Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Ավետ Ավետիսյան

Փետրվար 28,2023 12:05

«Պարտվող ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերն՝ անհետանում».
Ուինսթոն Չերչիլ

Նորօրյա իրականության մեջ ամենագլխավոր հարցը, որ բոլորի մտքում է՝ Արցախի ապագայի տեսլականն է։ Հասել ենք մի իրադրության, երբ Արցախից հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան կործանարար ինքնասպանություն։ Էյֆորիկ անադեկվատությունը մխրճվել է մարդկանց երակներում, և պատմությունից դասեր չքաղող մեր ժողովուրդը մոռացել է իր գլխավոր առաքելությունը այս կյանքում։ Ու ցավալին այն է, որ պատմությունը կրկնվում է մեր սխալներից։ Այժմ հասել ենք մի պահի, երբ լռելը հավասարազոր է թիկունքից հարվածի։ Ժամանակն է՝ մեր մասնավոր մտածելակերպից առանձնացնենք ու գերադասենք ազգայինը։ Մեր հայրենիքը մեզ նվիրում է ներկա, իսկ մենք մեր ապագան կառուցում ենք դրսում։

Խոսում ենք նոր սպառնացող պատերազմից, սակայն չենք գիտակցում, որ պատերազմը չի ավարտվել և ամենավտանգավոր ու կրիտիկական փուլում է։ Այո՛, մենք այս իրականությունում այնքան էլ ուժեղ չենք, սակայն ուժեղ չենք միայն զենքով, բայց մենք ունենք տիեզերական բնատուր մի կարողություն. դա խելքն է։ Մենք չենք գնահատել երբեք մեզ ի վերուստ ընձեռնված բազում հնարավորությունները ու 30 տարի ապրել ենք կաղապարված մտածելակերպով, մեզ գերագնահատելով ու անգործության մատնվելով։

Արցախը հայ ժողովրդի ինքնատիպության գենն է։ Արցախի հայկականությունը այլընտրանք չունի։ Արտաքին ոճրագործությունները ներսից փտեցրել են ազգային մտածելակերպը ու վտանգի տակ դրել մեր պետականությունն ու ինքնիշխանությունը։ Սթափությունը կորցրել ենք անիրական խաղաղության հոխորտանքներից։ Վտանգի առջև է դրված հայ ժողովրդի աքիլեսյան անմահությունը, իսկ արյամբ ձեռք բերված պետականությունը չեն նվիրում թշնամուն։ Մենք դրա համար պայքարել ենք ոչ թե 35 տարի, այլ մի ամբողջ հարյուրամյակ ու հազարամյակ։

Հայրս պատմում է, որ 1988թ. ինչպես են սկսել Արցախյան շարժումը, ինչպիսի հանրային ոգևորվածություն ու միասնականություն է եղել Հայաստանում։ Այն գիտակցումը, որ առանց Արցախի չկա Հայաստան ու Սփյուռք, համատարած է եղել։ Մեր ավագ սերունդը սկսել, ժամանակավորապես հաղթել, սակայն մեզ չի տվել կայուն ու զարգացող պետություն ունենալու հնարավորություն։ Մենք չենք կարողացել ամրագրել մեր հաղթանակը ճիշտ տեղում և ճիշտ պահին, ու արդյունքում իմ սերունդը բախվեց չավարտված գոյապայքարի, որն ինձնից խլեց իմ ոսկե սերնդակիցների կյանքերն ու երազանքները։ Վերջակետ չդրեցինք ճիշտ պահին, նախընտրեցինք տալ թշնամուն ժամանակ և զինվելու հնարավորություն ու այսօր էլ շարունակում ենք արնաքամ լինել ու կորցնել անընդմեջ։

Հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս, թե լինելով դարերի խորքից եկած ու դեպի դարերը գնացող փառապանծ ազգի զավակ՝ ո՞րն է իմ առաքելությունն այս մարտահրավերներով լեցուն դարում։ Բազում տառապանքների ու փորձությունների ենթարկված իմ ժողովուրդը, որ քիչ է քանակով, բայց տաղանդավոր է ու արարող, ի՞նչ ծրագրերով պետք առաջնորդվի, ո՞րն է յուրաքանչյուրիդ սուրբ ու նվիրական անելիքը, որը պետք է հնարավորություն տա դիմակայելու մեր թշնամիների հայակործան ու հայադավ նկրտումներին։ Այսօր, երբ մարտերում կորցրել ենք մի խանդավառ երիտասարդություն, երբ հայ ժողովուրդն արնաքամ է եղել անհավասար մարտերում և կորցրել հայրենիքի մի զգալի մասը, առավել քան երբևէ պետք է լինենք միասնական՝ «Մենք»-ը դարձնելով գաղափարախոսության հիմք։ «Մենք»-ի գիտակցությամբ պետք է վերականգնենք սերը միմյանց հանդեպ, հարգանքն ու փոխըմբռնումը, հավատը գալիք օրվա հանդեպ։

Խոհեմաբար պետք է հասկանալ, որ ժամանակ չկա երկմտելու, հապաղելու, որովհետև ցանկացած կասկածանք ու պառակտում կործանարար կլինի մեր ազգի, մեր պետականության համար։ Երբեմն, ամաչում եմ այն մտքից, որ հզոր մշակույթ ունեցող ազգս ունենում է հուսալքության պահեր, և շատերը հեշտ ու հանգիստ բռնում են օտարության ճամփաները։ «Մենք»-ով պետք է կերտենք մեր վաղվա օրը, իսկ վաղվա լուսաբացները, հավատացած եմ, դեռ հաղթանակներով են բացվելու, բացվելու են սխրագործություններով, իսկ դրան նպաստելու են մեր հավերժի ճամփորդ դարձած «լույս տղաների» անմահ հոգիները։ Մենք, որ մեր գոյության ընթացքում ապավինել ենք մեր մեծ հավատին ու բազկին, իրավունք չունենք ընկրկելու, իրավունք չունենք դժվար պահերին մենակ թողնելու երկիրը, լքելու սրբությունները։

Կոչս է իմ տարեկից ընկերներին՝ նորովի նայել կյանքին, վերանորոգվել հոգով, չզբաղվել ինքնախաբեությամբ և հանուն մեր վաղվա հաղթանակների՝ ապրել, սովորել, գործել ու պայքարել՝ մեր անձնական «Ես»-ը խառնելով մեծ «Մենք»-ին։ Հայոց երիտասարդությունը պիտի փոխի իր պատկերացումները ազգայինի, արժեքների ու հայրենասիրության վերաբերյալ։ Շարունակելով մեր ավագ սերնդի կիսատ թողած գործը՝ պիտի շարունակենք պայքարել։ Պայքարել ու աշխատել բոլոր ոլորտներում ու մակարդակներում։ Կրթվել, ինքնակրթվել, զարգանալ ու գնալ դեպի մեծ ազգային տեսլականին։

Իմ սերունդը պիտի  զարգացնի ու շարունակի ապրել հանուն մեր տեսակի գոյության, հանուն մեր արժանապատվության ու դարերով եկած պատգամի։ Իսկ 35 տարի տևած պայքարը նոր փուլ է թևակոխում, միգուցե ավելի դժվար, բայց ավելի պարտավորեցնող ու սթափեցնող։

Ինչպես ասել է Հրանտ Մաթևոսյանը՝ «Եթե նույնիսկ ամբողջ մոլորակը գերեզման դառնա. վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու»։ Հայը կա, պիտի լինի ու ապրի իր մայր հողում անկախ ու զարգացած։

Ավետ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728