այդպես է, դա չի նշանակում, որ մեկ-երկուսի բողոքի պատճառով պետք է անարդար վերաբերվենք։ Այդ տղաներից շատերն այսօր 21-23 տարեկան են, որոնց տրվում է փոխհատուցում։ Սա քաղաքական հարց չէ, այլ բարոյական։ Առաջարկում եմ օրենքը փոխել այնպես, որ մարտական գործողությունների ժամանակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացածները ողջ կյանքի համար ստանան փոխհատուցում»։

Ամփոփելով՝ փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ բաց են առաջարկների համար՝ քննարկելու երրորդ խմբի զինհաշմանդամներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դարձնելու հարցը։ Հիշեցնենք, որ հիմնադրամի շահառուներ են միայն 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728