Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Զեփյուռ Սիրադեղյան

Փետրվար 28,2023 09:45

«Ինչ պետք է անեմ ես եւ ինչ պետք անի իմ սերունդը հանուն Արցախի»

Արցախը պատմություն ունի։

Այս պատմությանը հակիրճ անդրադառնալն այնքան էլ իրատեսական չէ. Արցախն ունի Արցախի նահանգի, Լեռնային Ղարաբաղի, Արցախի եւ այսուհետ՝ Արցախի ժողովրդի պատմություն։

Չափազանց լավ գիտակցելով առաջարկածիս անհնարինությունը մոտ ապագայում, համալսարանական ավարտական աշխատանքս գրում էի հակամարտությունների կարգավորման այլընտրանքային լուծումների մասին եւ առաջարկում արցախյան հիմնախնդրի լուծման սեփական բանաձեւերը՝ միջազգային օրինակների հենքի վրա։ Սակայն հակամարտությունների կարգավորման մոդելները, սցենարները սովորաբար կիրառելի չեն այլ հակամարտություններում։ Նպատակները հիմնականում նույնն են, միջոցները՝ տարբեր։

Իրավական տեսանկյունից հնարավոր է որոշակի նմանություններ գտնել հակամարտությունների մեջ, սակայն քաղաքական տեսանկյունից դրանք միանշանակ տարբեր են։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր Հարավային Կովկասի ամենախնդրահարույց հակամարտությունն է։ 1990-ականների սկզբին պայթեցված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է նախկին ԽՍՀՄ-ի ամենավտանգավոր հակամարտություններից մեկը։ Չնայած հակամարտության սառեցված բնույթին, մարդկային զոհերից որեւէ կերպ խուսափել չի ստացվել։ 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին հակամարտող կողմերի պատրաստակամությունը ռազմական առճակատմանը։

Հակամարտության հիմքում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքները։ Դեռեւս 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումները հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածքային խնդրին, որի արդյունքում թշնամանք է առաջացել երկու տարբեր կրոնական համայնքների միջեւ։

Թերեւս հակամարտությունների բանակցությունների սեղանին դրված համաձայնագրում քննարկվում էին փաթեթային, փուլային, ընդհանուր պետության հայեցակարգերի վրա հիմնված եղանակները, որից հետո անցում էինք կատարել փարիզյան, մադրիդյան սկզբունքներին, Կազանի փաստաթղթին։ Այդ տարիների ընթացքում տեղեկատվական արշավն իր հերթին սրում էր իրավիճակը։ Վերոնշյալ հետազոտության ողջ ընթացքում պատկերացնում էի հորս սերնդին Արցախի համար պայքարելիս, կռվելիս, վիրավորվելիս, բայց ապրելիս, հարաբերական հաղթանակ տանելիս։ Հիշում էի իմ սերնդին, որը չկոտրվեց 16-ի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, երբ մեր ընկերները ժամկետային զինծառայողներ էին, մենք փողոցային անհնազանդություններով, պահանջներով, ընթացքում առաջին բուժօգնություն սերտելով, պաթոսախեղդ գոչերով՝ միջազգային կառույցների դռներից այն կողմ չէինք գնում՝ հանուն խաղաղ սահմանների, որին, ցավոք, այդպես էլ չհասանք։

Բայց այս ամենը մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի քսանվեցն էր։ Հակամարտությունների ընդհանրություններն այլեւս սին են, Կոսովոյի ալբանացիները եւ Ղարաբաղի հայերը տարբեր չափով էին հաջողակ՝ զսպելու իրենց ինքնությանը եւ քաղաքական կարգավիճակին ուղղված թշնամու սպառնալիքները՝ օգտագործելով իրենց սեփական քաղաքական եւ ռազմական ռեսուրսները։

Ասել, թե ինչ կարող է անել իմ սերունդը Արցախի համար. իմ սերունդը մեռավ Արցախի համար։ Այդ պահից սկսած ես այլեւս չեմ տեսել ընկերներիս, որոնք ապրիլյանին ժամկետային զինծառայողներ էին, այդժամ՝ կամավոր։ Քարային առաջին հանդիպումը շատ բան փոխեց։ Այլեւս այլընտրանքային ուղիներ չկան։ Եվ ընդհանրապես, ուղիներ չկան, քանի չենք գիտակցել կորցրածի կարեւորությունը։

Ներկայումս, չափազանց պաթետիկ են հնչում արտահայտությունները, որտեղ անձի մասնագիտական ինքնազարգացումն ուղիղ համեմատական է Արցախի փրկության, հայրենիքի պահպանության հետ։

Արցախը մեկ անձով պայմանավորված չէ, ոչ էլ մեկ ուղղվածության մասնագետների՝ քաղաքագետների կամ զինվորականների։ Արցախն այսօր համակարգային փոփոխության կարիք ունի։ Արցախն ինքնուրույն չի ծնվել, առանձին չի ապրել, անճրագ չի պայքարել, ուստի միայնակ չի կարող ընկնել։

Դժվար է ասել, թե ինչ պետք է անել հանուն Արցախի, բայց հանուն հայրենիքի պետք է չհրաժարվել Արցախից։

Արցախում այսօր խաղաղ երկինքներ չեն պակասում, այսօր Արցախում պակասում է որոշումներ կայացնելու հնարավորությունը, որն անհնարին է դարձնում Արցախի անվտանգության երաշխավորությունը։

Ցավոք, տեսածիրում նույն թերահավատությունն է՝ ինչն այսօր է, բայց ես հավատում եմ, որ մենք կազդուրվելու ենք, եթե ոչ այսօր, ապա՝ վաղը։

Արցախում ամեն օր տեղի ունեցող փոփոխությունները՝ քաղաքական, եւ ոչ միայն, ստիպում են թեւաթափ լինել Արցախի մասին մտածելիս, բայց այո, ժամանակ է՝ ոչ թե մտածել Արցախի մասին, այլ գործել Արցախի համար, որն անժխտելիորեն՝ Հայաստանի Հանրապետությունում ճգնաժամի կանխարգելմանն ուղղված առաջին եւ միակ քայլ պետք է լինի։

Հարեւան Ադրբեջանի կողմից Արցախին անձնատրության դրդելու քայլերը չպետք է անտարբեր թողնեն ՀՀ սահմաններում ապրողներիս, քանզի Մեղրին Ադրբեջանի համար առավել կարեւոր է, քանզի Նախիջեւանին ցամաքային սահմանակցումն Ադրբեջանի ոչ շատ հեռավոր նախագծերում է, քանզի Իրանի հյուսիսային հատվածում ապրող ադրբեջանցիներն ավելի շատ են, քան հենց Ադրբեջանում։

Անհրաժեշտ ճիշտ եւ տեղին գնահատել ռեսուրսները, այլեւս անցյալում է այն սերմանված գիտակցությունը, թե հնարավոր է փայլփլող եւ համարձակ աչքերով սահմանները պահել՝ առանց զենքի ու զինամթերքի, բայց անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսները՝ Արցախի անվտանգության համար։ Աշխարհում 3-րդ լոբբինգն ունեցող, առնվազն 100 նստավայր պետությունում դեսպանություններով ներկայացող, 22 միջազգային կազմակերպություններում ներկայացվածություն ապահովող Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է Արցախին կապող միակ ճանապարհը կորցնելու շեմին։ Այստեղ ծագում են անպատասխան հարցերը. Ներսո՞ւմ ենք թերի եւ սխալ, թե՞ արտաքին հարաբերություններում։

Ցավոք, մենք կրթությունը չենք կարեւորում, պատմությունն առավել եւս, իսկ դասեր քաղելը մեզ համար հերթական մեծամտանալու առիթը կփչացնի, եւ մենք նախընտրում ենք հրաժարվել ամենից։

Բայց ես տեսել եմ ինչպես է ժամկետային ծառայությունից խուսափած երիտասարդը օրհասական պահին մեկնում ռազմաճակատ, ես տեսել եմ, թե ինչպես են հայրն ու աղջիկը վիճում առաջնային կամավոր մեկնելու համար՝ իրար հերթ չտալով, ես տեսել եմ նաեւ դասալիքների, բայց մեր խնդիրն ավելի գլոբալ է, քան անձի պաշտամունքն ու անձի քարկոծումը։ Այլեւս սրա ժամանակը չունենք։ Արցախին օգնելը ոչ թե խղճի հարց է, այլ ապրելու կամքի դրսեւորում։

Կարեւոր է գալ այն գիտակցման, որ Հայաստանը փոքրացող երկիր է՝ իր մեծ պատմությամբ ու տաղանդավոր ժողովրդով։

Ամեն փոքր մռթմռթոցից Հայաստանն ավելի է փոքրանում։

Խայթող ժամանակներ են, երեւի դժվարն անկախությունը պահելն է, բայց եւ բնազդաբար դա տանելն էլ մի բան չի։

Ակամայից մեր սերնդի ուսերին մնաց Հայաստանի անկախությունը, իսկ մենք դեռ բզկտում ենք պատմության գրքերը, հուսալով, որ Տիգրան Մեծը Կապադովկիայից կմտնի Երասխ։ Աշխարհի համար չէ Հայաստանը։ Ինչքան նեղ ես ու անօգուտ, էնքան աշխարհի համար չես, բայց միեւնույն է, Հայաստանը Հայրենիք է, սգո սրահ է, հանգրվան է, ինչպես ուզում եք կոչեք, այստեղ ավելի հայ ես, քան որեւէ տեղ՝ ինչքան էլ ՕԳԳ-դ բարձր լինի։ Իսկ հայ մնալու համար հերիք չէ ազգանունդ, հայ մնալու համար կողքինիդ ձեռքը պիտի չթողնես՝ կարկատելն ավելի բարդ է, դա ես չեմ ասում, ժամանակն իրենն ասել է՝ Արցախին ձեռք մեկնել է պետք։

Մի փոքր պետության համար այս ամենը շատ է, վատից շատ է։

Մնում է որոշել, ուր որեւէ պիտի որոշենք, պիտի որոշենք՝ ապրել։

Մեր սերունդն արդեն մենակ կանգնել է ռազմի դաշտում, չի հրաժարվել իրեն ազատություն տված հայրենիքից, եւ վստահ եմ, կազդուրվելու համար մեզ ձեռք չեն մեկնելու, բայց մենք մեր ձեռքը մեկնելու ենք Արցախին։

Զեփյուռ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728