Անցած շաբաթ Շիրակի փոխմարզպետ նշանակվեց Աննա Մարտիկյանը, որը Հայաստանի հանրային ռադիոյի Շիրակի մարզի թղթակիցն էր եւ «Ծովահայեր» ծրագրի հեղինակը: Պետք է ասել, որ դա հաջող նախագիծ էր, որը ներկայացնում էր մեր պատմության՝ լայն հանրությանն անհայտ էջերը:
Փոխմարզպետ նշանակվելու մեջ, բնականաբար, ոչ մի վատ բան չեմ տեսնում: Շատերն ուրախացան որեւէ պաշտոնում կիրթ մարդու նշանակումից եւ շնորհավորեցին: Մի փոքր փչացրեց տպավորությունն այն հանգամանքը, որ նշանակվելուց հետո նա զղջման տեքստ գրեց՝ երեւի առաջներում քննադատել է ներկայիս իշխանությանը, եւ հիմա դրա համար ներողություն էր խնդրում: Իսկ այնուհետեւ հայտնում է, որ պատրաստվում է անդամակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Խնդիրը, բնականաբար, Աննան չէ՝ նրան հաջողություն եւ բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում: Խնդիրն այն բարքերն են, որոնց ես ծանոթ եմ վերջին, չեմ վարանի ասել, կես դարի ընթացքում, երբ կարիերա անելու համար պետք է նախորդ մեղքերիդ համար մեղա գայիր, ինչպես նաեւ ընդունվեիր կառավարող կուսակցության շարքերը: Մասնավորապես, բոլշեւիկների կուսակցական ժողովում «սայթաքած» կոմունիստը պետք է ապաշխարեր ընկերների առջեւ, «գաղափարապես զինաթափվեր», եւ ընկերները նրան գուցեեւ ներեին:
Իսկ ես հիշեցի, թե ինչպես էին դժգոհում ՀՀՇ-ականները, որ իմ նման անկուսակցական, կասեի անգամ՝ հակակուսակցական մարդն աշխատում էր որպես նախագահի մամուլի քարտուղար: Բայց ՀՀՇ-ն, իհարկե, համեմատելի չէ Կոմկուսի, ՀՀԿ-ի եւ ՔՊ-ի հետ՝ 1990-ականների առաջին կեսին քաղաքական բարքերը համեմատաբար ավելի «բուսակեր» էին նախորդ եւ հաջորդ դարաշրջանների համեմատ:
Կարդացեք նաև
Հանրային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փոխմարզպետը վարչական պաշտոն է. այն ամենեւին չի ենթադրում հավատարմություն կամ անգամ լոյալություն այս կամ այն կուսակցությանը: Թերեւս, միայն քաղաքական պաշտոններում է, որ մարդիկ օժտված են քաղաքական որոշումներ կայացնելու կամ դրանց վրա ազդելու իրավասությամբ, եւ այդ դեպքում պետք է կիսեն իշխող քաղաքական թիմի գաղափարախոսությունը (ենթադրենք, ՔՊ-ի դեպքում այն կա): Դա է ասում օրենքը: Քաղաքական պրակտիկան, սակայն, ճիշտ հակառակն է ասում. մեզանում շարունակվում է այն ավանդույթը, որն արձանագրել էր Ռուսաստանի նախկին վարչապետ Չեռնոմիրդինը՝ ինչ կուսակցություն էլ ստեղծում ենք, դառնում է ԽՄԿԿ:
Քանի որ Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաներն ինձնից տարիքով փոքր են, ես նրանց համար մի «գաղտնիք» բացեմ՝ ոչ ՔՊ-ն է հավերժ, ոչ էլ ձեր պաշտոնը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ մշտապես լինելու է ակտիվիստ, իշխանավոր կամ լրագրող, ապա նա խորը մոլորության մեջ է: Մշտապես հնարավոր է միայն մարդ մնալ: Չնայած այստեղ նույնպես կան բնական սահմանափակումներ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Աննա Մարտիկյանի ֆեյսբուքյան էջից
Թիւրիմացութիւն մը կայ: Շուտով հինգ տարիներէ ի վեր, միեւնոյն հիմնական թիւրըմբռնումը:
Այս վարչակարգն ու նրան ծառայողները, տակաւին յեղափոխական տրամաբանութեան մէջ են: Փողոցում սկսած յեղափոխական գործընթացն են շարունակում: Եւ ինչպէս որ ամենասկիզբը, շարունակում են Օրէնքներն ու Սահմանադրութիւնը գործածել են ըստ իրենց կամքին. որպէս յեղափոխական «նուրբ» միջոց: Յեղափոխական թաւիշեայ գործիք:
Իսկ ամէն անգամ որ նախկինների սպասաւոր մը դարձնում են իրենց կամակատարը, դա իրենց համար ոչ թէ ամօթալի է, այլ ՝ trophy մըն է: Յեղափոխութեան յաղթական աւար: Ինչպէս որ ռազմադաշտում թշնամիին հրասայլը կը գրաւես, ու դրանով իր դէմ կը կրակես…
Այնպէս որ, ընդվզիլը այլեւս անիմաստ է: Խնդիրը էր – այդ ալ ի սկզբանէ – ու կը մնայ այն, որ բաւարար ուժ ունեցող դիմադրող չկայ, կարենալ դիմադրելու համար այս ընթացքին:
Իսկ ՔՊ-ն յաւերժ չէ, այո, սակայն իր կատարածի հետեւանքները մնալու են յաւերժական:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Այս նիւթը պարզաբանած էի, նախապէս, հետեւեալ յօդուածով՝
«Շուարած հակայեղափոխականները» ՝
https://haytougchamlian.blog/շուարած-հակայեղափոխականները/