Ի՛նչ եմ ուզում ես Արցախի համար․․․
Երկար եմ մտածել այս հարցի շուրջ, ու մինչև հիմա էլ մտածում եմ։ Դժվար է պատկերացնել մի հայի կամ գիտակից մարդու, որն Արցախի համար առաջին հերթին չցանկանա արժանապատիվ խաղաղություն։ Ես, թերևս, վստահ եմ, որ այդ խաղաղությունը վաղ թե ուշ լինելու է։ Վստահ եմ, քանի որ վստահ էր նաև հայրս, որը եղբայրների ու հոր հետ ազատագրեց մեր Արցախ Աշխարհն ու բերդաքաղաք Շուշին՝ մարտի դաշտում թողնելով եղբորը։
Սկզբի համար ուզում եմ մի կարևոր բան պատմել, թե թույլ կտաք։ Առաջին անգամ եղել եմ Արցախում 2017 թվականին։ Մեծ ոգևորություն էի ապրում, քանի որ գիտեի, որ այնտեղ հայտնվելը շրջադարձային կլինի իմ «ես»-ի համար։ Ինչո՞ւ․ նախ՝ իսկական հայրենիք եմ գնում, պատմական, փառավոր․․․․ հետո՝ գնում եմ մի տեղ, որտեղից ետ չես գալիս։
Երբ մեքենայով անցանք Շուշի, իմ անձը երևի կատարսիս ապրեց, որովհետև այդպես հոգեթով վաղուց չէի արտասվել։ Զգում էի հողը։ Եվ այո, Արցախից ֆիզիկապես հետ գալն այսօր շատ դժվար է, բայց հոգեպես ետդարձը՝ պարզապես անհնար։ Արցախը մնում է հոգուդ մեջ, արյանդ մեջ ու գիտակցությանդ մեջ։ Արցախը դառնում է ապրելու այն իմաստը, որը միշտ փնտրել ես․․․
Կարդացեք նաև
Արցախում մնացինք մեր ընկերներից մեկի տանը, որը հետագայում իր ընկերների և այդ թվում նաև ամուսնուս հետ պիտի մասնակցեր 2020 թվականի պատերազմին։
Նա թողեց Շուշիի այդ տունը, որի պատուհանից բացվում էր հիանալի տեսարան դեպի Ղազանչեցոց։ Թողեց տունը, ինչպես շատերը, բայց և ինչպես շատերը չհուսալքվեց։ Պատերազմից հետո մեզնից հենց նա առաջին անգամ գնաց Արցախ ու հեռվից դիտեց Շուշին․․․ չգիտեմ, թե ինչ էր կատարվում նրա ներսում, բայց պատկերացնել կարելի է։
Ես Արցախում եղա պատերազմից կես տարի անց ու զգացի, որ թուլամորթ եմ։ Թուլամորթ եմ, քանի որ հուզվեցի պաշարված բերդաքաղաքը հեռվից տեսնելիս․․․․ բայց հասկացա ու գիտակցեցի, որ մարդիկ Արցախ աշխարհում ապրում եմ ու ապրեցնում։
Նրանք չէին հանձնվել ու չեն հանձնվի երբեք։ Մարդկության ամենամեծ տենչը՝ ապրելը, նրանց գենոմում է երևի։ Հուսադրվելով ու հստակ նպատակով սկսեցի պրպտել, թե ինչ կարելի է անցել Արցախի համար։
Նախ՝ օգնեցի ստեղծել ռազմական վերլուծական կայք, որը կպատմի ռազմական գործի, աշխարհում կատարվող ռազմական իրադարձությունների մասին և բազմաթիվ միջոցներով կպրոպագանդի հայրենիքի զինվոր լինելը՝ անկախ տարիքից, մարզական պատրաստվածությունից, զբաղեցրած պաշտոնից ու առօրյա կյանքում ունեցած հետաքրքրություններից։ Վերջին երկու տարիներին հայերենից ռուսերեն եմ թարգմանել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի Հայրենական պատերազմին ու Արցախի ազատագրմանը կանանց մասնակցության մասին գրքերը, որ ռուսաստանյան ուսանողությանը ծանոթ լինի հայկական փառահեղ էջերին։ Բայց, կարծում եմ, հնարավոր է անել ավելին․․․
Խորապես համոզված եմ, որ կրթությունն է լավագույն ապագայի բանալին։ Խորապես համոզված եմ, որ եթե բժշկին այսրոպեական անհրաժեշտություն է կյանք փրկելու համար, ապա ուսուցիչը մտական պահանջ է՝ գիտակից կյանք ստեղծելու ու իմաստով այն ապրելու համար։
Երազանք դարձավ ստեղծել այնպիսի կրթական հաստատություն, որի դռները բաց կլինեն տաղանդների համար, ու դռներ կբացեն նրանց հետագա հայրենանվեր աշխատանքի առջև։ Ես կրթության ոլորտում եմ աշխատում արդեն գրեթե ութ տարի, մինչ այդ ևս չորս տարի սովորել եմ Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, երկու տարի՝ մագիստրատուրայում, ու կարող եմ փաստել, որ ավանդական կրթությունը չի կարող լինել այն հենքը, որի վրա մեր ազգը կկառուցի նոր ու ուսումնահեն ապագա։ Կրթության մասին մտածելիս առաջինը մտաբերում եմ հենց արցախյան կրթական հաստատությունները․ դեռ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում հիմնադրում է Արցախի առաջին դպրոցը՝ նոր էջ բացելով հայ դպրության գրքում։ 1881 թվականին հիմնադրված Շուշիի ռեալական կրթական հաստատության ունեցած կրթական ցենզն այնքան բարձր էր, որ այն ավարտելուց հետո հեշտությամբ կարելի էր ընդունվել եվրոպական կամ ռուսական բուհեր։ Իմ տեսած տպավորիչ հաստատություն էր նաև Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը․․․ Կարելի է փաստել, որ Արցախն, առհասարակ, եղել է ու կա մշակութային ու կրթական կենտրոն։ Այս օրինակներն ու մեծ փափագը սրտումս բռնվեցի դպրոց ստեղծելու գաղափարով, որը հանրակրթական առարկաներից զատ կուսուցանի փիլիսոփայություն, արվեստագիտություն, հայրենագիտություն, դիվանագիտություն և բոլոր այն առարկաները, որոնք միտված կլինեն մեր երկրի (արտերկրից ժամանած ուսանողների համար՝ իրենց երկրի) վաղվա օրվան։ Հաշվարկեցի՝ արդյո՞ք կա համապատասխան ներուժ սաներ կրթելու, ու հասկացա, որ կա։ Ուսումնասիրեցի որոշ երկրների փորձը կրթության ոլորտում ու տեսա վերջինիս շնորհիվ զարգացման ու բարգավաճման հնարավորությունները։ Քննարկեցինք ընկերներով նաև դպրոցի ֆորմատը, ընդունելության կարգը, տեխնիկական հարցերը, նույնիսկ ֆինանսավորում գտնելու ձևերը․․․ Ակներև նախապայման սահմանվեց՝ Վասն Հայրենյաց, իսկ տողատակ՝ ի սարսափ թշնամու։
Գիտեք, նման դպրոց ստեղծելու գաղափարը գուցե հավակնոտ թվա, բայց միթե՞ ռոմանտիկները չեն ստեղծում ապագա։ Վստահ եմ, որ կրթությունը նույնպես զենք է։ Վստահ եմ, որ հայրենանվեր ուղեղներ մարզելը հաղթանակ է վաղվա պատերազմում։ Վստահ եմ, որ բազմակողմանի ու ազգամետ կրթությունը կարող է ստեղծել բանակ՝ սահմանից զատ այլ հարթակներում պատերազմ մղելու։
Դպրոցը, նախ և առաջ, ոգեղենություն կրթելու դարբնոց պիտի լինի, իսկ ոգեղենություն կրթելու լավագույն տեղը հզոր, չքնաղ, հույսի ու ապագայի նկատմամբ անսասան հավատի աշխարհ Արցախն է։
Թերևս այսքանը, շնորհակալ եմ։
Մարինե ԱՌԱՔԵԼՅԱՆ