Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովամթերքն ու ձկնեղենը հղի կնոջ սննդակարգում․ ո՞ր տեսակներից արժե խուսափել

Փետրվար 28,2023 09:30

Հղիները հաճախ են հնչեցնում այս հարցը՝ կարո՞ղ են արդյոք ծովամթերք ու ձկնեղեն ուտել ըստ պահանջի ու ցանկության։

Հղիության ընթացքում կանայք պետք է ուտեն ծովամթերք ու ձկնատեսակներ՝ օրգանիզմի համար այնքան կարևոր սննդայութերը ստանալու համար, սակայն այստեղ կարևոր է չափավորությունը՝ առողջության համար մի քանի վտանգավոր հետևանքներից խուսափելու համար։ Կարևոր է նաև այն, թե ինչպես է պատրաստվում ձկնեղենն ու ծովամթերքը ուտելուց առաջ։ Հղի կանանց խորհուրդ է տրվում շաբաթը 1-3 չափաբաժնով սահմանափակվել, քանի որ շուկայում առկա մի շարք ձկնատեսակներ կարող են սնդիկ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ պարունակել։

Ձկնեղենի ու ծովամթերքի դերը հղի կնոջ սննդակարգում

Որոշ ձկնատեսակների կազմում առկա օմեգա-3 ճարպաթթուների դրական ազդեցությունը հղի կնոջ օրգանիզմի վրա ակնհայտ է։

EBioMedicine ամսագրում հրապարակված հետազոտությունում ուսումնասիրել են հղի կանանց արյան մեջ
օմեգա-3-ի տարատեսակներ էյկոզապենտաենաթթվի (EPA) և դոկոզահեքսաենաթթվի (DHA) մակարդակը և եկել եզրակացության, որ առաջին և երկրորդ եռամսյակում ճարպաթթուների ցածր մակարդակ ունեցող կանանց շրջանում 10 անգամ մեծ է վաղաժամ ծննդաբերության վտանգը, քան այն կանանց շրջանում, որոնց արյան մեջ այդ ճարպաթթուների մակարդակը բարձր է։

Սննդակարգում ճարպաթթուների անբավարարությունը կարող է բջջային սթրես առաջացնել հղի կնոջ օրգանիզմում։ Կան որոշ մասնագետներ, որոնք համարում են, որ անհրաժեշտ է հղիներին օմեգա-3 նշանակել հավելումների տեսքով։

Ձկնեղենը հարուստ է նաև այլ սննդանյութերով՝ երկաթ, յոդ, սելեն, սպիտակուցներ, D և B12 վիտամիններ։ Ձկնեղենի կազմում առկա խոլինը նույնպես կարևոր դեր ունի, քանի որ խթանում է երեխայի ողնուղեղի ու գլխուղեղի զարգացումը։

Ծովամթերք, որից արժե խուսափել հղիության ընթացքում

Սակայն կան որոշ ձկնատեսակներ, որոնք իսկապես խնդրահարույց են հղիության ընթացքում, և որքան էլ մեծ է հղիի ցանկությունը դրանք ճաշակելու, արժե որոշ ժամանակով հրաժարվել այդ տեսակներից։ Ինչպես զգուշացնում է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA), մի շարք ձկնատեսակներ կարող են սնդիկ պարունակել, իսկ որոշ տվյալներով, սնդիկը կարող է թափանցել ընկերքի միջով՝ վնասելով երեխային։

FDA-ն ներկայացրել է վնասակար ձկնեղենի ընդգրկուն ցուցակ, որից մենք առանձնացրել ենք այն տեսակները, որոնք վաճառվում են հայկական շուկայում․ դրանցից են թագավորական սկումբրիան և մեծակնանի թունան։

Հղիության ընթացքում անվնաս են համարվում հետևյալ ձկնատեսակներն ու ծովամթերքը՝

  • սիգ,
  • իշխան,
  • կարպ,
  • անձրուկ (անչոուս),
  • ատլանտյան սկումբրիա,
  • ոստրեներ,
  • կաղամարներ,
  • խեցգետին,
  • խեկ,
  • կամբալա,
  • օմար,
  • սաղմոն,
  • սարդինա և այլն։

Կարելի է արդյո՞ք սուշի ուտել հղիության ընթացքում

Խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում ուտել սուշի, սաշիմի կամ սևիչե, ինչպես նաև հում ոստրեներ, կակղամորթեր, քանի որ դրանք կարող են մակաբույծներ ու մանրէներ պարունակել, այդ թվում լիստերիաներ, որոնք կարող են հղիության լուրջ բարդություններ առաջացնել։ Ծխեցված ձուկը նույնպես կարող է լիստերիաներ պարունակել, եթե համապատասխան ջերմային մշակմամբ չի պատրաստվել և պահվել է երկար ժամանակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728