Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Աննա Թումասյան

Փետրվար 28,2023 15:04

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է»

Ամբողջ կյանքում երազել եմ արտերկրում ապրելու մասին, հատկապես, երբ ավարտեցի բարձրագույն կրթությունս. երազում էի արտասահմանում սովորելու և «մարդ» դառնալու մասին։ Անցան տարիներ, շրջագայեցի շատ երկրներում, եղա տարբեր վայրերում և… սիրահարվեցի հայրենիքիս՝ Հայաստանիս։ Թերևս, դա էր պատճառը, որ որոշեցի զբոսավար դառնալ՝ երկրիս մասին բոլորին պատմելու և այն ճանաչելի դարձնելու համար։

Այժմ ապրում եմ Հայաստանում, ունեմ երկու որդի։

Մի օր աշխատանքից տուն էի վերադառնում… Փողոցները կիսադատարկ էին, չնայած հունվար էր՝ արևը շողում էր և ջերմացնում հոգուս ու մարմնիս բոլոր մասնիկները։ Նայում էի դատարկ նստարաններին, դրանցից մեկի վրա փորագրված էր՝ «Արցախ»։ Նստարանի մոտ մի շուն էր պառկած, կարծես հսկելիս լիներ տարածքն ու նստարանը։ Մտածեցի՝ բա որ Արցախս էլ այս նստարանի նման դատարկ մնա մի օր, էլ ոչ ոք չմոտենա ու չհսկի, ոչ ոք չնստի ու պատմի իր առօրյա հոգսերի մասին։ Մտածեցի ու հիշեցի Արցախում անցկացրած երջանիկ օրերս, թե ինչպես էի եռանդով պատմում ամեն մի քարի, թփի, եկեղեցու, ամրոցի մասին, որոնք նաև հորեղբորս արյունով էին ազատագրվել…

Այդ օրն արցախցիները կրկին առանց գազ էին մնացել, քանի՜-քանի՜ փոքրիկ այդ օրը տաքացավ միայն արևի ջերմությամբ։

Անցան օրեր ու մեկնեցի Ֆրանսիա՝ հանգստի։ Քայլում էի Փարիզի նորաձև ու շքեղ փողոցներով և նայում մարդկանց, շենքերին, նաև՝ նստարաններին։ Դրանք լիքն էին մարդկանցով՝ տարբեր սեռի, տարիքի, ազգության… Եվ մտքիս եկավ Արցախ-նստարանը, որը դատարկ էր։ Մտածեցի՝ երևի հիմա նորից մրսում է, և այդ պահին այնպիսի մեծ ցանկություն առաջացավ վերադառնալ ու նստել հենց այդ խորհրդանշական նստարանին։

… Հաճախ են մարդիկ հարցնում, թե ի՞նչ պետք է անենք մենք ու մեր սերունդը հանուն Արցախի։ Պարզապես պետք է չլքենք Հայաստանն ու Արցախը, պետք է դատարկ չթողնենք Արցախ-նստարանը, այն չթողնենք օտարներին ու կործանիչներին։ Արցախցին ամուր կանգնած է իր հողում։ Երազանքս է՝ դիմանա ու չհանձնվի, իսկ մենք՝ «պատի» այս կողմում գտնվողներս, մնանք ու մեր համառությամբ ցույց տանք աշխարհին, որ սա մեր տունն է, մեր հայրենիքն է, մենք այստեղ եկվոր չենք, հյուր չենք…

Երբ արձակուրդս ավարտվեց ու վերադարձա Հայաստան, աշխատանքի գնալիս կրկին կանգնեցի նույն նստարանի մոտ, և որքան երջանիկ զգացի ինձ, երբ տեսա, որ այն զբաղված է։ Երկու պապիկ նստած եռանդուն կերպով քաղաքական անցուդարձն էին քննարկում…

Ժպտալով բարևեցի ու անցա… Զարմացած ինձ նայեցին, թե ինչու եմ առանց պատճառի ժպտում։ Այդ պահին նորից ու նորից հասկացա մի պարզ բան՝ պետք է շարունակեմ իմ հայրենիքում ապրել, իմ հայրենակիցների՝ արցախցու, գյումրեցու, լոռեցու, կապանցու, իջևանցու, երևանցու կողքին, որ միասին դիմակայենք, շատանանք ու չպակասենք, միասին հաղթահարենք, մեկս մեկիս ուժ տանք ու չթողնենք, որ խորհրդանշական նստարանը դատարկվի, որ մեր երեխաներն ու թոռները միշտ ջերմագին զրուցեն Արցախ-նստարանի վրա։ Միգուցե, բառերս շատ պաթետիկ հնչեն, բայց ես այսպես եմ տեսնում ելքը։

Նստարանը լքված չի մնա, կամրանա, և Արցախն էլ նորից նույնը կլինի, եթե միշտ մնանք նրա կողքին՝ վստահ ու աներեր…

Մարդի՛կ, մի՛ լքեք ձեր տունը, հայրենիքը, եթե ուզում եք փրկել այն, թե չէ՝ խոսքերն ու կենացները շատ են, ծրագրերը՝ նույնպես, բայց իրականացնող չկա… Մնացե՛ք, որ իրագործենք…

Աննա ԹՈՒՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728