Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. Ռազմավարական հարցերում Արցախում առկա է աներեր վճռականություն ու միասնականություն. «Հրապարակ»

Փետրվար 28,2023 10:41

 Հարցազրույց Արցախի նախկին ՄԻՊ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ

Արցախում լարված իրավիճակ է, ինչը նաեւ նյարդային լարում է առաջացնում եւ մեղավորների փնտրտուք։ Դուք պետնախարարի խորհրդականն եք, ի՞նչ է կատարվում Արցախի իշխանությունների հետ։

– Ես այս ընթացքում ինձ հեռու եմ պահել ներիշխանական լարվածություններից ու տարաձայնություններից՝ 2 կարեւոր պատճառով: Նախ, որովհետեւ կարծում եմ, որ անթույլատրելի են ներքին պառակտումն ու լարվածությունը՝ հատկապես արտաքին սպառնալիքներով պայմանավորված ճգնաժամային միջավայրում, դրա փոխարեն պետք է միահամուռ ջանքերով կենտրոնանալ արտաքին մարտահրավերները հաղթահարելու վրա: Ես դրա մասին կարծիքս ասել եմ ե՛ւ Ռուբեն Վարդանյանին, ե՛ւ նախագահ Հարությունյանին՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած կերպ աջակցել ներքին համերաշխության ու միասնականության ապահովմանը: Երկրորդ․ քանի որ ես տեղում չեմ, չեմ կարող բավարար տեղեկություններ ունենալ իրավիճակի մասին, ուստի բարոյական իրավունք էլ չունեմ ներգրավվածություն ունենալ ներքին գործընթացներում: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ որքան էլ Արցախում ներքին տարաձայնություններ ու հակասություններ կան, այդ թվում՝ շրջափակման հետ կապ չունեցող պատճառներով, անհամեմատ ավելի միասնական ու հարգալից քաղաքական մշակույթ է տիրում, քան Հայաստանի Հանրապետությունում, ապացույցը՝ Արայիկ Հարությունյանի եւ Ռուբեն Վարդանյանի խոսքն ու վարքը փետրվարի 23-ին: Ռուբեն Վարդանյանի ազատման պատճառներին անդրադարձել է նախագահ Հարությունյանը, ես ճիշտ չեմ գտնում իմ կողմից հրապարակային վերլուծություն կատարել դրա վերաբերյալ: Ուրախ եմ, որ պարոն Վարդանյանը որոշել է մնալ Արցախում եւ շարունակել իր կարեւոր գործունեությունն Արցախի համար. նա, հաստատ, շատ բան ունի Արցախին տալու: Ի դեպ, առիթն օգտագործելով՝ կուզեի արձանագրել ցավով, որ շատ հաճախ Արցախի ներքին պառակտվածությունը, լարվածությունը խթանվում են Հայաստանի տեղեկատվական ու քաղաքական որոշ շրջանակներից, այնինչ այդ կամա եւ ակամա պառակտիչները պետք է գիտակցեն, որ Արցախը մեծապես տարբերվում է Հայաստանից՝ մարտահրավերների, խոցելիության եւ այլ կարեւոր տեսանկյուններից, ուստի Արցախի համար իրապես ցավող յուրաքանչյուր գործիչ ոչ թե 7, այլ 17 անգամ պետք է չափի, նախքան ներքին լարվածություն խթանող գործողություն կամ հայտարարություն կատարելը:

Կարծիք կա, որ Ադրբեջանը փակուղի է մտել՝ չգիտի անելիքը, սակայն թիրախը ոչ այնքան Արցախն է, որքան՝ Հայաստանը։ 

– Ադրբեջանական հանցագործությունների գլխավոր թիրախը հայ ժողովուրդն է՝ հայկական միասնական հայրենիքով, ինքնությամբ եւ ազգային շահերով հանդերձ: Այս շրջափակման առավելագույն պլանն Արցախում էթնիկ զտման իրականացումն է՝ կյանքի համար անտանելի ու խիստ անորոշ պայմաններ ստեղծելու հետեւանքով մեծ արտագաղթ խթանելով: Միջին պլանը Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ (իրենց տերմինով՝ «միջանցք») ստանալն է, Հայաստան-Արցախ միակ ճանապարհի վրա մշտական վերահսկողություն ապահովելը, նվազագույն պլանը՝ Արցախի տնտեսության փլուզումը եւ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելը: Այս նպատակները փոխկապակցված են: Իսկ մեր անելիքը պետք է լինի հատկապես միջազգային ճնշման միջոցով նրանց համար շրջափակման գնի կտրուկ բարձրացումը եւ փակուղուց դուրս գալու հնարավորության ընձեռումը, իհարկե, եթե իրոք ցանկանում են դուրս գալ այս իրավիճակից:

Կա՞ որեւէ տարբերակ՝ Ադրբեջանի հետ համաձայնության գալու, ո՞րն է Արցախի կարմիր գիծը, ո՞ր դիրքորոշումն ինչքան համախոհ ունի Արցախում։

– Նախագահ Հարությունյանը փետրվարի 23-ի ուղերձում հանգամանալից անդրադարձել է մեր կարմիր գծերին, որոնք առնչվում են մեր ինքնիշխանությանը, Հայաստանի հետ անխափան ցամաքային հաղորդակցությանը եւ այլ կետերի: Այս ռազմավարական հարցերում Արցախում առկա է աներեր վճռականություն ու միասնականություն: Մնացածը մարտավարական հարցեր են, որոնց շուրջ կարող են լինել սկզբունքային բանավեճեր, եւ ես էլ ունեմ տարակարծություններ՝ տարբեր մոտեցումների հետ կապված, բայց պետք չէ դրանք ներկայացնել արմագեդոնյան լույսի ներքո՝ մանիպուլացնելով այդ թեման եւ լրացուցիչ լարվածություն հարուցելով մեր ժողովրդի մեջ:
Հաշվի առնելով տարբեր արտաքին ու ներքին զարգացումներ՝ տպավորություն ունեմ, որ հնարավորություն կա Ադրբեջանի հետ համաձայնության գալու եւ առկա խնդիրները լուծելու: Եթե շրջափակումը վերացվի, ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպես պետք է երաշխավորվի նման հանցագործությունների չկրկնությունը, որը հաստատ անհնար է առանց պատշաճ միջազգային ներգրավվածության: Այս տեսանկյունից 2 առանցքային փաստաթուղթ կա՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը, փաստորեն, բավարար չէր, այժմ ավելացել է նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ամեն դեպքում, ինչ բովանդակության ու ձեւաչափի փաստաթղթեր էլ լինեն, ամենակարեւորը գերտերությունների քաղաքական կամքի առկայությունն է, որը պետք է ապահովել շահերի համընկնության հիման վրա:

Երբեմն ինչ-որ հրապարակումներում Ձեզ կապում են սորոսական շրջանակների ու ՀՀ իշխանությունների հետ: Ի՞նչ հիմքեր կան նման ենթադրությունների համար:

– Ինձ որեւէ արտաքին ուժի հետ կապելը եւ նման պիտակներ կպցնելը կեղտոտ զրպարտություն ու ստորություն են: Դա նույնն է, որ ինձ մեղադրեն, թե ինչու եմ աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստանալուց հետո վերադարձել ու նվիրվել իմ հայրենիքի զարգացման ու զորացման սուրբ գործին, պետական ծառայությամբ շարունակել իմ հայրիկի, հազարավոր այլ զոհվածների ու մեր սուրբ նախնիների պայքարը:
Նման պիտակավորումները պարզապես անհիմն ու անբարոյական են: Ոմանք դրանք փորձում են հիմնավորել Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում ստացած կրթությամբ, այնինչ ես Լոնդոնի համալսարանական քոլեջում սովորել եմ ՀՀ կառավարության «Լույս» հիմնադրամի ու ԱՀ կառավարության, իսկ ԱՄՆ Ֆլեթչերի դիվանագիտության ու իրավունքի դպրոցում՝ հայկական «Թավիթյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Երկու ծրագրերով էլ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն է ստացել շուրջ հազար հայ, որոնց մի մասը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների օրոք: Իսկ Արցախից շատ քիչ մարդ է այդ ծրագրերով որակյալ կրթություն ստացել: Էլ չասեմ, որ ես բացառիկներից եմ, որ անմիջապես վերադարձել եմ հայրենիք ու անմնացորդ լծվել պետական ծառայության: Վա՞տ բան եմ արել, որ որակյալ կրթություն եմ ստացել, որն առայսօր օգտագործում եմ իմ հայրենիքի ու ազգի օգտին՝ պահպանելով իմ ազգային գաղափարախոսությունն ու արժեհամակարգը: Մի կողմից ցանկանում ենք լավ մասնագետներ ունենալ, մյուս կողմից վիրավորում ենք լավ մասնագետներին, խնդրահարույց չէ՞: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններին, ապա ես որեւէ խնդիր չեմ տեսնում աշխատանքային հարաբերություններ պահպանելու մեջ. կա՞ որեւէ պաշտոնյա Արցախում, որ ՀՀ իր գործընկերների հետ շփումներ չունի: Ի տարբերություն նման բամբասանքներ տարածողների՝ ես ազնիվ ու սկզբունքային եմ իմ հարաբերություններում բոլորի, ներառյալ՝ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հետ: Ի դեպ, իմ այդ սկզբունքայնության դրսեւորումներից մեկն էլ 2019-ին հայտնի ընդդիմադիր գործիչ եւ իմ ընկեր Արսեն Բաբայանի համար երաշխավորություն տալն էր՝ նրան կալանքից ազատելու համար, որն ընկալվեց որպես ՀՀ իշխանությունների դեմ քայլ: Ուստի, ես ո՛չ իշխանության մարդն եմ, ո՛չ էլ ընդդիմության, ես պարզապես իմ ժողովրդի ու հայրենիքի մարդն եմ եւ առաջնորդվում եմ բացառապես իմ խղճով, սկզբունքներով, արժեքներով ու ԱՀ օրենսդրությամբ, իսկ իմ սկզբունքների ու արժեքների վրա կասկածողը թող ավելի սկզբունքային ու արժեքահեն կյանք վարի, հետո փորձի հանիրավի կերպով բարի համբավս սեւացնել խավարամիտ բամբասանքներով:

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728