«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է»
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։
Այո՛, այս խոսքերն ամենայն հայոց բանաստեղծը գրել է դեռ 1918 թվականին, սակայն այսօր էլ՝ 21֊րդ դարում, այն արդիական է, մեր «հարևան» Ադրբեջանն ավելի քան 2 ամիս է, ինչ փակել է արցախցիների կյանքի ճանապարհը՝ Բերձորի միջանցքը՝ այդ կերպ 120 հազար մարդու կյանք դնելով վտանգի տակ։ Հումանիտար ճգնաժամն Արցախում գնալով խորանում է, խնդիրներ են առաջանում ոչ միայն սննդամթերքի ձեռքբերման, այլև կրթական, տնտեսական ոլորտներում։ Այո «Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»։
Այո՛, 35 տարի առաջ հայ ժողովուրդը միասնական՝ մեկ բռունցք դարձած, ելավ ոտքի, պայքարեց, չընկրկեց, մաքառեց ու հաղթեց, հաղթեց արյան գնով, այն հազարավոր քաջորդիների արյան, որոնք սերունդ էին տվել նոր Սպարապետների, և որոնց արյան գնով էլ դեռ մենք ապրում ենք ու ապրելու ենք ու պետք է անենք ամեն ինչ աշխարհին ցույց տալու, որ հայի գենը չի կարող փոխվել, որ հայը միասնական է, որ ճիշտ է մի պահ կարծես կանգ ենք առել, թմբիրի մեջ ենք, բայց կանք ու դեռ պիտի շատանանք։
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր հայիս պարտքն է այս շրջանում լինել Արցախի կողքին, հեշտ է նստել տանը՝ տաքուկ բազմոցին ու խորհուրդներ տալ, գործելու ժամանակն է։ Եվ չասեք մենք ի պաշտոնե ոչինչ չենք կարող անել, ամենահեշտ գործն է քեզ հասանելիք գործը բարդել ուրիշի վրա։ Այո՛, կարող ենք և հենց մենք ենք կարող, ես՝ հասարակ լրագրողս, օգտագործելով իմ լավագույն զենքը՝ գրիչը, աշխարհին կարող եմ ցույց տալ, թե ինչ է կատարվում Արցախում, թե ինչպես են երեխաները ցրտաշունչ ձմռանը, ցուրտ դասասենյակներում սովորում հանուն վաղվա իրենց օրվա, ինչպես են շրջափակված Արցախում հացի հերթ կանգնում, չեն լռում, չեն վախենում ու ամենակարևորը չեն փախչում։ Դու՝ իրավաբանդ, օգտագործելով քո ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմը, կարող ես միջազգային դատարաններում բարձրացնել Արցախի խնդիրը։ Նա՝ ուսուցիչը՝ կարող է կրթել մի սերունդ, որը գիտի պատմություն, որը գիտի իրեն պաշտպանել, որը գիտի չհանձնվել, որը գիտի պայքարել։ Այն 4-րդը՝ բանվորը, որը կարող է հող մշակել, որը արտ է ցանում, որը տնտեսություն է զարգացնում և այսպես յուրաքանչյուրը իր տեղում ՝ իր «զենքը» ձեռքին։
Իսկ ինչ կարող է անել յուրաքանչյուր հայ հենց այս պահին, որովհետև Արցախում տիրող իրավիճակը չի կարող երկար շարունակվել, պետք է ամեն վայրկյան, ամեն րոպե բարձրաձայնել այս խնդրի մասին։ Մենք միշտ հպարտացել ենք մեր Սփյուռքով, աշխարհով մեկ սփռված մեր 7մլն․ հայերով։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը՝ աշխարհի որ ծայրում էլ, որ լինի, կարող է իր ներդրումն ունենալ։ 21֊րդ դարի մարդը իր խոսքը կարող է հասանելի դարձնել ամբողջ աշխարհին։ Եվ ուրեմն, այդ 7 մլն հայերից, եթե կեսն էլ ամեն օր իր սոցցանցի էջում գրառում կատարի «#Արցախ 35» հեշթեգով և հիշեցնի Արցախի մասին, աշխարհը չի լռի։ Եվ ասեմ, ամենևին կարևոր չէ, թե ինչ գրառում, ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ հայուհին գուցե հիշի իր մանկությունն Արցախում, Կանադայի մեր հայրենակիցը կարող է երազել նորից տեսնել Դադիվանքը և իր աղոթքները տեղ հասցնել հենց այնտեղ, ռուսաստանաբնակ հայ ամուսինները կարող են պատմել այն անուշահամ նռան մասին, որ աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա, այն 5-րդ Չինաստանից կրկին կարող է բարձրաձայնել Արցախում ապրող 120 հազար բնակչի կրթվելու, արարելու իրավունքի մասին, այն 6֊րդ, 7֊րդ երկրում ապրողը գուցե պարզապես հմայլվել է Արցախի չքնաղ բնությամբ․․․Այնպես որ, հենց այս պահից ամեն օր գտեք մեկ րոպե ժամանակ, մտեք ձեր սոցցանցի էջ, գրառում կատարեք Արցախի մասին՝ նշելով «#Արցախ35» հեշթեգը։
1988 թվականին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի համար, այսօր ավելի բարդ իրավիճակում ենք՝ սեղանին արցախահայության լինել֊չլինելու հարցն է, Ադրբեջանը նոր ցեղասպանություն է ծրագրում, որի առաջին քայլն արել է։ Ոտքի կանգնենք, ապացուցենք, որ հազարամյակների պատմություն ունեցող հայի ոգին անկոտրում է։
Լիաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ